Բայդենը գրոհում է արցախյան ողջ ճակատով
Վերլուծություն
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի վերջին հայտարարությունները մեծ աղմուկ առաջացրին հայաստանյան (արցախյան) քաղաքական, փորձագիտական եւ իշխանական (նկատի ունենք Արցախը) դաշտում: Չորս կողմից համատարած քննադատություն է, թե դու ով եղար, որ ասես` Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Բայց թե բոլոր քննադատներն ինչ են ուզում «խեղճ» Քրիստինայից, չենք հասկանում: Այսինքն, ի՞նչ նոր, սկանդալային բան ասաց դեսպանը, որ մինչ այդ չգիտեինք: Եթե Նիկոլն ինքն է հայտարարում` թե Արցախն Ադրբեջան է, եւ` վերջ, բա ուրիշ ի՞նչ կարող է ասել ԱՄՆ դեսպանը:
«ԽԵՂՃ» ԴԵՍՊԱՆԻ «ԳՐՊԱՆԸ ԳՑԵՑԻՆ»
Չնայած, ասվածին ավելի ճիշտ է այլ կողմից մոտենալ: Իսկ Նիկոլն ի՞ր խելքով է պաշտոնապես ասում` «Արցախն Ադրբեջան է, եւ` վերջ»: Նա պաշտոնապես առաջին անգամ այդ թեզը ֆիքսեց Պրահայում՝ ամերիկացիների կազմակերպած հանդիպման շրջանակներում: Այսինքն, որ նրա վրա մի լավ «գոռացել» են` թե կգնաս ու դա կասես, հասկանալի էր դեռ այն ժամանակ: Ո՞վ է գոռացել, բնականաբար, այդ հանդիպման կազմակերպիչները:
Բայց անգամ այս իրողությունները, որ Նիկոլը քայլեր է անում ամերիկացիների (Ալիեւ, Էրդողան եւ այլն` իրենց հերթին) պարտադրմամբ, էլի անիմաստ է ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները քննադատելը. մի՞թե դեսպանի այդ հայտարարություններն էին պետք, որ մեր տեղական ամենատարբեր հարթակներում հանկարծ հասկանային, թե իրականում ինչ է ուզում Ամերիկան: Այն դեպքում, երբ դա վերջնականապես պարզ էր, երբ նրանց ձեռքով ստեղծվեց «Բրյուսելյան ձեւաչափ» ասվածը: Քանի՞ անգամ ենք վերջին մոտ երկու տարիներին գրել, որ ԱՄՆ-ն հենց այդ խնդիրն է հետապնդում` Արցախն անվերապահորեն հանձնել Ադրբեջանին: Ավելին, մի՞թե դա ակնհայտ չէր 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից էլ առաջ: Այդ խաղն էլ ավելի ակնհայտ չդարձա՞վ «խաղաղության պայմանագիր» ասվածն օրակարգ բերելուն պես: Երբ ընթացքում նաեւ հայաստանյան որոշ իշխանավորներ ստիպված եղան խոստովանել, որ «խաղաղության նախագծի» ամերիկյան տարբերակը նախատեսում է Արցախն անվերապահորեն թողնել Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական նախագիծը` հետաձգել կարգավորումը: Վերջապես, Վաշինգտոնն իր այդ սցենարն ամենաակնհայտ ձեւով ի ցույց չդրե՞ց վերջերս` Արցախի ղեկավարությունից պահանջելով` գնալ Ալիեւից ներում խնդրելու, հակառակ դեպքում սպառնալով հակաահաբեկչական օպերացիայով: Վերջապես, վաշինգտոնյան վերջին բանակցություններում պարզ չէ՞ր, թե ինչի է ուզում հասնել Վաշինգտոնը, որի համար գործին խառնեցին ընդհուպ` Բայդենի անվտանգության գծով խորհրդական Սալիվանին: Ու ի՞նչ է, այսքանից հետո դեսպան Քրիստինայի հայտարարությո՞ւնն էր պետք, որ մեզ մոտ հասկանան, թե իրականում ինչ խաղ են խաղում ամերիկացիները, ընդ որում, զուգահեռաբար բոլոր ռեսուրսներով ռուսների դեմ հակաքարոզ կազմակերպելով:
Լավ, գոնե հիմա բոլորի համար իրավիճակը լիովին պա՞րզ է: Ուրեմն, պետք է մտածել այլ բանի մասին. այս ծայրահեղ պարզ իրավիճակում ի՞նչ պետք է անեն կամ դեռ ի՞նչ կարող են անել Հայաստանն ու Արցախը:
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Բայց նախ ֆիքսենք՝ ի՞նչ պատկեր ունենք այս պահին: Արտգործնախարարների վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ակնհայտ էր երկու բան: Նախ, որ ամերիկացիները իրենց գերխնդրի` տարածաշրջանից եւ, առաջին հերթին` Արցախից ռուսական զորքերին հեռացնելու հարցում շատ են շտապում (տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=259552&l=am) եւ սկսելու են ակտիվ քայլերի դիմել: Եվ երկրորդը, որ ունեն հաշված թվով քայլերի հնարավորություն: Ավելի կոնկրետ, կա խնդրի լուծման երեք պարզ տարբերակ: Առաջինը` ստիպել արցախահայությանը՝ ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը: Երկրորդը՝ պարտադրել արցախահայությանը՝ հեռանալ (այդ սցենարը սկսվեց Արցախի շրջափակումով), ու երբ դրանից հետո տարածքը փաստացի կանցնի Բաքվի վերահսկողության տակ, ապա ռուսների ներկայությունը կդառնա անիմաստ, համենայնդեպս՝ այդ թեման կտեղափոխվի միանգամայն այլ հարթություն: Վերջապես, Բաքուն կարող է արցախահայության հեռանալուն հասնել ռազմական ճանապարհով, որի մասին, կրկնենք, Վաշինգտոնից պարզ ակնարկեցին: Իսկ դեսպան Քրիստինան ընդամենը ամփոփեց այդ երեք տարբերակները` որոշ տեխնիկական դետալներ մանրամասնելով:
Այսպես, Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչել պարտադրելու տարբերակի համար, որպես շիրմա, Վաշինգտոնն առաջ է մղում ինչ-որ տեղական ընտրությունների գաղափար, բայց դրանից առաջ արցախահայությանը զինաթափելու պայմանով: Այդ նույն պահանջն էր դրված նաեւ Ալիեւի վերջին հրապարակային հաթաթայի հիմքում: Կստացվի՞, թե` ոչ, դրանից հետո արդեն առաջ կգա երկրորդ տարբերակը խորացնելու կամ երրորդ տարբերակներին` արցախցիներին հեռացնելու կամ «հակաահաբեկչական օպերացիայի» անցնել-չանցնելու հարցը:
«ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»
Ալիեւի դուռը գնալու խնդրին անդրադարձավ Արայիկ Հարությունյանը` Արցախի խորհրդարանում իր վերջին հայտնի ելույթի ժամանակ. «Հիմա կարծիքը՝ ինչո՞ւ չգնալ Բաքու: Որովհետեւ Բաքուն այսօր մեզ հետ միայն մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիա: Երկրորդ թեման չի քննարկում… Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարել: Դե գնացեք լուծարեք, հետո գնացեք հանդիպման: Հերթականությունն ասեմ. գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, հազիվ ստեղծում ենք համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան եւ ճանապարհով կթողնեն կգնանք-կգանք: Արդեն պարզ է, ոնց են թողնելու, արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու: Մենք երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանության եւ դիմադրողականության բարձրացում»:
Սրանով Արայիկ Հարությունյանը ֆիքսեց, որ քաջ գիտակցում են, թե ինչ է սպասվում: Միաժամանակ, որ Արցախում Ալիեւի դուռը գնալու տարբերակն առաջ տանել փորձող շպիոններ եւ միգուցե նաեւ բնակչության որոշակի զանգված կան: Իրականում Արայիկը ո՞ր տեսակետի կրողն է. ինչքան էլ ասել՝ ինքն Ալիեւի դուռը գնացողը չէ, բայց մեկ է, նրա գործողություններից տարակուսանքներ առաջանում են: Նկատի ունենք հետեւյալը:
Արցախի պատասխան քայլի մասին հիշատակեց հակաճգնաժամային խորհրդի նախագահ եւ ամենեւին էլ ազգայնական գործչի համարում չվայելող Տիգրան Պետրոսյանը` տեղեկացնելով, թե Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այն իրավիճակում, որում հիմա Արցախն է, այսինքն, երբ ստիպված ես դեմ գնալ ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այլ նաեւ, ինչպես դեսպան Քրիստինան վերջնականապես «պեչատեց», նաեւ ԱՄՆ-ին, այն է` անգլոսաքսոնիզմին, իսկ նիկոլյան Հայաստանը, իր բոլոր արեւմտյան շպիոններով հանդերձ, միայն թիկունքից հարվածողի դերում է, Ռուսաստանին դիմելը միակ ռեալ քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ ես Մոսկվայից խնդրում:
Բայց մինչ այդ, հասկանալի է, որ ռուսներին դիմելու քայլը հակաարցախյան թվարկված բոլոր ուժերի համար ամենաանցանկալին է: Ու միգուցե պատահական չէ, որ միանգամից ռուսներին դիմելու թեմայով ակտիվացան անգամ հայաստանյան «ամենաքյարթու» շպիոնները: Վարդան Օսկանյանը նորից մեյդան է եկել ու քարոզում է. «Արցախի իշխանությունները կարող են դիմել Պուտինին, Բայդենին, դա ոչ մի արդյունք չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախն Ադրբեջան է… Արայիկ Հարությունյանը մեկ տեղ ունի դիմելու՝ ՀՀ իշխանություններին»: Միգուցե Հայաստանին այս վիճակին հասցնողներից մեկը` ամերիկաներից եկած Օսկանյանը նաեւ կբացատրի՞, թե դիմեն Նիկոլին, որ նա ի՞նչ անի, այսինքն` այս «սատկած» վիճակում ի՞նչ կարող է Նիկոլն անել: Օսկանյանը իր «հանճարեղ» մտահղացումը բացատրում է. «Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում… Միջազգային հանրությունը սա միանգամից վերցնելու է եւ բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է՝ դիմադրի, բայց նրան կստիպեն»: Այդ ո՞ր միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի՞ն նկատի ունի, որն այդքան հստակ կարծիքը հայտնեց: Բայց ամենակարեւորը. ստացվում է, որ Օսկանյանն ու նրա նմանները «երազանքների գագաթնակետ» են համարում մարզի կարգավիճակը: Բայց չէ՞ որ այդպիսի մի տարբերակի մասին խոսում է նաեւ Վաշինգտոնը, եւ ցանկացած նման կարգավիճակի դեպքում մի 5 տարուց Արցախում մեկ հայ անգամ չի մնա:
Ուրեմն, ինչո՞ւ մեջ ընկան օսկանյանանմանները: Փորձում են «հայրենասիրական» եւ «հականիկոլական» դիրքերից Արայիկին «փրկության» միակ ուղի՞ն ցույց տալ: Ընդ որում, մի ուղի, որը, կրկնում ենք, իրականում դրված է ամերիկյան սցենարների տակ, եւ Նիկոլն էլ առաջ է տանում: Ինչի՞ համար է այդ «քարոզչական օգնությունը», որ Արայիկը ռուսներին դիմելու կեղծ այլընտրա՞նք ստանա եւ գնա դրա հետեւի՞ց:
Ու այս ամենից հետո այն հարցն է առաջ գալիս, թե Արայիկն ի՞նչ է ակնկալում Պուտինից, այսինքն՝ ինչ նամակ է հղել:
Ի՞ՆՉ Է ԳՐԵԼ ԱՐԱՅԻԿԸ
Այն, որ նամակի մասին հիշատակմանը հաջորդեց Արայիկի հայտարարությունը, որ նաեւ դիմել է Նիկոլին՝ Պուտինի հետ զրուցելու հարցով, որոշակի հետեւությունների տեղիք տալիս է: Այսինքն, ի՞նչ հարցով է Նիկոլը զանգահարել Պուտինին: Կան որոշ կցկտուր տվյալներ, որ Նիկոլը փորձել է «ահազանգել», թե վերջ, Արցախն արդեն չի դիմանում, որոշակի ներքին ճնշումներ արդեն իսկ կան՝ Ալիեւի հետ բանակցելու հարցով, եւ եթե ռուսներն արագորեն ճանապարհը չբացեն, ապա Արայիկը կարող է եւ անձամբ կամ միջնորդավորված գնա Ալիեւի հետ խոսելու:
Դա հավանական է թվում, քանի որ մոտավորապես նույն տպավորությունն է ստացվում նաեւ «նիկոլիզմի» մեջ կասկածվող՝ ԱՀ Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի մեկնաբանությունից, թե՝ «Մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ՝ մոտ 4-5 օր, պետք է սպասենք: Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւս գրավոր տեղեկացված է, որ Արցախում սննդի պաշարների սղություն կա: Մեր պահանջն է՝ կարճ ժամանակահատվածում բացել ճանապարհը: Սպասում ենք, եւ եթե Ռուսաստանը այդ ընթացքում գործուն քայլեր չձեռնարկի, դա կլինի իր վերաբերմունքը մեր նկատմամբ…»:
Ի՞նչ է ստացվում, փորձում են շանտաժի լեզվո՞վ խոսել Մոսկվայի հետ: Այսինքն, Արայիկի նամակը եւս այդ ոճո՞վ է: Այդ դեպքում, ի՞նչ են պահանջում Մոսկվայից՝ Ադրբեջանի հետ պատերազմի հեռանկարով՝ ուժի միջոցով ճանապարհը բացի, կամ չգիտես ի՞նչ կանենք: Ու դեռ ժամանա՞կ են սահմանում:
Մինչդեռ Արցախը բոլորովին այլ քայլի հնարավորություն ունի՝ դիմել Ռուսաստանին՝ ցեղասպանության եւ հայրենազրկման ռեալ սպառնալիքից պաշտպանվելու եւ մինչեւ կարգավիճակի վերջնական հստակեցումն Արցախը Մոսկվայի պաշտպանության տակ վերցնելու խնդրանքով:
Եթե առաջին տարբերակով են դիմել, ապա դա մեկ բանի մասին կակնարկի՝ փորձում են Մոսկվայի համար փակուղային վիճակ ստեղծել, որը միանշանակ Վաշինգտոնի օգտին է, եւ հեռանկարը ամերիկյան դեսպանի ասածն է: Այն, ինչ նաեւ Նիկոլն է հորդորում Արցախին: Կարճ ասած, որ Արցախի ղեկավարությունը եւ ներքին շպիոնները նույն դավաճանական խաղն են խաղում:
Եթե երկրորդ տարբերակն է, ապա դա ներկա ստատուս քվոն «սառեցնելու» միակ ռեալ հնարավորությունն է, եւ այս դեպքում գնդակը կմնա Ալիեւի դաշտում: Այն է՝ հարձակվե՞լ ՌԴ-ի պաշտպանության տակ գտնվող Արցախի վրա, թե՝ ոչ: Այլ տարբերակ պարզապես ներկա իրավիճակում չկա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ