Վաշինգտոնն այդպես էլ չի կարողանում Արցախից հանել ռուսական ուժերին
Վերլուծություն
Անցած շաբաթ ԱՄՆ-ում, ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների՝ պետքարտուղար Բլինկենի եւ Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի անվտանգության ներգրավմամբ անցկացված Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպումների շարքը, ինչպես ենթադրել էինք, տեսանելի արդյունքներ չարձանագրեց: Վերջում խոսեցին ինչ-որ առաջընթացի, բանակցությունները շարունակելու ու նման բաների մասին եւ «ցրվեցին տներով»:
ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՄՆ-ՈՒՄ
Չնայած այդ հանդիպմանը հաջորդած Բլինկենի հայտարարությունն իր հերթին է որոշակի պատկերացում տալիս, թե ինչու այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում: Բլինկենը նախ փաստեց. «Դեռ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար»: Սա խոստովանություն է, որ թեեւ Բայրամովին եւ Միրզոյանին արդեն երկրորդ անգամ են մոտ մի շաբաթով «փակում» ԱՄՆ-ում՝ պահանջելով հասնել «խաղաղության համաձայնագրի» վերջնական տարբերակի, սակայն արդյունք այդպես էլ չկա:
Բլինկենն այդ ձախողումը բացատրեց այսպես. «Կարծում եմ՝ նաեւ հստակ գիտակցում կա բոլոր կողմերից, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում»: Սա կեղծ թեզ է՝ «ամենաբարդ հարցերը» թողնված չեն վերջում, դրանք արդեն իսկ «լուծված» են: Հարցերի հարցը Արցախի կարգավիճակի թեման է, եւ այն բանից հետո, երբ Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, գոնե այս ձեւաչափում այդ հարցն արդեն չկա: «Խաղաղության համաձայնագրի» հաջորդ առանցքային հարցը սահմանների թեման է, եւ այս մասին եւս հստակ խոստումներ Նիկոլը տվել է: Իսկ կարո՞ղ է Բլինկենը հստակ մատնանշել, թե այդ ո՞ր մի «բարդ հարցն» է, որ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով բանակցություններում արգելակ է դարձել. հազիվ թե:
Միակ «բարդ հարցը» այն է, որ կստորագրի Նիկոլը, ավելի ճիշտ՝ կստիպեն Նիկոլին ստորագրել «խաղաղության համաձայնագիր», թե՝ ոչ, կճանաչի դրանով Արցախն Ադրբեջանի մաս, թե՝ ոչ, կամ Ալիեւը քանի անգամ կասին, թե՝ «Ղարաբաղի հարց չկա», մեկ է, դա չի լուծում Արցախում ռուսական զորք լինել-չլինելու խնդիրը: Կարող են այսօր էլ պայմանագիր ստորագրել, սակայն օրերս նաեւ Մոսկվայից հերթական անգամ հուշեցին, որ դա որեւէ էֆեկտ չի ունենա՝ մնալով մեռելածին փաստաթուղթ: Ամերիկյան այս հանդիպումների շարքի ընթացքում միջամտեց նաեւ Սպիտակ տունը՝ ի դեմս Սալիվանի: Սակայն Բլինկենի հիշատակված հայտարարությունը եկավ հուշելու, որ անգամ դա արդյունք չտվեց: Բլինկենը նաեւ խոսեց բանակցային հաջորդ փուլից՝ Եվրոպայում, Ալիեւի եւ Նիկոլի մասնակցությամբ: Բայց «ամենադարդ հարցերը»՝ ռուսական զորքերին հեռացնելու խնդիրը դրանով հանդերձ էլ մնում է:
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Մյուս կողմից էլ չմոռանանք, որ ռուսական զորքերի հեռացման հարցը դեռ անցած տարվանից նաեւ ԿՀՎ-ի եւ բրիտանական MI6-ի գործնական օրակարգում է: Դա այնքան է կարեւորվում, որ այդ կառույցների ղեկավարները պատմության մեջ առաջին անգամ եկան-հասան Հայաստան: 200 օրից ավել Արցախը պահում են լիակատար շրջապատման մեջ, բայց այդպես էլ դեռ խնդրի լուծմանը հասնել չեն կարողանում:
Իսկ լուծման համար երեք պարզ տարբերակ կա: Առաջինը` ստիպել արցախահայությանը՝ ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը: Երկրորդը՝ պարտադրել արցախահայությանը՝ հեռանալ, ու երբ դրանից հետո տարածքը փաստացի կանցնի Բաքվի փաստացի վերահսկողության տակ, ապա ռուսների ներկայությունը կդառնա անիմաստ, համենայնդեպս՝ կտեղափոխվի միանգամայն այլ հարթություն: Կամ Բաքուն կարող է դրան հասնել ռազմական ճանապարհով, որի մասին, ի դեպ, Վաշինգտոնից պարզ ակնարկեցին, թե՝ կարող է «հակաահաբեկչական օպերացիա» լինել: Սակայն այս դեպքում Ալիեւի համար շատ մեծ է ռիսկը, քանի որ ռուսների հետ ուղիղ բախումից խուսափելը գրեթե անհնար է դառնում՝ բխող հետեւանքներով հանդերձ:
Այսպիսով, վաշինգտոնյան այս վերջին բանակցային շարքից հետո ենթադրելի է, որ ԱՄՆ-ն, բնական է, նաեւ Ալիեւն ու Նիկոլը կշարունակեն այս երեք տարբերակներով «ճեղքման ուղիներ» փնտրել: Այսօր ԱԽՔ եւ համատեղության կարգով՝ MI6-ի սիրելի այցելու Արմեն Գրիգորյանը մեկնելու է: «Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը»,- հայտնել է ԱԽՔ-ի գրասենյակը: Հասկանալի է, Գրիգորյանը, մեղմ ասած, այն կալիբրի պաշտոնյան չէ, ում հետ Սալիվանը կարող է ինչ-որ բան քննարկել: Ավելի նման է, որ սույն ԱԽՔ-ին կանչել են, որ փորձեն նորից կողմնորոշվել, թե հիշատակված որ տարբերակներով կարող են «ճեղքման փորձերը» շարունակել, եւ դրա համար ինչ է պահանջվում նիկոլյան խունտայից:
Ու այս համատեքստում պետք է նաեւ նկատել, որ բուն Արցախում նիկոլյան թեւը դեռ շարունակում է սեփական լծակներով իրավիճակի վրա ազդելու փորձերը, որ գոնե հասնեն Ստեփանակերտի հայտարարությանը, թե պատրաստ են Բաքվի հետ բանակցել: Օրինակ` այդ տպավորությունն է թողնում Սյամոյի՝ արցախյան «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունը, թե՝ պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել: Նախ, միայն այն փաստը, որ Սյամոն այդ հայտարարությունը հնչեցրեց «Ազատության» եթերում, արդեն իսկ հուշում է, թե որտեղից է գալիս պատվերը: Հաջորդը, նրա խոսքով. «Պետք է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել, տարբեր հասարակ հարցերի շուրջ գալ համաձայնության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ: Դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ եւ մնացած խնդիրները: Եթե փոխվստահություն չի լինում, վստահեցնում եմ, 30 տարի բանակցել ենք ու ոչնչի չենք հասել: 30 էլ բանակցենք, էլի ոչնչի չենք հասնելու: Ադրբեջանը ինչքան էլ սեղմի ու ՌԴ-ին դուրս բերի այստեղից, որը նրա նպատակն է, չի ստացվելու, եթե փոխվստահություն չունենանք: Բաքվի նպատակն է, որ անմիջապես երկկողմանի հարաբերվենք իրար հետ: Ես` որպես Արցախի 2-րդ քաղաքական ուժ, դեմ չեմ դրան…»:
Նման հայտարարությունից հետո Սյամոն էլ կարո՞ղ է ասել, որ չի եղել եւ մնում Նիկոլի հավատարիմ կամակատարը, այդ թվում` 44-օրյա պատերազմի ժամանակ, որի համար նա դեռ պատասխան տալու է: Սակայն այս պահին հարցը այլ է: Այս պահին տպավորությունը սա է՝ Սյամոյի համար կարծես թե «երազանքների գագաթակետ» է դարձել, որ Բաքուն կարողանա «սեղմի ու ՌԴ-ին դուրս բերի այստեղից»: Բայց նաեւ կասկածում է, որ կհաջողվի, եւ լուծման մոդել է առաջարկում՝ գնալ, ծնկել Ալիեւի առաջ: Իսկ «դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ եւ մնացած խնդիրներ»-ինը, դա արդեն շիրման է՝ հայրենավաճառությունն այդքան ցցուն չդարձնելու համար:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՐՑԱԽԻՑ
Կարելի է նաեւ կռահել, որ Սյամոն ընդամենը Նիկոլի հերթական մեսիջն է փոխանցում, թե նախ՝ սա է Ստեփանակերտի միակ տարբերակը, թերեւս նաեւ սպառնալով, թե, տեսնո՞ւմ եք, «Արցախի 2-րդ քաղաքական ուժը դեմ չի դրան»: Այսինքն, եթե Արցախի 1-ին քաղաքական ուժը գնա այդ բանակցություններին, ներքին հակազդեցության չի բախվի: Կամ եթե չգնա, կբախվի: Բայց իրականում, ինչպես ցույց տվեց Սյամոյի վերջին հանրահավաքները, գործնականում նա այլեւս ոչ մի երկրորդ քաղաքական ուժ էլ չէ, հազիվ մի քանի տասնյակ հետեւորդներ ունի, որոնցով բանի չի հասնի:
Առավել եւս, որ Արցախում բոլորն են հասկանում, որ բանակցությունների մասին խոսակցությունենրը նույնն են, ինչ թողնել-հեռանալը: Այսինքն, իրական այլընտրանքը հենց հեռանալ-չհեռանալն է, եւ չհեռանալն ընտրելու դեպքում միակ շանսը ռուսների պաշտպանությունն է: Իսկ երբ Սյամոն կամ ցանկացած մեկն ակնարկում է ռուսների հեռանալու մասին, ապա դա համարժեք է արցախայահության՝ Արցախը լքելուն:
Կարճ ասած, որ Նիկոլին կհաջողվի Ստեփանակերտին պարտադրել՝ գնալ «Ալիեւի դուռը», դեռ մնում է քիչ հավանական: Որպես այլընտրանք, Ալիեւը կտրուկ սրեց ռազմական հռետորաբանությունը: Բայց այս դեպքում էլ հարցը շարունակում է մնալ ռուսների հետ բախման գնալ-չգնալու դաշտում: Կընտրի՞ Ալիեւը երկրորդ տարբերակը: Իհարկե, բացառել հնարավոր չէ, բայց էլի ամենահավանականը մնում է այն տարբերակը, որ Հեյդարովիչը կշարունակի հետեւել ուկրաինական պատերազմի ընթացքին՝ հստակ գնահատելու համար՝ ռուսների մոտ ռազմական վերելքի՞, թե՝ անկման ընթացք է: Եթե վերելքի, ապա նոր պատերազմն արցախում կդառնա մահացու վտանգավոր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ