Ալիեւն ու Նիկոլը շարունակում են ժամանակի վրա խաղալ
Վերլուծություն
Իրականում Արցախի շուրջ այս վերջին աղմուկ-աղաղակներից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259809&l=am) «մեծ բլեֆի» հոտ է գալիս: Հաշվի առնելով հետեւյալը:
Ալիեւի համար իրականում մեծ խնդիր է՝ ուղիղ հարվածով գնալ ռուսական խաղաղապահների դեմ, ինչքան էլ որ դա ուզում է Վաշինգտոնը: Մնում է սարքել այնպիսի սցենար, որ արցախյան ղեկավարությունը, ստանալով նիկոլաալիեւյան փոխանցումը, ցույց տա, թե այլ տարբերակ չկա, փորձի ռուսներին մղել Ադրբեջանի հետ ուղիղ բախման, ու եթե չստացվի, ապա կփորձեն հանրաքվե խաղարկել՝ ժողովրդին համոզելով՝ այլ տարբերակ չկա, ռուսները տանկեր չբերեցին, մնում է, որ Ալիեւի հետ լեզու գտնենք: Տ. Պետրոսյանն արդեն խոսում է հանրաքվեի մասին, ու դա էլ է հասկանալի. Արցախի ղեկավարությունը չունի միջազգայնորեն ընդունված կարգավիճակ, եւ նրանց որոշումը՝ գնալ Ալիեւի դուռը, Մոսկվան պարզապես կհամարի ապօրինի:
Դրանից հետո արդեն Բաքուն շատ արագ «կերաշխավորի» արցախցիների անվտանգությունը՝ որպես իր քաղաքացիների, նույնքան արագ «խաղաղության պայմանագիր» կկնքեն եւ անմիջապես էլ կդիմեն Մոսկվային՝ շնորհակալություն օգնության համար, բայց արդեն հարցերը լուծված են, զորքերդ պետք է հանես:
Շուստրի տարբերակ է: Բայց եթե այս սցենարն են խաղարկում, ապա մեկ է, կան նյուանսներ, որոնք ոչ մի դեպքում Ալիեւն ու Նիկոլը չեն կարող շրջանցել: Նախ, օրինակ, ինչպես օրերս հայտարարեց ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինը, ռուսական ընկերությունը շուտով պայմանագիր կստորագրի Իրանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին: Սա Մոսկվայի այն հիմնական ազդակն է, որ ինքը Հարավային Կովկասից եւ այդ դեպքում՝ Արցախից որեւէ տեղ հեռանալու միտք անգամ չունի: Իսկ Զախարովայի հայտարարությունը, թե չգիտի ով է Արայիկը, ռուսական այն «Բ» պլանն է, որի մասին քանիցս խոսել ենք: Այսինքն, եթե արցախյան ղեկավարները շատ տարվենի նիկոլամերձ խաղերով, հույս ունենալով, որ վաղը-մյուս օրը հայգիստ կապրեն արեւմտյան շքեղ վիլլաներում, ապա Մոսկվան պարզապես կհայտարարի, թե ոչ մի արցախյան ղեկավարություն էլ չկա, որ արցախահայության անունից բնա Ալիեւի հետ բանակցելու: Կա արցախահայությունը, որը դեմ է Ադրբեջանի ենթակայությանը, եւ հենց նրանց էլ ռուսական բանակը պաշտպանում է, անկախ նրանիչց, թե Արայիկը, Սյամոն կամ մեկ ուրիշն ինչ անձնական կարծիք ունեն: Այսինքն, կանցնեն, օրինակ, մերձդնեստրյան տարբերակին, եւ թող Ալիեւը դրանից հետո մտածի, թե ինչպես է ռուսականզորքին հեռացնելու: Նաեւ հաշվի առնելով, որ ռուսական կասպյան նավատորմը բառացիորեն կողքին է:
Բայց մինչ նման սրացումների գնալը, անկախ ներկա բոլոր որոշումներից, բանակցություններից, Արայիկի նամակներից եւ այլն, ռուսական ուժերը դեռ տեւական ժամանակ արցախում մնալու հիմք ունեն՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն: Իսկ մինչ այդ, շատ հետաքրքիր զարգացումներ են ընթանում ուկրաինական ռազմաճակատներում, ինչը կարող է խորքային իմաստով իրավիճակ շրջել:
Ուկրաինական ուժերը շարունակում են հարձակումները, ինչ-որ նոր տակտիկաներ են կիրառում, տարբեր «հերոսական» մեսիջներ են հղում: Սակայն փաստը մեկն է՝ ռուսական պաշտպանության ռեալ ճեղքում չունեն: Մինչդեռ, ինչպես նաեւ Լուկաշենկոն ակնարկեց. «Մինչեւ հուլիսի 11-ը նա (Զելենսկին- Հեղ.) պետք է ինչ-որ բան ցույց տա: Ռուսաստանին «ատամի վրա» փորձեցին՝ ճակատից հարձակվելով: Ձախողվեց: Եվ դա չի հաջողվի… Եթե նրանք (Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը- Հեղ.) այժմ մարտի նետեն լավագույն ստորաբաժանումները՝ ինչ-որ բան ցույց տալու համար, նրանք վերջապես կթաղեն Ուկրաինայի մարտունակությունը: Եթե չնետեն, ինչպե՞ս են որեւէ արդյունք ցույց տալու»: Արդյունքում, ըստ Լուկաշենկոյի՝ Զելենսկին «վերջապես հասկացավ, որ չի հաղթելու այս պատերազմում: Նա արդեն քայլեր է ձեռնարկում այս իրավիճակից դուրս գալու համար… Հակահարձակումից հետո իրավիճակը կփոխվի: Եվ նրանք (Արեւմուտքը- Հեղ) կցանկանա խոսել Ռուսաստանի հետ…»:
Իսկ ի՞նչ են անելու Ալիեւն ու Նիկոլն այդ դեպքում: Ի դեպ, երեկ Նիկոլը հայտարարեց. «Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման…»: Այսինքն, թեեւ ԱՄՆ-ն փորձում է գնալ իրադարձությունների առավելագույն ակտիվացման, սակայն Ալիեւն ու Նիկոլը դեռ շարունակում են ժամանակ ձգել: Տարբեր բլեֆների միջոցով կստացվի, լավ, չի ստացվի, զգուշանալ է պետք ռեալ սրացումներից: Բնականաբար, հաշվի առնելով ռուսների ոչ միայն ներկայիս, այլ վաղը-մյուս օրը ձեւավորվելիք աշխարհաքաղաքական դիրքերը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ