Ինչ խաղերի մեջ էր Միրզոյանը Վաշինգտոնում
Վերլուծություն
«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»: Ահա սա էր Նիկոլի արձագանքը՝ նախօրեին Արցախում տեղի ունեցած հերթական սադրանքների, որի ընթացքում ազերիներն անօդաչուներով եւ հրետանիով գրոհեցին հայկական դիրքերը՝ սպանելով 4 զինվորականի:
ՀՀ ԱԳՆ-Ի «ՊԱՐՏԻԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Չնայած, այդ միջադեպի հետ կապված, Նիկոլի ռեակցիան ակնհայտ էր, երբ նա նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կուրբան Բայրամին էր շնորհավորում՝ խոսելով նաեւ երկկողմ հարաբերությունների եւ սահմանը բացելու թեմայով: Իհարկե, նման վարվելակերպն անակնկալ չէ այն բանից հետո, ինչ Նիկոլն 2018թ.-ից սկսած անում է Հայաստանի հետ: Բայց այս ամենը նաեւ հուշում է այն մասին, թե ի՞նչ է կատարվում այս օրերին: Հաշվի առնելով, որ տարօրինակությունների պակաս կարծես թե չկա:
Այս «տարօրինակություններից» հիմնականը, իհարկե, Նիկոլի հիշատակած վաշինգտոնյան բանակցություններն են: Հիշեցնենք, նախնական տեղեկատվությունն այն մասին էր, որ Միրզոյան Արոն հունիսի 26-ին պետք է հանդիպի Բայրամովին՝ Պետդեպարտամենտի «քավորությամբ» բանակցելու համար: Եվ միայն հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն հայտնեց, թե՝ պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Միրզոյանին: Որպես կանոն, նման դեպքերում հաջորդում էր Բայրամովի հետ պետքարտուղարի հանդիպման, ապա նաեւ եռակողմ ու Բայրամով-Միրզոյան երկկողմ բանակցությունների մասին: Սակայն այս անգամ ՀՀ ԱԳՆ-ն Բլինքենի եւ Բայրամովի հետ հանդիպման մասին մինչեւ երեկվա օրավարտը բառ անգամ չէր ասում: Ու սա այն դեպքում, երբ լրատվամիջոցներում խոսվում էր հունիսի 27-ին կայացած Բայրամով-Միրզոյան 4 ժամանոց հանդիպման մասին, որը պետք է երեկ շարունակվեր: Բայց փոխարենը, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց Միրզոյանի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ հունիսի 28-ին կայացած հանդիպման մասին, որին, ըստ ԱԳՆ-ի ներկայացման՝ «Ներկա էր նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը»: Սա արդեն իսկ տարօրինակ տերմինաբանություն էր. ի՞նչ ասել է՝ «ներկա էր» եւ ոչ թե՝ «մասնակցում էր»: Ու վերջ, կրկնում ենք, մինչեւ երեկ` օրվա վերջը ՀՀ ԱԳՆ-ն որեւէ այլ պաշտոնական հաղորդագրություն Միրզոյան Արոյի վաշինգտոնյան այցի մասին չէր ներկայացրել: Հետո ասեց, որ հունիսի 27-29-ին Բայրամովի հե բանակցությունենր եղել է: Իսկ դա նշանակում է, որ ԱԳ նախարարը հրահանգել է, որ անգամ պաշտոնական խղճուկ հաղորդագրության տեսքով այդ մասին չխոսել, այն է` կարեւորագույն ինֆորմացիա են թաքցրել: Ու քանի որ ՀՀ ԱԳՆ-ն գերադասում է կիսատ-պռատ տեղեկություններ հաղորդել, ապա մնում է ենթադրել, որ խոսքն այն կարգի խայտառակ գործընթացի մասին է, որ չեն կարողանում ընթացքի մասին անգամ լղոզված մեկնաբանության տեսքով ներկայացնել:
ԻՆՉՈՒ ՄԻՋԱՄՏԵՑ ՍԱԼԻՎԱՆԸ
Սակայն տարօրինակությունների շարանը միայն ՀՀ ԱԳՆ-ի այդ «պարտիզանությամբ» չեն սահմանափակվում: Ոչ պակաս տարօրինակ է փաստը, որ թեեւ բանակցային գործընթացի գլխին պետք է կանգնած լիներ պետքարտուղարությունը, սակայն Սպիտակ տունը, ի դեմս Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի, ամենաուղիղ ձեւով սկսեց միջամտել: Ի՞նչ է, Վաշինգտոնը սկսել է հայ-ադրբեջանական թեման համարել ԱՄՆ ազգային անվտանգության խնդի՞ր: Թե՞ պետք է մտածենք, որ Բլինքենն ինչ-որ բան այն չի արել, ու գործը նրա «ձեռքից» վերցրել ու տվել են Սալիվանին: Բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելի պնդումը՝ «Արտգործնախարարների երեկվա (հունիսի 27-ի- Հեղ.) հանդիպումները կառուցողական էին»:
Ինքը՝ Սալիվանը, չմոռանանք, որ համարվում է Սպիտակ տան «ծանր հարցեր լուծողներից» մեկը, այսպես է մեկնաբանել. «Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը: Ես հորդորեցի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաեւ խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձեւավորելու համար»: Ու ինչպե՞ս հասկանանք «հորդորեցի» կոշտ տերմինը: Եթե դրա վրայից հանենք դիվանագիտական տոնը, չի՞ դառնա՝ «ստիպեցի՞», «պահանջեցի՞» ու նման այլ բան: Այսինքն, Սալիվանը Բայրամովին եւ Միրզոյանին կանչել էր «հորդորելու» համա՞ր:
ԱՐՈՅԻՆ ՃՆՇԵԼՈՒ ԽՆԴԻ՞Ր ԿԱՐ
Բայց այդ դեպքում ինչի՞ց էին խոսում, որ Սալիվանի «հորդորելու» կարիքն առաջացավ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, քննարկվել են «ստանդարտ» հարցեր՝ Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի, զորքերի հետքաշման մասին եւ այլն: Ու հաջորդում է երկու «ոչ ստանդարտ» դետալ: Նախ. «Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին»: Խոսքը՝ կոմունիկացիաների մասին է, որի մեջ ԱՄՆ-ն սովորաբար, կապված բանակցությունների հետ, գոնե հրապարակավ հիմնականում չէր մտնում, բայց երեւում է, որ Սպիտակ տան ներկայացուցչի մոտեցումներն այլ են: Հիշեցնենք, զուգհահեռ ընթանում է նաեւ կոմունիկացիաների հարցով գործընթացը, եւ եթե այն հանգուցալուծվի այն տեսքով, որը ռուսներն առաջ են տանում, ապա Սալիվանը, իհարկե, չի կարող դա աչքաթող անել: Այսինքն, նա «հորդորել» է, որ գործընթացը ռուսների մատնանշած ուղղությամբ առաջ չգնա՞: Ինչ կա որ, շատ հավանական տարբերակ է, որին դեռ կանդրադառնանք:
Երկրորդը, Միրզոյանն այս հանդիպմանը նորից խոսել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարեւորությունից», նաեւ բողոքելով «Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունից, որի արդյունքում այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ»: Վերջապես, ըստ ԱԳՆ-ի տեղեկատվության, Արոն հասել է ընդհուպ՝ «Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու» հարցին: Կարելի է նաեւ այսպես հասկանալ՝ Արոն բողոքել է, որ եթե կրակում, մարդկանց են սպանում, այդ ինչպե՞ս ենք «խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Կարելի է ենթադրել, որ այդ ամենը ներկայացրել է պետքարտուղարությանը, եւ այնտեղ սկսել են հասկանալ, որ երկրորդ անգամ են Բայրամովին ու Միրզոյանին երկարաշունչ բանակցությունների համար բերում ԱՄՆ, բայց էլի կարող է «խաղաղության պայմանագրի» վերջնական տեքստ չստացվի: Իսկ այդ դեպքում, բնականաբար, չեղած տեքստը չի կարող դրվել հուլիսի կեսերին ծրագրված Ալիեւի ու Նիկոլի հանդիպման օրակարգում, թե՝ ստորագրեք: Ու գործընթացը կձգվի առնվազն մինչեւ տարեվերջ, եւ այդ ընթացքում կարող է շատ բան փոխվել: Նախ Ուկրաինայում, որտեղ Վաշինգտոնի համար կարող են լուրջ անակնկալներ ի հայտ գալ` մեծացնելով Մոսկվայի կշիռը: Այդ ֆոնին, Ալիեւն ու Նիկոլը կարող է հնարավորություն չունենան ձգձգել ռուսական կոմունիկացիոն թեման արգելափակել: Երրորդը, ԱՄՆ-ն կսկսի մտնել նախընտրական փուլ, եւ հայ-ադրբեջանական թեմայով ճնշումները կարող են ստիպված թուլացնել:
Այսպիսով, նման է նրան, որ պետքարտուղարության ճնշումային ռեսուրսները բավարար չհամարելով, Վաշինգտոնը կցել է նաեւ Սպիտակ տան «հարվածային ուժերին»՝ ի դեմս Սալիվանի: Բայց դա կբավավարի՞, որ ստանան «խաղաղության պայմանագրի» վերջնական տարբերակը. կտեսնենք այսօր-վաղը:
(Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259289&l=am)
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ