ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՏՈՏԱԼ ԵՎ ԹՐՔԱԲԱՐՈ
Վերլուծություն
«Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը, այլ` գևորգպապոյանները: Նիկոլի հանձնարարությամբ մարիյակարապետյան կոչվածները դարձել են բաքվի ագն-ի ոտքի տակի փալասը, իսկ գևորգպապոյանները` թուրքական պն-ի ոտքերի տակ են թավալվում: Արցախը ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում. երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին: Իսկ դա շուրջ 2 միլիոն ՀՀ քաղաքացիներ են` իրենց հարյուր հազարավոր պայքարող տեսակով, ինչպես նաև Սփյուռքի զգալի հատվածը: Նույնիսկ Նիկոլի ընտրազանգվածի կիսագրագետ մասը պատրաստ չէ Արցախը տեսնել ադրբեջանի կազմում: Նիկոլն այդ հարցում նրանց էլ է խաբել»,- սա մեջբերում է Արտակ Զաքարյանի արձանագրումից, հեղինակային փոքրատառերը պահպանված են:
ԱՆՀՆԱՐԻՆՆ` ԱԿՆՀԱՅՏ
«Գևորգպապոյաններ»` 2018-ին ՀՀԿ-ին դավաճանած և ՔՊ թռած պատգամավորը դարձավ շատ վատ երևույթի հոմանիշ: ՔՊ-ական անբարո և շատ ագրեսիվ մանիպուլյացիայի: Դրա առնչությամբ կմեջբերենք ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարճ պատումը` հուսալով, որ մեջբերելով պատերազմ չի սկսվի.
— Ցույցեր մի արեք, թե չէ պատերազմ կսկսվի,
— Ստորագրահավաք մի արեք, թե չէ պատերազմ կսկսվի,
— Թշնամու կրակոցներին մի պատասխանեք, թե չէ պատերազմ կսկսվի,
— Ռեժիմի հրաժարական մի պահանջեք, թե չէ պատերազմ կսկսվի
Հետո՞, հաջորդը ի՞նչ է լինելու. մի խոսեք, մի մտածեք, մի շնչեք, մի ապրեք, թե չէ պատերա՞զմ կսկսվի:
ՔՊ-ական այդ մանիպուլյացիայի հետքերով էլ ծնվեց և Ֆեյսբուքում տարածվեց անեկդոտ: Զրույց միջին վիճակագրական նիկոլական ընտանիքում.
— Գևորգ, ադրբեջանցիներ են եկել մեր տուն, ասում են, որ պիտի բոլորիս բռնաբարեն, ի՞նչ անենք:
— Պա՞րզ չի ինչ պիտի անենք՝ թուլանանք ու հաճույք ստանանք, թե չէ՝ տե՜ս հա, պատերազմ ա սկսելու:
Եվ գարշելին այն է, որ հայության դեմ այդ կեղտոտագույն տեղեկատվական պատերազմին իր լուման ներդրեց և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` Հ1-ի եթերով հույս հայտնելով, որ Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքները երաշխավորված կլինեն: Վրդովվեցին բոլորը, ովքեր սիրտ ու հոգի ունեն, ընդդիմադիր դաշտը, քաղհասարակությունը, հանրային դեմքերը (ովքեր դեմք են, այլ ոչ թե «սֆաթ»): Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից բաց նամակ գրեց դեսպանին` մասնավորապես նրա աչքը խոթելով հետևյալը. «Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը: Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
Սակայն ամենապարադոքսալը երդվյալ արևմտամետ հարթակների արձագանքն էր դեսպանի` արցախցիներին դժբախտացնելու սև խոսքին: Մեջբերենք. «Արցախը հայ պետականության՝ ամերիկյան հարյուրամյակների դիմաց հազարամյակների փառապանծ պատմության ոսկե էջն է, դրա կենդանի անբաժան մասը: ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը արտահայտող տիկին Քվինը հայության արցախյան հատվածին առաջարկում է ազգային պետական լիարժեք կյանքով ապրելու փոխարեն սահմանափակվել, իր արտահայտությամբ, ընտանեկան վայելքներով: Մեկ հարցազրույցով դեսպանը հայությանը բազմապիսի ապտակներ հասցրեց եւ, հավանաբար, սպասում է, թե դա կմարսվի: Պետք է հիասթափեցնենք դեսպանուհուն. Նիկոլ Փաշինյանն ու նրա առերեւույթ լայն սպեկտրի սպասարկուները առայժմ շատ բան են մարսում միայն մեկ պատճառով՝ ծագումով հայ են, առանց այդ էլ շատ չենք: Օտար դիվանագետներին այս արտոնությունը չի վերաբերում՝ ռուս լինեն, չինացի, թե` ամերիկացի: Հայաստանին, հայ մարդուն անպատված յուրաքանչյուրը վերադառնալու է հայրենիք: Ոմանք՝ մշտական բնակության եւ ընտանեկան քաղցր վայելքների»:
Հիմա դա ի՞նչ է, ծխածածկո՞ւյթ, թե՞ ի տարբերություն նիկոլականների, այդ մարդիկ կարմիր գծեր ունեն: Համենայնդեպս` հուլիսի 6-ին դեսպանուհին պարզաբանում տվեց, որ «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում»: Իյա՛, իրո՞ք:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ԳԼՈԲԱԼ ԿԵՂԾԻՔ Է
Պատերազմը խաղաղություն է` Ջորջ Օրուէլի այդ մարգարեական բանաձևի մարմնացումը Նիկոլն է իր տերերով ու մահաբեր «խաղաղության օրակարգով», հանուն որի մարտական սպանիչ քարոզչության բոլոր կանոններով տեղեկատվական-հոգեբանական պատերազմ է գնում ընդդեմ հայության: Աշխարհաքաղաքական դրդապատճառն էլ պարզ է` անգլոսաքսերը ձգտում են Հարավային Կովկասից ամբողջովին դուրս մղել Ռուսաստանին, և եթե դրա գինը լինի հայերի նոր ցեղասպանությունը, ապա աչք էլ չեն թարթի: Ի դեպ, մի շարք փորձագետներ կարծում են, որ Ուկրաինայում ձևավորված «Հայկական լեգեոնը» մի օր կարող է հայտնվել Հայաստանում, որպեսզի օժանդակի ԱԺԲ-ի տիպի միավորումներին իրագործել ռազմական հեղաշրջում: Այդ տեսակետին հակված է և հայ քաղաքագետ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ում կարծիքով լոնդոնասեր ԱԽՔ «Արմեն Գրիգորյանը ևս լինելու է հնարավոր ռազմական հեղաշրջման մասնակից»: Դե պարզ է, Նիկոլին համարում են «отработанный материал», որը հանուն ինքնապահպանման կարող է նաև իրենց «քցել»:
Իսկ Նիկոլին իշխանության բերած ուժերն էլ կատաղի տեղեկատվական պատերազմ են սանձազերծել Սերժ Սարգսյանի և նրա թիմի, այդ թվում` ՀՀԿ-ի դեմ` փորձելով ՀՀ երրորդ նախագահի գրպանը գցել իրենց իսկ հանձնարարությամբ Նիկոլի իրագործած պետական դավաճանությունը: Նույնիսկ չխորշեցին անբարո մի հարթակի ձեռամբ դաշտ նետել ԱԱԾ հանգուցյալ տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությանը կեղտ կպցնող գարշելի քարոզչական արտադրանքը: Իսկ Տելեգրամի տարածքում աշխատեցնում են ալիքներ, որոնցով Սերժ Սարգսյանի` թերևս ծնված օրվանից «Ղարաբաղը ծախելու» այնպիսի բազմաշերտ դավադրապաշտ տեսություններ են տարածում, որ ստախոսաց արքա Նիկոլը նույնիսկ նախանձից կկանաչի: Զգացվում է քարոզչական պատերազմի իսկական պրոֆեսիոնալների ձեռագիրը, և բնականաբար ցանկացած բարոյական արժեքների իսպառ բացակայությունը: Դե պարզ է, որ նիկոլական իշխանազավթման սցենարիստները Նիկոլից էլ նիկոլ պիտի լինեն, ու ամենայն հավանականությամբ հենց ՀՀ երրորդ նախագահին են համարում լրջագույն խոչընդոտ իրենց հայաջինջ ծրագրերի ճանապարհին:
Իսկ ՔՊ-ի մահաբեր «խաղաղության օրակարգը» զուտ տեղական երևույթ չէ, այլ` գլոբալ և լրիվ օրինաչափ: Օրերս իտալական The Huffington Post պարբերականում պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է «Պատերազմներ, որոնք չեն ավարտվում խաղաղությամբ» վերլուծությունը, որով փորձել է պատասխանել հարցադրմանը. «Վերջին տասնամյակների ընթացքում սկսված պատերազմները չեն ավարտվում խաղաղությամբ: Սա գիտեն բոլորը, բայց ոչ ոք չի տալիս «ինչո՞ւ» հարցը: Մինչդեռ դրա պատասխանը, իմ կարծիքով, տրամաբանական է ու պարզ»:
Մինասյանը դրա պատասխանը տեսնում է ժամանակակից տեխնոլոգիաներում. «Պատասխանը մեզ առանձնապես չպետք է զարմացնի՝ ինտերնետի և, առաջին հերթին, սոցիալական ցանցերի պատճառով: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են սոցիալական մեդիան լայն հանրությանը մատչելի հնարավորություն տալիս ստեղծելու սեփական էմոցիոնալ «ճշմարտությունները», ես կասեի՝ մետա-ճշմարտությունները՝ ըստ իրենց նախասիրությունների և ճաշակի (և, ոչ պակաս, կրթության մակարդակի)»: Հենց դրանց շնորհիվ միջազգային դիվանագիտությունը դարձել է ամենօրյա կեղծ-ինտելեկտուալ վարժություն, որը հասանելի է յուրաքանչյուր սմարթֆոնի սեփականատիրոջ համար: Իսկ վերջաբանը պարադոքսալ է. «Ի՞նչ կարծիքի եք 1943-ի Թեհրանի կոնֆերանսի մասին, որը հիմք դրեց հետպատերազմյան շրջանում կայուն խաղաղության համար: Արդյո՞ք այդքան արդյունավետ կլիներ, եթե Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը, Realpolitik-ի վրա կենտրոնանալու փոխարեն, հաշվեին թվիթերը, հավանումների քանակը, վերահսկեին թղթակիցների սոցիալական մեդիայի պրոֆիլները կամ Google-ի միտումները: Սպասեք մի վայրկյան, ես «գուգլեմ», որ հասկանամ...»:
Իսկ իրականում ցանկացած հայ մարդ սմարթֆոնի փոխարեն պետք է աշխատեցնի ուղեղը և կհասկանա` XXI դարում խաղաղությունը դարձել է բլեֆ: Ծերուկ Օրուէլը դա վաղուց գիտեր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ