Ուկրաինական պատերազմի շրջադարձային իրողությունները
Վերլուծություն
Այն, որ այս օրերին աշխարհի հիմնական ուշադրությունը Ուկրաինայի վրա է, դժվար չէ հասկանալ: Իրադարձությունները, որոնք այս պահին տեղի են ունենում ուկրաինական ռազմաճակատներում, առանց չափազանցության, կորոշեն պատմության հետագա ընթացքը: Մասնավորապես, ինչպես քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք, նաեւ Հայաստան-Արցախի պատմության:
ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՆ ՓԱՍՏ Է
Նախ, ինչ է ներկա փուլում կատարվում ուկրաինական ռազմաճակատներում, եւ ինչ սպասելիքներ կան: Արդեն մեկ շաբաթից ավել ընթանում է այդքան երկար քարոզված եւ գովազդված ուկրաինական բանակի «հակահարձակումը», որ այս ժամանակահատվածը որոշ նախնական գնահատականների հնարավորություն տալիս է:
Հարձակումը ուկրաինական բանակը փորձեց իրականացնել երկու հիմնական եւ մի քանի երկրորդական հատվածներում: Նախ սկսեց գրոհել Զապորոժիեի եւ Դոնեցկի մարզերի կցման հատվածում, այսպես կոչված՝ Վերմենսկու ելուստում: Երկու օրվա անհաջողություններից հետո սկսվեց Զապորոժիեի Օրեխովո քաղաքի հատվածից էլ ավելի մասշտաբային գրոհները, ու էլի անհաջող: Ապա վերջին օրերին կրկին ակտիվացավ Վերմենսկու ելուստի ուղղությամբ հարձակումը, մեծ կորուստներով ուկրաինական ուժերը կարողացան գրավել երեք-չորս գյուղ, որոնք, ի դեպ, ռուսական ուժերը չէին էլ զբաղեցրել՝ տեղակայվելով այդ բնակավայրերին հարակից բարձունքներում: Նախօրեին այս ամենին հետեւեց ռուսների հակահարվածը, նախկին դիրքերը մասամբ հետ վերցրին:
Սրա հետ մեկտեղ ուկրաինական բանակը շարունակեց Բախմուտի ուղղությամբ հարձակումը, որը սկսել էր ավելի վաղ: Սակայն նորից այս հատվածում որեւէ էական հաջողություն չկա:
Ընդհանուր պատկերը սա է, մեկ շաբաթից ավելի ուկրաինական բանակը մի քանի ուղղություններով մեծ ու փոքր գրոհների է դիմում, սակայն բացի մեկ-երկու փոքր դրվագներից, ռուսական պաշտպանության առաջին գիծը մնում է անառիկ: Ավելին, շատ դեպքերում նույնիսկ առաջին գծին մոտենալ չեն կարողանում. ռուսական հրետանին եւ օդում բացարձակ գերիշխանություն ունեցող ավիացիան կանխում են հարձակումը դեռ նախնական փուլում: Թե այս պատկերին ինչ հետագա զարգացում կհաջողվի, իհարկե, դեռ սպասել է պետք՝ պատերազմի աստվածները շատ քմահաճ են: Սակայն այս նախնական փուլում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դետալներ, որոնք նաեւ գլոբալ վերլուծական կենտրոնների համար են մտածելու ամենալուրջ առիթ տվել: Այսպես, դեռ մինչ հարձակումը համաշխարհային մասշտաբի մի իսկական շոու սարքվեց ուկրաինական բանակին արեւմտյան սպառազինություն տալու մասին: Մի քանի ամիս պետությունների մասշտաբով վիճում էին՝ ծանր զրահատեխնիկա տան, թե՝ ոչ: Հետո Ֆրանսիան հայտարարեց ինչ-որ տանկեր տալու մասին, ապա ամերիկացիները խոստացան, թե «Abrams»-ներ կտա, բայց ուղարկեց «Bradley» ԲՄՊ-ների խմբաքանակ: Այս «օպերացիայով» Գերմանիայի «գլխին սարքեցին», որ նա իր փառաբանված «Leopard» տանկերը, այդ թվում՝ գործող ամենաարդիական «Leopard 2A6»-երը տա եւ արտոնի, որ այլ երկրներ եւս այդ տեխնիկան հատկացնեն: Դեռ այդ փուլում առիթ ունեցել ենք կարծիք ներկայացնել, որ այդ ողջ շոուն «քոռ կոպեկի» արժեք չունի, քանի որ այդ զրահատեխնիկան մասամբ համարժեք է ռուսական Т-72 կամ Т-80-ներին, լավագույնները՝ Т-90-ներին, այն էլ՝ ոչ ամենաժամանակակիցներին: Որոշ տեխնոլոգիական հետաքրքիր լուծումներ, իհարկե, «Leopard 2A6»-երի ու «Bradley A2»-ների մոտ կան, բայց ընդհանուր առմամբ, դա էական որակ չի փոխում: Ու չնայած այդ իրողությանը, մի այնպիսի մեծ շոու էր սարքվել, որ այդ զինատեսակները հրամցվում էին որպես ժամանակակից զրահատեխնիկայի «վերջին ճիչ», իսկական «հրաշք», որոնք հենց հասնեն ռուսական դիրքերին, առանց կանգ առնելու կշարժվեն մինչեւ Ղրիմ կան ռուսական այլ հատվածներ: Պաշտոնական Կիեւը ներկայացնող որոշ քարոզիչներ, անգամ՝ պաշտոնյաներ արդեն Մոսկվա մտնելու պլաններից էին խոսում…
Ու իրողությունն այն է, որ թեեւ արեւմտյան «հրաշքի» այդ բոլոր նմուշները մարտադաշտ հասան, սակայն ռուսական պաշտպանության անգամ առաջին գիծը, որը սովորաբար ամենաթույլն է լինում, ճեղքված չէ: Ավելին, արձանագրվեց նաեւ դեպք, երբ մարտադաշտ հասած «ամենամեծ հրաշք» «Leopard 2A6»-ը ոչնչացվեց՝ անգամ չհասցնելով մեկ արկ արձակել: Ավելին, Օրեխովոյի ուղղությամբ մեկ փոքրիկ հատվածի արդեն հասցրել են «Bradley»-ների գերեզմանոց անունով կնքել. տասնյակից ավել մեքենաներ հենց այդ հատվածում ոչնչացվել են:
Իհարկե, Օրեխովոյի հատվածում դեռ ուկրաինական նկատելի ուժեր կան. տարբեր տվյալներով մոտ 8 բրիգադ եւ 200 տանկ: Իհարկե, դեռ «Leopard»-ների, «Bradley»-ների եւ արեւմտյան մնացած ողջ զինտեխնիկայի զգալի մասը շարքում է, եւ այդ ամբողջ ուժը դեռ միգուցե կարող է եւ ճակատը ճեղքել կամ, ինչպես այս օրերին խոսվում է, հիմնական հարվածը տեղափոխել Խերսոնի ուղղություն. իրադարձություններից առաջ չանցնենք: Վերջապես, ռուսական բանակը, ինչպես բոլոր պատերազմներում, նախնական փուլում իր բազում սխալներն ու թերություններն ունի, այս պահին կարող է նման հաջողություններից հետո էլի սխալներ թույլ տալ. դեռ շարունակվում է այն վերակառուցման փուլը, որից հետո ռուսներին, որպես կանոն, կանգնեցնելը դժվար է: Սակայն այս պահին, կրկնենք, առանցքային է այն փաստը, որ ՆԱՏՕ-ական տեխնիկան ամենեւին էլ այն սարսափազդու ուժը չէ, ինչպիսին ներկայացնում էին: Ի դեպ, այս առումով մեկ էական դետալ. մարտերի հենց առաջին օրը ուկրաինացի տանկիստները պարզապես լքեցին ֆրանսիական այն առաջինը տրամադրված տանկերը՝ դրանով ցույց տալով, որ դրանք ընդամենը անպետք զենքեր են: Ավելին, արդեն նաեւ պաշտոնապես է հաստատվել, որ ռուսական ուժերը, ոչնչացնելուց զատ, նաեւ գրավված «Leopard 2A6»-ի եւ «Bradley A2»-ի նմուշներ ունեն, այսինքն՝ դրանց տեխնոլոգիաները, ուժեղ եւ թույլ կողմերը արդեն ռուսների սեփականությունն է: Վերջապես, թեեւ ամերիկացիները հեռատեսորեն «Abrams»-ներ չտվեցին Ուկրաինային, սակայն դա նույնիսկ հեղինակությանը հասցված ավելի վատ հարված դարձավ: Հիմա բոլոր վերլուծաբանները միաբերան պնդում են, որ ամերիկացիներն «Abrams»-ները չտվեցին, քանի որ էն գլխից էին հասկանում, որ դրանք միգուցե գերմանական «Leopard»-ներից էլ վատ վիճակում կհայտնվեն:
ԻՆՉ Է ՖԻՔՍՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ
Այսպիսով, ուկրաինական «հակահարձակումը» դեռ նոր է թեժանում, բայց արեւմտյան անվտանգային եւ փորձագիտական կենտրոններն արդեն իսկ մտածելու շատ բան ունեն:
Նախ, ՆԱՏՕ-ական ամենաժամանակակից սովորական սպառազինությունը, մեղմ ասած, իրեն չարդարացրեց: Ու սա այն դեպքում, երբ, ինչպես նաեւ Պուտինը օրերս ֆիքսեց, Ռուսաստանը դեռ նոր է սկսում սեփական ժամանակակից տեխնիկայի մասսայական արտադրության անցումը: Ու եթե «Leopard 2A6»-երը չեն կարող ոչինչ անել այս պահին ռազմաճակատներում գտնվող ռուսական առավելագույնը Т-90-ների հին նմուշների դեմ, ի՞նչ են անելու նորագույն, ուկրաինական պատերազմի փորձը հաշվի առնելով մոդեռնիզացված նմուշների դեմ: Մինչդեռ ռուսները Т-90-ների ամենաժամանակակից նմուշներից էլ առաջ ընկած Т-14 «Արմատաներ» ունեն, աշխարհում երրորդ սերնդի միակ տանկը, որն այս ընթացքում միայն փորձնական նպատակներով է ռազմական գործողությունների մեջ ներառվել եւ այդ փորձին համապատասխան նորամուծություններ է ստանում:
Երկրորդը. ՆԱՏՕ-ական մի շարք ժամանակակից զինատեսակներ, այդ թվում՝ տանկեր, հրետանա-հրթիռային համակարգեր ռուսները գրավեցին եւ տիրապետում են այդ տեխնոլոգիաներին: Այսինքն, դեռ անգամ ռուսների հետ ուղիղ բախման մեջ չմտած, ՆԱՏՕ-ն արդեն ունի իր տեխնոլոգիաների մի զգալի մասը արդիականացնելու խնդիր, որի համար մեծ ծախսեր, եւ որ այս իրավիճակում շատ կարեւոր է, ժամանակ է պահանջում: Ու եթե մինչ այս խուսափում էին ուկրաինական հարթակում ռուսների հետ ուղիղ բախման հեռանկարից, հիմա պետք է ամեն բան անել՝ դա թույլ չտալու համար: Ու սա արդեն նաեւ քաղաքական գործոնի է վերածվել:
Երրորդը. իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հակահարձակումը վերջնականապես ձախողվի: Զապորոժիեն ներկայումս աստիճանաբար վերածվում է երկրորդ «Բախմուտի մսաղացի»՝ անգամներով ավելի մեծ մասշտաբով: Ձախողման դեպքում Ուկրաինան այլեւս բանակ կունենա՞, որ փորձի անցնել պաշտպանության: Եթե ոչ, ու հարձակման անցնեն ռուսները, որոնք դեռ իրենց հիմնական ուժերը մի շարք ուղղություններում (օրինակ՝ Բելառուսում, Խարկովի հատվածում) դեռ մարտադաշտին չեն էլ մոտեցրել, ապա ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:
Վերջապես, ՆԱՏՕ-ական զինտեխնիկայի եւ ուկրաինական հակահարձակման այս վիճակը տեսնում եւ գնահատում են ողջ աշխարհում: Այդ թվում, օրինակ, Չինաստանը, Հնդկաստանը, կամ որ մեզ համար է շատ կարեւոր, Իրանը, Թուրքիան եւ այլն: Դեռ մի կողմ թողնենք զենքի համաշխարհային շուկա եւ այդ կարգի հասկացությունները (ամեն դեպքում, փաստ է, որ «Leopard»-ներն արտադրող «Rheinmetal» ընկերության բաժնետոմսերը նվազում են պայթյունային տեմպերով): Շատ ավելի լուրջ է փաստը, որ իրերի նման վիճակը նման երկրներին էլ ավելի է տրամադրում ՌԴ-ի հետ համագործակցության կամ գոնե՝ սուր հակամարտություններից ձեռնպահ մնալու հարցում: Գումարած, եթե Ուկրաինան այդպես էլ չկարողանա որեւէ ծանրակշիռ հաջողություն արձանագրել, ապա նման տրամադրությունները կարող են արագորեն տարածվել նաեւ եվրոպական երկրների մոտ: Օրինակ, գերմանացիները սկսել են հիշել, որ դեռ 80 տարի առաջ էին «Հովազների» վերացված իրենց «Վագրերն» էին նույն կերպ վառվում ուկրաինական տափաստաններում, ու հետո ռուսները հասան Բեռլին. վախեցնող հուշեր:
Մի խոսքով, Արեւմուտքի համար բավականին տխուր վիճակ է ստեղծվում: Պետք է որ Ուկրաինան շտապ, ամենաուշը մի ամսում, մինչեւ ՆԱՏՕ-ի սպասվող գագաթաժողովտ հաջողություն արձանագրի, բայց այդպես էլ որեւէ հաջողություն դեռ չի նշմարվում: Իսկ եթե այսպես շարունակվի, դա արդեն կնշանակի իրավիճակի անշրջելի փոփոխություն աշխարհով մեկ. արդեն անգամ ողջ աֆրիկյան առաջնորդներն են բացահայտ խոսում դոլարից հրաժարվելու մեծ ցանկության մասին, իսկ Սուեզը հսկող Եգիպտոսը հասցրել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` Մոսկվայից աջակցության խոստում, ստանալով:
Քերոբ Սարգսյան