Լոնդոնից վերադարձած Ալենը փակագծեր բացեց
Վերլուծություն
Այն, որ ուկրաինական ներկա իրադարձություններին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258087&l=am) ուշադիր հետեւում են ոչ միայն Ալիեւն ու Նիկոլը, այլ նաեւ՝ Էրդողանը, երեւի երկրորդ կարծիք լինել չի կարող: Երեքն էլ պետք է վերջնականապես կողմնորոշվեն՝ ի՞նչ հարաբերություններ են կառուցում ՌԴ-ի եւ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ, եւ այդ հարցի պատասխանը հենց այս օրերին եւ, թերեւս, առաջիկա մեկ ամսվա ընթացքում տրվում է ռազմադաշտում:
Էրդողանի՝ Բաքու կատարած այցի հիմնական թեմաներից մեկը, անշուշտ, հենց ՌԴ-ի հետ հարաբերություններին էր վերաբերում: Դա, հասկանալի է, միայն մասամբ հրապարակային հարթություն դուրս եկավ, սակայն դա էլ բավական էր տպավորության համար, որ կուլուարային քննարկումներում այս հարցը ամենաառանցքայիններից պետք է որ լիներ:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա կարծես թե այդպես էլ չի «կողմնորոշվում» ռուսների հետ հարաբերություններում հիմնական դիրքեր դուրս եկած մեկ էական հարցի շուրջ: Խոսքը՝ կոմունիկացիաների գործարկման դեպքում ռուսական վերահսկողության լինել-չլինելու մասին է, որին անդրադառնալու առիթներ արդեն ունեցել ենք: Եվ տպավորությունն այն է, որ նիկոլյան շրջանակներում այն կարգի հակասական վիճակի են հասել, որ միայն անհոդաբաշխ, իրար հակասող բացատրություններ են կարողանում գտնել: Օրինակ, ՔՊ-ական ոչ շարքային պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատասխանելով հարցին, թե ճանապարհների ապաշրջափակումից հետո՝ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը արդյոք վերահսկելո՞ւ են ռուս սահմանապահները, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, «ընկավ պապերի բոստանը», թե. «Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք՝ ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ: Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից, այսինքն՝ յուրիսդիկցիայից դուրս ճանապարհներ Հայաստանում չեն լինելու»: Պատգամավորին հիշեցնենք՝ այս հարցի հստակ պատասխանը նաեւ ռուսներն են տվել՝ ոչ մեկը չի խոսում ՀՀ իրավազորությունից դուրս գտնվող ճանապարհի մասին, ու հենց դա էլ սահմանված է նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով: Նաեւ, որ Հայաստանի իրավազորութան տակ գտնվող ճանապարհով անցնող բեռների նկատմամբ պետք է լինի ռուսների վերահսկողությունը: Ու միայն երկար ծամծմելուց հետո նա հասավ այն «հանճարեղ բացահայտմանը», թե՝ հսկողությունը կարող է վերաբերել ճանապարհի, բեռների անվտանգությանը: Լավ, իսկ ո՞վ է այլ բան ասում:
Իսկ ահա Եղոյանի ղեկավարը՝ Լոնդոնից նոր վերադարձած Ալեն Սիմոնյանը այլ կերպ է պատկերացնում վիճակը: Ըստ նրա, հայկական տարածքի հետ կապված, հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն կլինի: Որպես բացատրություն՝ նա նշում է, թե. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են»: Այսպիսով, Ալենն ուզում է ասել, որ իրենց իշխանությունը պատրաստվում է խախտե՞լ նույն համաձայնագրով սահմանված՝ ռուսական վերահսկողության մասին դրույթը: Ամեն դեպքում, ակնարկն առավել քան թափանցիկ է, ու կարելի է մտածել, որ լոնդոնյան այցն այս հարցում պետք է որ իր դերն ունեցած լինի:
Առավել եւս, հաշվի առնելով ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի երեկ ներկայացրած այն տրամաբանությունը, որ Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանից դուրս բերելու գործընթաց. «Եվ դա արվում է՝ շատ լավ օգտագործելով միջանցքի առումով հայ հասարակության մեջ միանշանակ բացասական վերաբերմունքը, եւ դրա քողի ներքո պատրաստակամություն հայտնելու իրենց վրա վերցնելու սահմանների վերահսկողությունը: Ես չեմ զարմանա, որ այդ համաձայնությունից շատ կարճ ժամանակ անց պայմանագրային հիմունքներով այդ երկաթգծի վերահսկողությունը հանձնվի արեւմտյան ընկերություններին եւ օտար ուժերի մուտք արվի Հայաստան, նաեւ ԵՄ դիտորդներին վերափոխելով ՆԱՏՕ-ին ռազմական ներկայության. դա շատ հեշտ է արվելու, հաշվի առնելով ԵՄ դիտորդների այն մանդատը, որով նրանք այսօր գտնվում են Հայաստանում»:
Այն, որ նիկոլյան խունտայի՝ իշխանության գալու եւ այս տարիների գործունեության հիմքում հենց այդ տրամաբանությունն է դրված, բազում անգամներ է խոսվել: Սակայն այս պահին խնդիրն այլ է. ուկրաինական բանակի ներկա հակահարձակման ձախողման դեպքում նույն Ալենը, եթե մի քանի անգամ էլ Լոնդոն գնա ու գա, կարո՞ղ է նույն տրամաբանությունն առաջ տանել: Հա, չմոռանանք. տեսնես Ալենը Լոնդոնում Նորին մեծության հավատարիմ ծառա Արմեն Սարգսյանին հանդիպե՞ց...
Չնայած, այն հաճախակի այցերը, որոնք Նիկոլը վերջին ժամանակներս իրականացնում է Ռուսաստան, իհարկե, գալիս են հուշելու, որ նման շրջադարձային իրավիճակի մասին նա եւս մտածում է՝ փորձելով պատրաստ լինել: Առավել եւս, որ Ալիեւը հորդորում է` ակտիվացնել «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Իսկ Ալիեւի ենթական, չմոռանանք, դրանից առաջ ռուսական վերահսկողության մասին էր խոսում...
Բայց, կարծես թե վերջնական լուծումներին քիչ ժամանակ է մնացել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ