Նիկոլը հերթական կաշան է ուզում սարքել
Վերլուծություն
Նիկոլը՝ Նիկոլ չէր լինի, եթե հերթական միջպետական այցի ժամանակ եւս «չխայտառակեր ռեսպուբլիկան»: Սոչիում արդեն օդանավից իջնելուց Նիկոլն առաջին անակնկալը մատուցեց: Երբ կնոջ հետ է նման այցերի գնում, լավ, էլի կարելի է մի կերպ հասկանալ, անգամ երբ կինը «մարզական» հագուկապով է: Բայց երբ մանկահասակ աղջկա հետ է ինքնաթիռից իջնում… Ինչ է, ուզում է Լուկաշենկոյի հե՞տ ոտք մեկնել, ով մի ժամանակ հաճախ էր որդու հետ տարբեր այցերի գնում: Թե՞ տիկին Աննան Բրյուսել էր գնացել, երեխային նայելու հոգսը հոր վրա էր մնացել. ով իմանա:
Հաջորդ սենսացիան ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլի պահվածքն էր: Միգուցե հանդիպումից առա՞ջ էր Նիկոլը հասցրել մեկ-երկու բաժան «գցել», թե՝ ինչ, սակայն նրա մի քանի արտահայտություններ զավեշտի աստիճան ողբերգական էին: «Ոչ միայն քննարկեցինք, այլեւ արդեն խոստացանք: Սա նշանակում է, որ դա պետք է արվի…»,- Լարսի թեմայի հետ կապված հանկարծ հայտարարեց Նիկոլը՝ դիմելով Միշուստինին: Այդպես լավ չէ, կարելի էր նաեւ ավելացնել՝ չանես, գլուխդ կջարդեմ, կամ ավելի լավ էր «քֆուր դնել» ու ավելացնել՝ չարեցիր, «շյոտչիկ» կմիացնեմ: Ամենամեծ զավեշտն այն էր, որ այսքանից հետո Նիկոլը դիմեց Միշուստինին. «Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է»: Բայց եթե կատարվում է, ինչո՞ւ է տեսախցիկների առաջ գրեթե սպառնում՝ «Դա պետք է արվի»: Ու երբ այս իրավիճակում հիշում ես Միշուստինի հայկական արմատների մասին, ավելի կոնկրետ, որ այդ գենետիկայով հասել է նման խոշոր պետության առաջնային դեմքերից մեկի մակարդակի, եւ փորձում ես համեմատել Հայաստան ներկայացնողի հետ…
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ
Չնայած, անցնենք հանդիպման բուն իմաստին: Թեեւ այցի հիմնական պաշտոնական նպատակը ԵՏՄ-ի վարչապետների նիստն էր, սակայն բուն իմաստը, ինչ խոսք, Միշուստինի հետ հանդիպումն էր: Եվ, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, այդ հանդիպման հիմնական թեման կոմունիկացիաների խնդիրն էր: Ամեն դեպքում, Միշուստինի խոսքի հիմնական ակցենտը հենց կոմունիկացիաների գերագործարկման վրա էր դրված. «Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության` մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում…»:
Իսկ ահա Նիկոլի ռեակցիան որոշակի մտքեր առաջացնում է. «Կարելի է ասել, որ վերջին հանդիպման ժամանակ բավականին շոշափելի առաջընթաց է նկատվել: Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, ուզում եմ եւս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային եւ տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները: Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ: Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն: Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում»:
Տարօրինակ պատկեր է ստացվում: Մի կողմից, Պուտին-Ալիեւ-Փաշինյան մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ կոմունիկացիաների վերագործարկման հարցում միայն տեխնիկական խնդիրներ են մնացել: Դրան հաջորդած փոխվարչապետների աշխատանքային խմբի հանդիպման արդյունքով էլ ներկայացվեց, որ եղած հարցերը հիմնականում լուծված են: Նիկոլն ինքն է խոսում այդ հանդիպման արդյունքում «շոշափելի առաջընթացի» մասին: Ու այսքանից հետո նա ասում է, թե՝ «մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել»: Ու դա հերիք չէ, անմիջապես էլ անցնում է «փոխզիջումային լուծում» տեսլականի՞ն: Եթե կա « փոխզիջումային լուծում», էլ ո՞րն է «մեր կոնկրետ առաջարկներից» խոսելու իմաստը, կամ էլ ի՞նչ «կոնկրետ լուծումների գալու» հույս է հայտնում Նիկոլը:
Նորից հերթական կաշա՞ն է սարքում: Հաշվի առնելով դեպի Հայաստան եվրոպացիների այն հոսքը, որն այս օրերին տեսնում ենք, իհարկե, հավանական է, որ Նիկոլը կգնա նոր կաշա սարքելու ուղղությամբ:
ԼՈՆԴՈՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Առավել եւս, երբ մինչ այս կոմունիկացիաների թեմային խառնվեց նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ պարզ ակնարկելով, թե Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից, որը սահմանված է Նիկոլի մատնանշած 9-րդ կետում: Ընդ որում, դրան Նիկոլի՝ Սոչի այցին զուգահեռ անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով. «Կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ պետք է լինի, եւ որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ ահա այսպիսի հայտարարություններ: Մենք ընտրում ենք առաջինը»: Ընդ որում, նա նաեւ ավելացրեց, որ կոմունիկացիաների թեման առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների կողմից. «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին: Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»: Կարճ ասած, թող ԱԽՔ-ը քիթն այդտեղ չխոթի: Բայց երբ դրան զուգահեռ Նիկոլն էլ իր հերթին է նման տարօրինակ, իրար հակասող մտքեր հնչեցնում, կարելի է մտածել, որ ԱԽՔ-ը հենց այնպես չէ, որ մտնում է այդ թեմայի մեջ:
Կա նաեւ մեկ նյուանս եւս: Այս օրերին Բրիտանիայում է հայաստանյան հերթական բարձրաստիճան պաշտոնյան, այս անգամ՝ Ալեն Սիմոնյանը: Ճիշտ է, նրան ՀՀ ԱԽՔ-ի օրինակով MI6-ում չընդունեցին, բայց դե էլի մի քանի հանդիպումներ ունեցավ: Եթե սրան ավելացնենք, որ բրիտանացի պաշտոնյաներն էլ են սկսել հաճախակի գալ Հայաստան, ապա այն տպավորությունն է, որ իսկական երկկողմ սեր է հայ-բրիտանական չինովնիկության մեջ ծագել:
Թե ինչու են նիկոլյան չինովնիկներն այսպես «կպել» Բրիտանիային, որն Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ ընկերն է, կարելի է հասկանալ: Այսպես, Ալենն այս այցի ժամանակ, մասնավորապես՝ ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանը նման միտք նշեց, որը հավելյալ անգամ բացատրում է, թե ինչու է Բրիտանիայի համար Հայաստանը դարձել այնքան հետաքրքիր, որ անգամ MI6-ի շեֆն է իր ծանր տեղը թողած, գալիս-հասնում մեր երկիր: Ըստ Ալենի. «Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արեւելքն ու Արեւմուտքը կապող երկիր…»:
Միանգամից շատ պարզ հարց է ծագում՝ իսկ Ալենն ի՞նչ նկատի ունի այդ արտահայտության տակ: Եթե խոսում է խաչմերուկից, ապա պետք է նաեւ ընդգծեր, որ միաժամանակ Հայաստանը նաեւ Հյուսիսն ու Հարավն է կապում: Սակայն այդ դեպքում Բրիտանիայում, բնականաբար, դա կընկալեին՝ որպես Իրանը Ռուսաստանի կապող օղակ: Եվ երբ Ալենը դա մի կողմ թողած, խոսում է բացառապես Արեւելքն ու Արեւմուտքը կապելու մասին, սա մեկ բան է նշանակում՝ օղակ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ «Զանգեզուրի միջանցք»: Ու հենց դա ընդգծելը, իհարկե, ընդամենը «լեզվի սայթաքում» կամ նման այլ բան չէր:
Նկատի ունենք, որ Բրիտանիան ամենեւին էլ նոր, կամ հետխորհրդային ժամանակաշրջանում չէ, որ փայփայում է Հայաստանի տարածքով «Արեւելքն ու Արեւմուտքը կապելու» ծրագիրը: Նման ծրագրեր Լոնդոնն ուներ դեռ 100 տարի առաջ եւ դրանից էլ շատ ավելի վաղ: Չստացվեց: Իսկ ահա MI6-ի շեֆի հիշատակված այցն էլ եկավ հուշելու, որ այս ժամանակաշրջանում «Արեւելքն ու Արեւմուտքը կապելու» ծրագիր Բրիտանիան տեղափոխել է ամենագործնական հարթություն: Իսկ եթե ավելի ռեալ նայենք, ապա այդ հետքերը կարելի է տեսնել ինչպես Նիկոլին իշխանության բերելու, այնպես էլ 44-օրյա պատերազմի միջոցով Արցախն Ադրբեջանին նվիրելու գործընթացի տակ: Ու այս ֆոնին՝ Ալենի հայտարարությունը նմանվում է նրան, որ նիկոլյան խունտան հավատարմորեն հենց այդ ծրագրին է հետեւում:
Կարելի է մտածել, որ փորձում են Լոնդոնին հանգստացնել, թե, չմտածեք, երբ ռուսների հետ կոմունիկացիաների մասին բանակցություններ ենք վարում, դրա տակ ձեզ «գցելու» նպատակ չկա, ընդհակառակը, դա կդառնա «Արեւելքն ու Արեւմուտքը կապելու» ծրագրի եզրափակիչ փուլերից մեկը: Այդ դեպքում կա նաեւ այն հարցը՝ Նիկոլի՞ հանձնարարությամբ, թե՞ Ալենն ու ԱԽՔ Արմենը Նիկոլին փորձում են վերջնական փակուղի մտցնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ