ԲԵՍՊՐԵԴԵԼԸ` ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱ՞Ն
Վերլուծություն
«Վագներների» խռովությանը Ռուսաստանում հետևել են մեր քաղաքացիներից շատերը, ոմանք` «կինոյի» պես, մյուսները` տագնապով, կային և այնպիսիք, որ անգամ դրա հետ հույսեր կապեցին: Ինչևէ, կան բազում բացատրություններ և վարկածներ, գործնականում գրեթե բոլորը` կոնսպիրոլոգիայի ոլորտից: Մենք այդտեղ խորանալու անշնորհակալ գործով չենք զբաղվի, նշենք միայն ամենակարևորը` Ռուսաստանի ապակայունացում տեղի չունեցավ, իսկ ապակայունացումը մեր երկրի համար հղի էր շատ լուրջ մարտահրավերներով, որոնց դիմագրավելը պետական դավաճանների վարչակարգ ունենալու պայմաններում անլուծելի խնդիր էր լինելու:
ՄԻԱՅՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՇՈ՛ՒՐԱ
Ինչպես խռովության առնչությամբ նկատել էր ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած:
Մենք ցանկացած տիպի էսկալացիայի կամ համգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:
Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը»: Եվ իրոք` «ռուսական մարտաֆիլմի» ընթացքում ազերիները հասցրեցին փակել Հակարիի կամուրջը բետոնե բլոկներով, իսկ հետո հանել դրանք: Արդյո՞ք այդ հանելու դիմաց Նիկոլը նոր զիջումների մասին հերթական բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել, թե՞ դա գերտերությունների ճնշման համեստ արդյունք է, ստույգ ասել չենք կարող: Բայց ստույգ կարող ենք ասել, որ ոչ մի լավ բան սպասելի չէ Բաքվի իր գործընկերոջ հետ հանդիպման Վաշինգտոն «ջհանդամված» «Օմեգա» Արարատ Միրզոյանից...
Բայց պարզվեց, որ «ռուսական մարտաֆիլմից» վարդագույն հույսերով էին լցվել ԱԺԲ-ում, իրենց թվացել էր, որ ՌԴ իրադարձությունները այդ գերտերության` մեր տարածաշրջանից հեռանալու նախակարապետն են, և պաթոսով կոչ էին անում հանրությանը` պատրասատվել մոտալուտ պրոամերիկյան ապստամբության: Իսկ մի քանի ժամ անց ռուսամետները ծաղրեցին արևմտամետներին...
Իսկ հիմա` ավելի կարևոր գործընթացների մասին: Պետական դավաճանների խունտան սանձազերծել է իսկական տեռոր ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների դեմ: Փաստաբաններն արդեն տևական ժամանակ բողոքի ցույցեր և գործադուլներ են անում ոստիկանության բաժիններում փաստաբանների դեմ սանձազերծած բռնությունների դեմ: Հանրությունը նաև ցնցվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վկայությունից` Քննչական կոմիտեում իր հանդեպ կիրառված խոշտանգումների մասին, որոնց մասնակցել էր նաև անձամբ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը... Սույն ակտիվիստը «նախկինների» օրոք քանիցս խնդիրներ ունեցել էր իրավապահների հետ, սակայն ամենավատ երազում չէր կարող երևակայել այսպիսի այլանդակություն:
Նման է, որ ՔՊ-ն և վերջինիս կապիտուլյանտ պարագլուխը բեսպրեդելը համարում են իրենց վերջին հույսը: Անգամ հասել է նրան, որ բանակում «անտռուսիկ» մնացած հակահիգիենիկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակավ հոխորտում է, որ երբ կուզեն` ընդդիմադիր պատգամավորներին կծեծեն: Թագուհի Թովմասյանի վկայությամբ. «Ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և նիստերը վերածել փողոցային, խուլիգանական գործընթացի... Ես այլևս շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, որովհետև ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ ինչ է սպասվում: Ես ամաչում եմ ամեն անգամ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում պատգամավորների կողմից: Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարված: Իշխանական պատգամավորները անթաքույց վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում ընդդիմադիրների հասցեին»: Դե ինչ, ժամանակին փողոցում կուռկոռի ձագի, չմոյի պես իրենց պահած անլիարժեքները, 2018-ի իշխանազավթման պղտոր ալիքով մանդատ ձեռք բերելով, փողոցային վարքագիծ են դրսևորում` թաքնված լինելով անվտանգության ծառայության ենիչերիների և այլ ուժայինների թիկունքում... Տիպիկ «շակալի» վարքագիծ:
Ի դեպ, շատ ուշագրավ հիշեցում արեց Նարեկ Մալյանը. «Շատերը երևի չեն հիշի, բայց ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու պրակտիկան հիմնադրել է Վիգեն Խաչատրյանը: «Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար...»: Այս մարգարեական խոսքերը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ դահլիճում ամբիոնից Վիգեն Խաչատրյանին ասաց Պարույր Հայրիկյանը: Հիշեցնեմ, որ այդ օրը Հայաստանում հիմնադրվեց ԱԺ-ում ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկան: Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին: Սա որպես զուտ հիշեցում, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»:
Այսինքն` Վիգենը, ում մահվան հանդեպ հանրության լավագույն դեպքում անտարբեր վերաբերմունքից նեղվում է ՔՊ-ն, ոչ միայն դավաճանական կապիտուլյանտիզմի գաղափարախոսներից մեկն էր, այլև ընդդիմադիր պատգամավոր ծեծելու քստմնելի պրակտիկայի հիմնադիր: Թե թող չնեղվեն, քամի ցանողների հունձքը օրինաչափորեն փոթորիկը պիտի լինի:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԸ ՆԱԵՎ ԲԱՆՏԻՑ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ
Ի դեպ, ամբողջ Երևանը հիմա ողողված է Արմեն Աշոտյանի լուսանկարներով, գրաֆիտիներով, նրա ազատության կոչերով և այլ նյութերով: Նա էլ բանտախցում գրել է թվով արդեն երկրորդ հոդվածը:
Այնպես որ, բանտարկելով ՀՀԿ փոխնախագահին, բեսպրեդելին ապավինած խունտան չպրծավ վերլուծաբան Աշոտյանից: Մասնավորապես. «Կարիք չկա հիմա դետալներով և դրվագ առ դրվագ հակադարձել Փաշինյանի կեղծապատմանը՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ: Բոլոր իրավական փաստերը, ապացույցները, փաստաթղթերը, հղումները, նյութերը վաղուց բերված են թե՛ իմ, թե՛ խնդրով զբաղվող այլ գործընկերների կողմից: Այս հոդվածում կփորձեմ անել ընդամենը մի քանի կարևոր շտրիխ:
Եվ այսպես:
1. Սեփական դավաճանական տգիտությունը քողարկելու համար բոլորին մեղադրելը նոր հնարք չէ Նիկոլի կատարմամբ: Այսպես էին վարվում նաև, օրինակ, որոշ խելապակաս և շիզոիդ հռոմեական կայսրներ, երբ իրենց մոլագարության հետևանքով առաջացած աղետները վերագրում էին Աստվածների անբարեհաճությանը:
Պարզապես Նիկոլի կատարմամբ տեքստում այդ չարագործ Աստվածների դերում էին Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները:
2. Սեփական հետույքը ժամանակակիցների զայրույթից և պատմության դատավճռից փրկելու համար Նիկոլը կրկին չի խորշում, ավելին՝ անմարդկային ջանքեր է գործադրում հնչեցնելու համար այնպիսի հակահայկական, զազրելի, երկարաժամկետ առումով Հայաստանի և Արցախի վրա տոքսիկ ազդեցություն ունեցող գնահատականներ, որոնք չէին անցնում անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով: Իսկ որոշ հատվածներ պարզապես արտագրված էին ադրբեջանական պրոպագանդայի էջերից:
3. Ընթերցողին հարցն ավելի պարզ դարձնելու համար շեշտեմ, որ մեծ հաշվով կապ չունի, թե ինչ են բանակցել Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ: Թեպետ նախորդ երկու նախագահներին վերագրվող «մեղքերի» մեջ ստի և կեղծիքի պակաս նույնպես չկա:
Բայց փաստացի միակ ռեալ նշանակությունն ունի այն բանակցային ժառանգությունը, որը Նիկոլը ստացել է Սերժ Սարգսյանից և որը սեփական շուրթերով ընթերցել է 2020 թվականին Կապանում, հունվարյան իր ասուլիսի ժամանակ. Արցախի միջանկյալ կարգավիճակ, պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված հանրաքվե, Քելբաջար ու Լաչին, etc: Եվ այս բովանդակության հետ կապված էր նա ճոռոմաբանում, թե` երբ ուզենք, սրան կվերադառնանք, ես ձեզ խոստանում եմ…»:
14 կետանոց հիմնավոր շարադրանքը քարը քարին չի թողնում կապիտուլյանտի «հանձնաժողովական» բանսարկությունից: Եվ քաղբանտարկյալ Աշոտյանի նյութի վերջին ակորդը շատ տեղին է. «Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»:
Այո՛ պատմությունը գրում են հաղթողները: Եվ այն դեռ գրելու ենք` վախից դողացող և վախից բռնատիրություն ծավալած այս թրքահարճերին հեռացնելուց հետո: Հաղթանակ դեռ լինելու է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ