Վերջապես ո՞վ է վերահսկելու Մեղրիի երկաթուղին
Վերլուծություն
Արդեն ներկայացնելու առիթներ ունեցել ենք, որ ակտիվ փուլում է հայ-ադրբեջանական կոմունիկացիաների գործարկման թեման: Նաեւ, որ թեեւ ընդհանուր լավատեսական հայտարարություններին, սակայն մեկ էական հարց դեռ մնում է չբացահայտված:
ԲԱՔՈՒՆ ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑԵՑ
Նոյեմբերի 9-ի համաձայնագրով գործարկվող ուղիների եւ, մասնավորապես՝ Մեղրիի երկաթուղու հետ կապված սահմանված է, որ ռուսական կողմը պետք է վերահսկի անվտանգությունը: Մինչդեռ, սկսած այդ համաձայնագրի ձեռքբերման պահից ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ի համար կվերածվի հարավկովկասյան հարթակում խոշոր պարտության: Եվ այն, որ այս ամբողջ ժամանակահատվածում կար Վաշինգտոնից Նիկոլին ուղղված պահանջ՝ դա ոչ մի դեպքում թույլ չտալ, շատ է խոսվել: Ու հիմա, երբ կոմունիկացիաների հարցով խոսվում է՝ «մնացել են տեխնիկական որոշ հարցեր» մակարդակով, հենց նույն հարցն էր մնում՝ իսկ ռուսական անվտանգության վերահսկողության խնդիրը լուծվա՞ծ է: Դա, կրկնենք, ամենաառանցքային հարցն է, որի լուծման դեպքում, իրոք, մնացած հարցերն արդեն դառնում են տեխնիկական: Սակայն անգամ փոխվարչապետների խմբի մոսկովյան հանդիպումից հետո այդ հարցում հստակեցում չեղավ:
Մինչեւ որ նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը պարզ հայտարարեց. «Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու նպատակով… Հսկողություն, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից… Այս պահին քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար»:
Արագորեն հաջորդեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տրված արձագանքը, թե. «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»:
«Հսկողություն» եւ «ինքնիշխանության եւ իրավազորության ներքո» տերմինները, իհարկե, տարբեր հասկացություններ են, մեկը մյուսին չհակասող: Այսինքն, մասնավորապես Մեղրիի ճանապարհը կարող է լինել Հայաստանի «ինքնիշխանության եւ իրավազորության ներքո», բայց նաեւ՝ դրանով անցնող գնացքների նկատմամբ գործի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողություն: Ընդ որում, եռակողմ համաձայնագրի տրամաբանությունը հենց այդ համատեղումն էլ սահմանում է: Փաստաթղթում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»: Որպեսզի Հայաստանն ինչ-որ բան երաշխավորի, բնականաբար, դա պետք է գտնվի իր «ինքնիշխանության եւ իրավազորության ներքո», եւ դա չի խանգարում, որ սահմանվի նաեւ «ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողություն» սկզբունքը:
Տարօրինակ է նաեւ Գրիգորյանի գրասենյակի պնդումը, թե՝ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներում պայմանավորվածություն ձեռք չի բերվել»: Պայմանավորվածություն, կրկնենք, արդեն կա, դա ֆիքսված է նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, եւ ավելի ստորադաս կառույցը՝ փոխվարչապետների խումբը չի կարող նորից պայմանավորվել վերադասի հաստատածի հետ կապված:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ
Իրականում ամբողջ հարցը հետեւյալն է. կա՛մ կատարվում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների այդ կետը, կա՛մ նույն պաշտոնյաները՝ Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը փոխում են նախորդ պայմանավորվածության տեքստը, կա՛մ կողմերից մեկը հայտարարում է այդ փաստաթղթից դուրս գալու մասին: Այս երեքից ոչ մեկը չկա: Ավելին, բարձր մակարդակով վերջին եռակողմ հանդիպմանը, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ մնացել են տեխնիկական դետալների ճշգրտում, Ալիեւն ու Նիկոլը լռությամբ համաձայնեցին դրա հետ: Նաեւ նկատենք, որ «հսկողության» հարցը որեւէ կերպ հնարավոր չէ «տեխնիկական դետալ» համարել. դա, կրկնենք, ամենաառանցքային հարցերից է, եւ Պուտինի հայտարարությունից այն տպավորությունն էր, որ այդ խնդիրը լուծված է: Նույն տպավորությունն էր թողնում նաեւ Մուստաֆաեւի հայտարարությունը: Բայց ահա Գրիգորյանի գրասենյակը, երբ խոսում է, թե նման պայմանավորվածություն չկա, ավելի կոնկրետ, այդ հայտարարությունը ներկայացվում է այն տպավորությունը թողնելով, որ այն հակադրություն է Մուստաֆաեւի ասածին, ապա սկսում է նմանվել նրան, որ դեռ 2020թ. վերջերից Նիկոլի սկսած այդ արհեստական վեճը նորից բերվում է օրակարգ:
Թե ինչու, կարելի է հասկանալ: Բարձր մակարդակով մոսկովյան վերջին եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ուղղությամբ արեւմտյան չինովնիկության մի իսկական արշավ սկսվեց: Այն, որ դա կապված էր հենց կոմունիկացիաների հետ եւ, առաջին հերթին, որ այդտեղ որեւէ ռուսական հսկողություն չլինի, ենթադրություն ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Նաեւ, որ «երկու քարի արանքում» գտնվող Նիկոլը, ի տարբերություն Ալիեւի, իհարկե, չի կարող այդ ճնշումներին ուշադրություն չդարձնել: Եվ Գրիգորյանի ներկայացված ռեակցիան, թերեւս, հենց այդ մասին է ակնարկում:
ԻՆՉ ԵՂԱՎ ՍՈՉԻՈՒՄ
Բայց նաեւ չմոռանանք, որ մինչ այդ Նիկոլը Սոչիում էր, որտեղ հանդիպեց նաեւ ՌԴ նախագահի հետ, թեեւ ավելի վաղ նման առանձնազրույցի մասին չէր ասվում: Սոչիում պետք է լիներ հանդիպում ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, թեեւ ենթադրելի էր, որ քննարկման առանցքային թեմաներից էր լինելու նույն կոմունիկացիաների հարցը, նաեւ, որ հաջող բանակցությունների դեպքում կլինի նաեւ Պուտինի հետ հանդիպում: Իսկ Նիկոլն ավելի վաղ, հայտարարելով այս ամսվա ընթացքում Պուտինի հետ երկու հանդիպման սպասելիքների մասին, կարծես թե ակնարկում էր, որ Միշուստինի հետ բանակցությունները լինելու են հաջող:
Բայց ահա, Պուտինի հետ հանդիպումը թեեւ կայացավ, սակայն դրա միայն նախնական փոքր հատվածը դարձավ հրապարակային: Ընդ որում, այդ բաց հատվածում ֆիքսվեց, որ խոսքը ոչ թե ինչ-որ «հերթապահ» զրույցի, այլ շատ լուրջ հարցերի մասին է՝ երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի, տարածաշրջանային հարցերի. «Որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում»,- հայտնեց Պուտինը: Իսկ նախորդը հենց մոսկովյան եռակողմ հանդիպումն էր, որտեղ հիմնականում կոմունիկացիաների թեման էր: Ու վերջ, որեւէ այլ տեղեկություն չկա:
Այսպիսով, երբ դրան հաջորդում է Գրիգորյանի ակնարկը, թե ոչ մի պայմանավորվածություն էլ չկա, նշանակո՞ւմ է, որ Սոչիում կայացած Պուտինի եւ Նիկոլի հանդիպումը հենց այդ արդյունքն է առաջացրել: Բայց այդ դեպքում ի՞նչ էր երեք օր Նիկոլն անում ռուսաստաններում. Գրիգորյանը մի քանի օր շուտ կասեր նույն բանը, եւ վերջ:
Կամ միգուցե ամեն ինչ պայմանավորվել են, բայց հիմա Գրիգորյանը փորձում է օրինակ Արեւմուտքին համոզել, թե որեւէ բան չկա՞, թե Նիկոլը ձեր «գլխից չի՞ թռնում»:
Կոմունիկացիաների հետ կապ չունի, բայց երբ Նիկոլը արտոնություն է տալիս Հայաստանում, օրինակ, «Հայ-ռուսական կրթական ֆորում» եւ նման այլ բաներ կազմակերպել, կամ երբ Սյունիքում ակտիվ տեմպերով ընթանում է ռուսական հյուպատոսարանի հիմնումը, ապա այս ամենը մտածելու տեղ, իրոք, տալիս է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ