Աշխարհի համար ճակատագրական շաբաթ է սկսվելու
Վերլուծություն
Այսպիսով, մեր տարածաշրջանային սպասելիքները եղել եւ մնում են կախված ուկրաինական իրողություններից (https://iravunk.com/?p=259552&l=am):
Իսկ ուկրաինական ռազմաճակատներում, թեեւ համառ մարտերը դեռ շարունակվում են, Կիեւի բանակը «հակահարձակման» շրջանակներում գրոհում է տարբեր հատվածներում, սակայն այս պահին էլ որեւէ նկատելի արդյունք չկա: Ընդհակառակը` միայն կորուստներն են ավելանում, եւ մեծ հարց է, թե Արեւմուտքը կկարողանա՞ նախկին ինտենսիվությամբ լրացնել կորցրածը:
Ի վերջո չմոռանանք, որ ինչպես Ֆրանսիայի իրադարձությունները եկան հուշելու, որ անկախ դրանց իրական պատճառներից (իսկ այս հարցում շատ հետաքրքիր փաստեր կան), ընդհանրական Եվրոպան է մտնում բավականին խորը եւ վտանգավոր հակամարտությունների փուլ, որի պարագայում կարող է Ուկրաինան տասերորդական պլան մղվել: Գումարած, վերջին ժամանակներս ամենատարբեր վերլուծական աղբյուրները շատ են խոսում, որ եթե մինչեւ հուլիսի 10-ին մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Կիեւը էական ռազմական արդյունքներ չկարողանա ներկայացնել, ապա մեծ է հավանականությունը, որ կզրկվի Արեւմուտքի հովանավորությունից:
Ահա, մոտավորապես այս ընդհանրական պատկերն ունենք այս պահին՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվող իրադարձությունների հնարավոր զարգացման մասին տարաբնույթ մեկնաբանություններով հանդերձ: Հիմնական վերլուծական գնահատականներից մեկն այն է, որ այս ընթացքում Կիեւը կփորձի կոնկրետ հատվածներում կուտակել բոլոր հնարավոր ռեզերվները ու անցնել վճռական հարձակման: Այս վարկածի տարատեսակներից մեկի համաձայն էլ, բրիտանական հետախուզության աջակցությամբ, կփորձեն հարված հասցնել նաեւ Զապորոժեի ատոմակայանին՝ դրանում մեղադրելով ռուսներին եւ այդ կերպ ՆԱՏՕ-ին ուղիղ հակամարտության մեջ ներքաշել:
Իհարկե, միանգամայն հավանական տարբերակ է, որ մինչեւ գագաթաժողովը Կիեւը մի վերջին փորձ եւս կանի, հնարավոր է` նաեւ ատոմակայանի սցենարով հանդերձ: Ընդ որում, հաշվի չառնելով այն ռիսկը, որ տապալման դեպքում գործնականում կմնա առանց բանակի, մինչդեռ ռուսներն ունեն մի շարք կուտակումներ, որոնք այդ դեպքում գործողության մեջ կդնեն: Ավելին, նման է նրան, որ այդ սցենարը հավանական են համարում նաեւ Մոսկվայում: Նման տպավորություն է թողնում նաեւ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդեւի ելույթը «Ռոսիյսկայա գազետայում», հաշվի առնելով նաեւ, որ հենց այս լրատվամիջոցով են ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, ռազմավարական բնույթի հղումներ ուղղում աշխարհին:
Առանձնացնենք հոդվածում տեղ գտած երկու առանցքային միտք: Առաջինը՝ ներկա գլոբալ հակամարտությունը հասել է այն վերջին կետին, երբ մնացել է հանգուցալուծման երկու ռեալ ուղղություն: «Հակամարտության լուծման ուղիներից մեկը Երրորդ համաշխարհային պատերազմն է»,- նշում է Մեդվեդեւը՝ ավելացնելով, որ դա բոլորի համար է նշանակում ոչնչացում: «Այստեղ ես կնշեմ մի բան, որը բոլոր շերտերի քաղաքական գործիչները չեն սիրում խոստովանել. նման Ապոկալիպսիսը ոչ միայն հնարավոր է, այլև միանգամայն հավանական»,- ավելացնում է նա՝ ցույց տալով, որ անգամ նման զարգացմանն է Մոսկվան պատրաստ: Կամ պետք է գնալ երկրորդ ուղղությամբ՝ «Դժվար փոխզիջումների որոնման»:
Իսկ ահա հաջորդ միտքն այն ակնարկն է, որ Արեւմուտքը պետք է հենց այս պահին վերջնական որոշում կայացնի՝ «Վերջը մոտ է: Ժամը հասել է»: Ընդ որում, հաշվի առնելով, որ Կիեւն ակնհայտորեն ավելին անել չի կարող, բոլորն են դա հասկանում, Ռուսաստանը լուծում է գոյության հարց, եւ չի կոտրվելու, ինչքան էլ Արեւմուտքը փորձի: Նման է ակնարկի, որ եթե փորձեն իրոք գնալ միջուկային ավանտյուրայի Զապորոժեի ատոմակայանում, ապա դա միանգամից կարող է վերածվել Երրորդ աշխարհամարտի: Եթե ոչ, ռուսները կարող են անցնել հարձակման: Այսինքն, այս պահին կա այդ ամենը կանգնեցնելու մի վերջին շանս:
Սա նման է մի վերջին մեսիջի՝ ուղղված Վաշինգտոնին: Թե` վերջ, հասել ենք լարվածության գագաթակետին, կա՛մ այս, կա՛մ այն կողմ ենք գնալու, որոշեք: Միաժամանակ, նախօրեին նույնանման ակնարկ եկավ Եվրոպայից՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բորելի միջոցով, թե մոտ օրերս Ուկրաինայի համար շատ կարևոր իրադարձություններ կլինեն. «Դրանք առնչվում են այն ամենին, ինչ տեղի կունենա մարտի դաշտում, եւ քիչ թե շատ մութ բանակցությունների հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար»: Վերջապես, այդ կարգի ազդակ եկավ նաեւ ԱՄՆ-ից՝ լրատվական «արտահոսքի» տեսքով: Թե ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսն այցելել է Կիեւ՝ ներկայացնելով Մոսկվայի հետ բանակցելու մասին պահանջ: Իսկ ահա հրապարակավ նա հայտարարեց, թե՝ սխալ է թերագնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Այս բոլորը նույն մեխին են խփում՝ կա՛մ միջուկային բախում, կա՛մ բանակցություններ: Եվ հաշվի առնելով, որ տարբեր աղբյուրներ սկսել են ակտիվորեն խոսել բանակցությունների մասին կուլիսային քննարկումներից, ընդ որում՝ միանգամից ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջնորդությամբ, այն տպավորությունն է ստեղծվում, որ հավանականությունը էապես մեծացել է: Ամեն դեպքում, պետք է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ինչ-որ բան տեղի ունենա:
Իսկ ահա մեր տարածաշրջանում սպասվում է, որ արդեն այսօր կհաստատվի Իրանի վերջնական անդամակցությունը ՇՀԿ-ին, որը կարծես թե հակված է վերածվել ռազմական դաշինքի: Սրանով միգուցե նաեւ ԱՄՆ-ին են «շնորհավորում»՝ անկախության օրվա կապակցությամբ: Բայց նաեւ պարզ ակնարկ է բոլորին, որ իրոք աշխարհն այլեւս նախկինը չէ:
Եվ իհարկե, Ալիեւը հազիվ թե այս իրողությունները հաշվի չառնի, չնայած այն ռիսկին, որ կարող է կորցնել առավելագույնին հասնելու շանսը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ