Ուկրաինական հակահարձակումից օգտվում է Ադրբեջանը
Վերլուծություն
Արդեն շուրջ 10 օր տեւող ուկրաինական հակահարձակումից օգուտներ է քաղում ոչ թե Ուկրաինան, որի բանակը պարզապես կոտորվում է Զապարոժիեի տափաստաններում, եւ ոչ էլ Ռուսաստանը, որը, բնականաբար, նույնպես կրում է կորուստներ: Անգամ այդ հակահարձակումից չեն օգտվել ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, որոնք հսկայական ներդրումներ են արել, որպեսզի ուկրաինական հակահարձակումը հասնի նպատակին, սակայն միջոցները փոշիացան, իսկ որեւէ շոշափելի արդյունք այդպես էլ չեղավ: Միակ երկիրը, որը օգտվեց այդ իրավիճակից Ադրբեջանն է, որը այդ ընթացքում ամենալկտի կերպով վերջնականապես փակեց Բերձորի միջանցքը, ընդ որում ոչ միայն հայերի առջեւ, այլ նաեւ ռուսների համար: Ադրբեջանը թույլ չի տալիս ռուսներին մատակարարել անգամ իրենց խաղաղապահ ուժերի զորախմբին եւ ոչ միայն զենք-զինամթերքով, այլեւ անգամ սննդամթերքով:
Ըստ էության, Բերձորի միջանցքում իր կամայականությունների աստիճանը էլ ավելի բարձրացնելով Ադրբեջանը էլ ավելի է ստորացնում Ռուսաստանի վարկանիշը: Ռուսները զբաղված լինելով ուկրաինական հակահարձակումով եւ այդտեղ կենտրոնացնելով իրենց բոլոր հնարավորությունները ու ուժերը հասկանալի է, որ չեն ցանկանում Ադրբեջանի դեմ կոշտ քաղաքականություն վարել: Եվ հարցը ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաեւ վերջինիս թիկունքում կանգնած Թուրքիան: Հասկանալի է, որ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Զախարովայի կոչերը Ադրբեջանին դադարեցնել Արցախի շրջափակումը, բացել Բերձորի միջանցքը եւ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի պահանջները , որտեղ, ի դեպ, Ռուսաստանը հանդիսանում է միջնորդ եւ երաշխավոր ոչինչի չեն բերի:
Ադրբեջանը այս ընթացքում գնալով ավելի ու ավելի է լկտիանում: Հայտնի է, որ Ալիեւը իրեն թույլ է տալիս այնպիսի արարքներ եւ գործարքներ, որոնցից նախկինում խուսափում էր: Օրինակ` հունիսի 1-ին Քիշնեւում նա ջերմագույն հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, վերջինիս շռայլելով աջակցության խոստումներ: Այդ խոստումները վերահաստատեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հունիսի 21-ին Լոնդոնում անցկացվող «Ուկրաինայի վերականգնողական կոնֆերանսի» շրջանակում, որ Ադրբեջանը Ուկրաինային կտրամադրի ավելի քան 10 մլն դոլար: Ադրբեջանից հետ չի մնում նաեւ իր ավագ եղբայր Թուրքիան, որի արտգործնախարար նորանշանակ Հական Ֆիդանը հայտարարեց, որ «մենք այսօր այստեղ ենք Ուկրաինային մեր աջակցությունը ցուցադրելու համար»: Նա նաեւ նշեց, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը անսասան է: Եթե սրան գումարենք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Ուկրաինային մատակարարվող զնենք-զինամթէերքը եւ այդ երկրներից ռուսների դեմ կռվող մի քանի հազար վարձկաններին, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի հակառուսական ուղղվածությունը էլ ավելի արտահայտիչ կդառնա: Նշենք նաեւ, որ օրերս Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարեցին, որ տրամադրված է վերահսկել օդային տարածքը Էգեյան ծովից մինչեւ Կասպից ծով: Այդ ծրագիրը, որը կոչվում է HAKIM ներկայացրեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուկ Գյորգյունը: Նա նշեց, որ վերոհիշյալ ծրագիրը թույլ կտա երկու դաշնակից երկրներին իրականացնել օդային տարածքի վերահսկողությունը ինքնաթիռների, անօդաչու սարքերի եւ զենիթահռթիռային համակարգերի միջոցով: Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սրանով մխրճվում է Ռուսաստանի վերոհսկողության ոլորտ: Չէ՞ որ Հայաստանն ու Ռուսաստանը ժամանակին ստեղծել էին ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ:
Մի խոսքով, ինչքան շատ է Ուկրաինան գրոհում Զապարոժիեում, այդքան շատ են լկտիանում Ալիեւան ու Էրդողանը: Սակայն զարմանալի է, որ ոչ միայն ռուս պաշտոնյաները ու պատգամավորները, ովքեր շատ հաճախ եւ շատ տեղին քննադատում են Փաշինյանին, այլ նաեւ ռուսական ԶԼՄ-ներով հանդես եկող քաղաքագետներն ու փորձագետները, որոնք առիթը բաց չեն թողնում ` կրկին տեղին, զրգնուն ապտակ հասցնել Փաշինյանին, շրջանցում են Ալիեւի թեման: Ավելին, երբ Ալիեւը ի տարբերություն ԱՊՀ երկրների այլ ղեակվարների չմեկնեց Մոսկվա` Մայիսի 9-ի հաղթանակի շքերթին մասնակցելու համար, պատճառաբանելով, թե հաջորդ օրը իր հոր ծնունդն է, ռուսական ԶԼՄ-ներում ոչ միայն չենթարկվեց քննադատության, այլ մի բան էլ ռուսական կենտրոնական ալիքների գլխավոր նորություններում հնչում էր Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա թեման Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի թեմային գրեթե հավասար: Ավելին, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որը փառաբանում էր Հեյդար Ալիեւին: Իհարկե, նման սիրաշահման քաղաքականությունը միայն ոգեւորում է Ալիեւին իր հակառուսական գործունեության մեջ:
Այդ ֆոնին, ինչպես միշտ շատ ճարպիկ են գործում արեւմտյան կառուցյները, որոնք դատապարտում են Ալիեւի ռեժիմը, պահանջում են ամենաբարձր պաշտոնական մակարդակներով Լաչինի միջանցքի բացումը եւ դեմքի խիստ արտահայտությամբ անում են իբր հայամետ հայտարարություններ: Ու, թեեւ, դրան զուգահեռ ամերիկացիները սպառնում են արցախցիներին մոտալուտ ցեղասպանությամբ, եվրոպացիները Ադրբեջանի հետ կնքում են նավթի եւ գազի մատակարարման նորանոր պայմանագրեր եւ իրականում Արցախի շրջափակման շուրջ 200 օրվա ընթացքում արեւմտյան կառույցները անգամ 200 գրամ օգնություն չեն հասցրել Արցախին, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է հայկական հանրային ընկալման մեջ ստանալ ակնհայտ գերակշիռ դիրք Ռուսաստանի հանդեպ: Եվ այդ տենդենցը կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ Ադրբեջանը կշարունակի ստորացնել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը կշարունակի սիրաշահել Ալիեւին:
Ա. Հովհաննսիյան