Տարածաշրջանային «խաչմերուկի» աղետաբերությունը Նիկոլը բազմապատկեց
Վերլուծություն
Նախօրեին Նիկոլի ունեցած ելույթը, իհարկե, կարելի է համարել բազմիմաստ: Նկատի ունենք հարցը, թե ինչ խնդիրներ էր դրանով նա հետապնդում:
ՈՂՋ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ Է
Ելույթում, իհարկե, գերիշխողը ինքնամաքրման տեսլականն էր: Սակայն դրանից զատ, կարելի էր տողատակերում կարդալ նաեւ մի շարք մեսիջներ՝ ուղղված ինչպես Հայաստանի ներքաղաքական դաշտին, այնպես էլ՝ գլոբալ խաղացողներին: Նախ, եթե ընդհանրացնում ենք 44-օրյա պատերազմին եւ զինադադարին վերաբերող նրա խոսքը, տպավորությունը սա է՝ հիմնականում Պուտինն է դեռ նախնական փուլից հետեւողականորեն բանակցել, որը հասցրել է զինադադարին: Ընթացքում էպիզոդիկ միջամտել է Մակրոնը, ապա նաեւ՝ ամերիկյան պետքարտուղարությունը, բայց առանց որեւէ արդյունքի: Այսինքն, երբ կոնկրետ պահերի ռուսական միջնորդությունը զինադադարի հնարավորություն է ստեղծել, անմիջապես մեջ են մտել արեւմտյան խաղացողները, եւ ցուցաբերելով զրոյական արդյունավետություն (այդ միջամտությունների մասին Նիկոլը հայտարարեց, որ անգամ կարճ հրադադար չի եղել), բայց նաեւ կոնկրետ պահերի կանգնեցրել են ռուսական միջամտությունը, որից հետո ամեն անգամ Ալիեւը փոխել է պահանջները:
Միաժամանակ Նիկոլը պարզ հասկացրեց, որ ի սկզբանե ռուսներն առաջարկում էին հայտնի «5+2» սխեմայի շրջանակներում զինադադարը, որը, հիշեցնենք, ենթադրում էր ողջ շփման գոտում ռուսական խաղաղապահների տեղակայում, նաեւ այդ տրամաբանությամբ Հորադիզ-Մեղրի-Նախիջեւան- Երասխ երկաթուղու վերագործարկում (որը, Շուշիի հետ միասին, Նիկոլը ներկայացրեց, որպես իր համար «կարմիր գիծ»), ու դատելով այդ գործընթացի ողջ տրամաբանությունից, հենց երկաթուղու թեման էր, որն Արեւմուտքին դրդում էր՝ արհեստական մեթոդներով կանգնեցնել ռուսական միջնորդությունը:
Կարող ենք նաեւ ավելի հետ գնալ՝ հիշեցնելով, որ «5+2»-ի սխեման եւ դրա շրջանակներում՝ երկաթուղու վերագործարկման հեռանկարը՝ ռուսական ինչ-որ տարբերակով վերահսկողությամբ, Արեւմուտքն արգելափակում էր նաև 44-օրյա պատերազմից առաջ (օրինակ՝ տխրահռչակ Բոլթոնի՝ 2019թ. այցը Հայաստան եւ Ադրբեջան): Եվ արգելափակում է մինչ օրս. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Նիկոլն ինչքան էլ, որ իր հնչեցրած երկու «կարմիր գիծը» հատեց՝ Շուշի հանձնման եւ գործարկվելիք երկաթուղում ռուսական վերահսկողության տակ ստորագրելով, այնուամենայնիվ մինչ օրս էլ երկաթուղու հետ կապված արեւմտյան ակնհայտ ճնշումը նրա վրա կա, եւ հարցն առ այսօր մնացել է օդից կախված:
Այս ամենը, ի դեպ, ակնհայտ էր շատ ավելի վաղ, դեռ այն ժամանակ, երբ շրջանառության մեջ մտավ, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը ցույց տվեց, որ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն գաղափարը եւ դրա տրամաբանության մեջ՝ հարավկովկասյան կոմունիկացիաների գործարկման մեխանիզմը ռուսները ակտիվորեն առաջ են տանում, եւ ինչքան էլ, որ Մինսկի խմբում ներգրավված արեւմտյան կողմերը այդ հարթակում նախաձեռնությունը տվել են ռուսական կողմից, սակայն պատրաստվում են այլ մեխանիզմներով հասնել դրան հակադրվող Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա արեւմտյան թեքմամբ միջանցքի ստեղծմանը: Եվ գրեթե կասկած չի հարուցում, որ «այլ մեխանիզմներ» ասվածի տակ պետք է նաեւ հասկանալ ինչպես 44-օրյա, այնպես էլ՝ ապրիլյան պատերազմը: Ու դժվար չէ նաեւ նկատել, որ նույն պայքարը ընթանում է հենց հիմա: Կոնկրետ այն պահից, երբ Ալիեւը սկսեց խոսել «Զանգեզուրի միջանցքից», Նիկոլն էլ աստիճանաբար հետ քաշվեց Մեղրիում ռուսական վերահսկողության գաղափարից:
Մի խոսքով, Նիկոլի ողջ ելույթով կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ խոշոր խաղացողների համար արցախյան ուղղությամբ հիմնական պայքարը, դեռ «Մեղրիի փոխանակման տարբերակի» ժամանակներից (իրականում էլ ավելի վաղ) հիմնականում ընթացել է Մեղրիի հատվածում երկաթուղու վերահսկողության, այն է՝ արեւմտյան՝ «Արեւելք-Արեւմուտք» եւ ռուսական՝ «Հյուսիս-Հարավ» սխեմաների միջեւ: Ընդ որում, նույնը կարելի է նկատել նաեւ Նիկոլին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի տված պատասխանի տողատակերում. «Քի Վեսթի 2001 թվականի փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին: Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե` միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա…»: Այսինքն, Արեւմուտքը պատրաստ էր անգամ ողջ Արցախը, Լաչինը տալ Հայաստանին, հանուն Մեղրիի երկաթուղու, ինչքան էլ դրա անունը դնես ճանապարհ, միջանցք, «Զանգեզուրի միջանցք» թե այլ բան. էականը քաղաքական վերահսկողությունն է:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով, Նիկոլը, նոր բան չասելով, այնուամենայնիվ, համախմբված տեսքով, նաեւ խոսքի տողատակերում, կամա թե ակամա, ներկայացրեց խնդրի բուն էությունը՝ բուն կռիվը «Արեւելք-Արեւմուտք» եւ «Հյուսիս-Հարավ» սխեմաների միջեւ է: Նաեւ, որ դրա հանգուցալուծումը կդառնա նաեւ հանգուցալուծում մնացած ամեն ինչի համար: Իսկ հանգուցալուծում ասվածը նշանակում է աշխարհաքաղաքական վերահսկողություն: Ու նորից գալիս ենք այն հարցին, թե ինչո՞ւ էր պետք հենց այս պահին այդ ամենն ի ցույց դնել:
Չնայած, այս վերջին հարցի պատասխանը եւս աչքի առաջ է: Դեռ մինչ Նիկոլի այդ ելույթը քանիցս կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք, որ այս պահին Նիկոլը այդ նույն այլընտրանքային ուղղությունների՝ «Արեւելք-Արեւմուտքի» եւ «Հյուսիս-Հարավի», ժամանակակից անվանումներով՝ ամերիկյան «խաղաղության պայմանագրի» եւ ռուսական կոմունիկացիաների վերագործարկման ծրագրի հարցով ամենասուր ճնշումների տակ է, ավելին` արդեն անգամ մանեւրելու ժամանակ չի մնացել, պետք է կոնկրետ ընտրություն կատարել: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ բացի արտաքին ճնշումներից, նաեւ ներհայաստանյան, արցախյան, սփյուռքի ուղղությամբ ունի լուրջ խնդիրներ՝ վիլայեթի տարբերակը պարտադրելու համար:
Այնուամենայնիվ, երկու ուղղությամբ էլ Նիկոլը բանակցությունները շարունակում է: Այսպես, երեկ նա հայտնեց, որ Միրզոյան Արոն մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հաջորդ շաբաթ տեղի կունենա Բայրամովի հետ հանդիպումը, որը մեկ անգամ արդեն հետաձգել էին: Ըստ Նիկոլի. «Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրը…»: Սակայն, թեեւ Վաշինգտոնը հասավ ընդհուպ՝ Արցախին բացահայտ կերպով «հակաահաբեկչական օպերացիայով» սպառնլուն, սակայն «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» հեռանկարներն այդպես էլ դեռ չեն երեւում: Իհարկե, կարելի է Արայիկին պարտադրել, թե՝ գնա, բանակցի: Բայց հատկապես Արցախում բոլորն են հասկանում, որ հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնից հայտարարեցին, թե Ալիեւը կարող է արցախահայությանը «համաներել», «ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հիմնախնդիր» ասվածը կհասնի նրան, որ այդ «անվտանգությունը» կերաշխավորվի Ադրբեջանի Սահմանադրությունով, այսինքն՝ որեւէ ռեալ մեխանիզմ Արեւմուտքը չի առաջարկում: Մնում է էլի հույսները կապել խաղաղապահների հետ, ինչքան էլ, որ նրանց «ոտքերի տակ սապոն դնողների» պակաս նաեւ Արցախում չկա: Ընդ որում, խաղաղապահները ունեն մնալու կոնկրետ ժամկետ, եւ ծայրահեղ դեպքում, Մոսկվան պարզապես չի ճանաչի Արայիկի լիազորություններն ու նրա բանակցածը, եւ վերջ: Ու քանի դեռ այս հարցը լուծված չէ, իրատեսական չէ նաեւ, որ Վաշինգտոնում նաեւ այս հերթական հանդիպման ժամանակ ինչ-որ վերջնական հայտարար կլինի:
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Բայց արեւմտյան ուղղության հետ մեկտեղ շարունակվում է նաեւ ռուսական ուղղությամբ գործընթացը: Իսկ այս առումով նախօրեին փոխվարչապետների եռակողմ խմբում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը բավականին հետաքրքիր հայտարարություն հնչեցրեց: Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ինչ է լինելու երկաթուղու գործարկման դեպքում դրա հսկողության հարցի հետ, նա նշեց. «Նախ եկեք խոսնք ՖՍԲ-ի (ФСБ РФ- հեղ.) կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք ֆիքսում եք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Երկրորդը` գործառույթի իրականացման մասով, գործառույթի իրականացման ձեւի մասով դեռեւս քննարկումներ պետք է լինեն»: Սրանով արդեն Գրիգորյանը, կամա թե ակամա, ավելորդ անգամ հաստատում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կոմունիկացիաների գործարկման մասին 9-րդ կետի հետ ռուսական ՖՍԲ-ն, թե դրա մաս կազմող սահմանապահ զորքերն ուղիղ առնչություն ունեն: Ընդամենը դեռ պետք է քննարկել «գործառույթի իրականացման ձեւը», այն է, թե ինչպես պետք է գործնական տեսք ունենա 9-րդ կետում ներառված «ՖՍԲ-ի հսկողություն» տերմինը: Այսինքն, եթե հայաստանյան որոշ ոչ կոմպետենտ պաշտոնյաներ պնդում էին, թե պետք եղավ` 9-րդ կետը չենք կատարի, կամ նույնիսկ, որ 9-րդ կետը ոչ մի վերահսկողություն առհասարակ չի սահմանում, ապա այս հարցով հայաստանյան միակ կոմպետենտ պաշտոնյան՝ Մ.Գրիգորյանը հաստատում է, որ նման դրույթ կա, եւ ընդամենը պետք է դրա վերջնական տեսքի, մեխանիզմի մասին կոնսենսուսի գալ: Նաեւ, որ դրանով հանդերձ էլ, երկաթուղին պետք է մնա հայաստանյան օրենսդրության դաշտում, որը, ի դեպ, ի սկզբանե էլ որեւէ կերպ չէր հակասում նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետին, եւ այս ամենի մասին փոխվարչապետների խմբում կա «վերջնական ընկալում»:
Պատահակա՞ն էր, որ այս մասին Գրիգորյանը խոսեց Նիկոլի ելույթի հենց հաջորդ օրը: Սա կարո՞ղ է լինել, մեսիջ, որ Նիկոլը պատրաստ է ինչ-որ տարբերակով ռուսական վերահսկողության մեխանիզմին: Իհարկե, Նիկոլն արդեն այնքան է այս կողմից այն կողմ նետվել, որ նման տարբերակը, եթե այս պահին հնարավոր է թվում, վաղը կարող է հիմքից փոխվել:
Բայց մյուս կողմից, երբ հասավ նրան, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը կապեց «Մեղրիի տարբերակին», ներկա տերմինաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցքին» դեմ գնալու հետ, որը ամերիկացիներին ուղղված ծանր մեղադրանք է, ապա այս ընդհանուր ֆոնն էլ ավելի հետաքրքիր է դառնում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ