Ի՞նչ է ՀՀ ԱԽՔ-ն այսքան ժամանակ անում Վաշինգտոնում
Վերլուծություն
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով, «չգիտես ինչու», զբաղվում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական թեմաներով՝ հաճախ անգամ շրջանցելով Միրզոյան Արարատի «դուքյանը», բավական ժամանակ ԱՄՆ-ում է: Վերադարձել է, թե՝ ոչ, ինչով է զբաղված պետության հաշվին, խեր ու խաբար չկա: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ վերադառնալու մասին հրապարակային լուր չունեինք:
ԻՆՉՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՆՉԵՑԻՆ ԱՄՆ
Բրիտանական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների «սիրելի» ԱԽՔ-ի Վաշինգտոն մեկնելը միշտ էլ վտանգավոր տեսք ունի: Անցած սեպտեմբերի 27-ին հենց նա Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Սալիվանի քավորությամբ տեղի ունեցած Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, որը Պրագայում դրվեց Նիկոլի առաջ, եւ նա պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Ու հիմա, երբ նույն ԱԽՔ-ին նորից Սալիվանը կանչել է, իհարկե, լրջագույն մտահոգություններ դրանից առաջանում են:
Բանն այն է, որ սեպտեմբերի 27-ի այդ փաստաթուղթն այդպես էլ իր վերջնական նպատակին չհասավ: Դրանում կետ կար Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունների մասին, սակայն դեռ այդ «բանակցությունները», որով Արցախը կհամաձայնվեր ճանաչել Բաքվի գերիշխանությունը, չկա: Փաստաթղթում կետ կար նաեւ Մեղրիի երկաթուղու գործարկման մասին՝ առանց ռուսական որեւէ հսկողության: Դա, ըստ էության, նշանակում է «Զանգեզուրի միջանցք», եւ այս պահին դա եւս կատարված չէ:
Եվ երբ Սալիվանը նրան կանչել է, կարելի է կռահել, թե ինչի համար: Հիշեցնենք, մինչ այդ ԱՄՆ-ում էր Միրզոյան Արոն՝ Բայրամովի հետ հանդիպումների շարք անցկացնելու համար: Ակնհայտորեն պետքարտուղար Բլինքենի կազմակերպած այդ գործընթացը Վաշինգտոնի ցանկացած արդյունքը չտվեց: Չի հաջողվում լուծել ամենակարեւոր՝ Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» գերխնդիրը: Պատճառն էլ է հասկանալի. ռուսական զորքն Արցախում է: Արդյունքում, ինչքան էլ որ Վաշինգտոնից Ստեփանակերտին մինչեւ իսկ ուժային լուծումով սպառնացին, սակայն բոլորն են հասկանում, որ Ալիեւի համար այդ քայլին գնալը ծայրահեղ ռիսկային է: Միաժամանակ Մոսկվայից միանշանակ ազդակներ եկան, որ ցանկացած լուծում, որն այս պահին Արեւմուտքից կպարտադրվի արցախահայությանը, չի ընդունի, եւ այսքանով հարցը մտնում է փակուղի: Գումարած, Մոսկվան ձեռքը պահում է նաեւ Մեղրիի երկաթուղու վերագործարկման թեմայի պուլսի վրա՝ քանիցս հայտարարելով, որ դա պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին խստիվ համապատասխան: Այսինքն, որ «Զանգեզուրի միջանցքի» սցենարը թույլ չեն տա իրականություն դարձնել: Ավելին, դրան կտրուկ դեմ է շարունակում մնալ նաեւ Իրանը, Մոսկվան եւ Թեհրանը դա կանխելու համար անգամ հյուպատոսարաններ հիմնեցին Կապանում, եւ այսպես շարունակ:
Մի խոսքով, կրկնենք, արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ-ում հայտնվեցին տեղապտույտի մեջ, թեեւ Սալիվանը եւս փորձեց միջամտել՝ հանդիպելով Բայրամովի եւ Միրզոյանի հետ: Եվ այսքանից հետո, երբ Սալիվանի մոտ են կանչում Ա.Գրիգորյանին, դժվար չէ կռահել, որ խնդիրը սեպտեմբերի 27-ի փաստաթղթի նշված երկու չկատարված կետերն առաջ տանելու միջոցների որոնումն էր: Ընդ որում, բացի Սալիվանից, Գրիգորյանի հետ կազմակերպվեց հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, «Ատլանտյան խորհրդի» եւ այլ ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների հետ, որը նույնպես հուշում է, որ փորձում են ներկա իրավիճակը փոխելուն միտված ինչ-որ նոր ռազմավարություն մոգոնել: Եվ դա, իհարկե, կդրվի մոտ ժամանակներս նախատեսված Ալիեւի եւ Նիկոլի՝ Բրյուսելում հանդիպման տակ:
ՆԻԿՈԼԸ ՄՆՈՒՄ Է ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Կստացվի՞ այդկերպ ռուսական զորքերի հարցը լուծել, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Սակայն այստեղ մեկ այլ նյուանս եւս պետք է հաշվի առնել: Բանն այն է, որ ԱԽՔ Արմենը, իհարկե, համեմատաբար ավելի անվտանգ (անձնական) կարող է ամեն մի թուղթ էլ ստորագրել: Ի վերջո, դա հետո Նիկոլն է հաստատելու, այսինքն՝ ողջ պաշտոնական պատասխանատվությունը, որը, չմոռանանք, պատմական մասշտաբի դավաճանության մակարդակի է հասնելու, կթողնեն հենց Նիկոլի վրա: Վերջինս, իհարկե, լավ պատկերացնում է, թե իրեն ինչի են դրդում, պարտադրում կամ նման մի բան: Արդյունքում, փորձում է ինչ-որ կերպ մանեւրել ԱՄՆ-ից եւ ՌԴ-ից եկող ճնշումների միջակայքում, թեեւ ակնհայտ է, որ այդ ռեսուրսը գործնականում սպառված է: Այսինքն, հասել է ժամանակը, որ կա՛մ պետք է համաձայնվի՝ ստորագրել այն բոլոր թղթերը, որոնք իր առաջ կդրվեն, բայց միաժամանակ բոլոր ռեսուրսները ներդնելով, որ Ստեփանակերտն ընդունի Բաքվի դուռը գնալու պայմանը: Կա՛մ պետք է լիովին շրջվի ռուսական ուղղություն, որը ներառում է մի շարք էական դետալներ: Այդ թվում՝ համաձայնություն, որ հայ-ադրբեջանական սահմաններին ՀԱՊԿ ուժերը տեղակայվեն: Երկրորդը, որ Մեղրիի երկաթուղին գործելու է բացառապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն:
Միեւնույն ժամանակ, այս երկու տարբերակներից մեկն ընդունելու պարագայում Նիկոլը չի կարող մի շարք էական դետալներ շրջանցել: Նախ, այն, ինչ պահանջում են ամերիկացիները, լայնորեն մերժվել է ինչպես հայաստանյան ներքին դաշտում, այնպես էլ՝ Ստեփանակերտի կողմից: Ավելին, Ստեփանակերտից, մի շարք տատանումներով եւ ներքին շպիոնական համակարգի գործադրմամբ հանդերձ, այնուամենայնիվ, եկավ Արայիկ Հարությունյանի անունից ակնարկ, որ նա կբանակցի Բաքվի հետ միայն մեկ պայմանով՝ միջնորդ լինելու են ռուսները: Իհարկե, եղան նաեւ ակնարկներ, որ Նիկոլը դեռ ունի Արայիկի վրա ազդելու որոշ լծակներ, այդ թվում՝ կարող է 44-օրյա պատերազմից մնացած մի շարք կոմպրոմատներ գործադրել: Բայց սրան զուգահեռ էլ, ակնարկներ եկան արցախյան նախկին եւ ներկա զինվորականությունից, որ իրենք եւ արցախյան հանրության բացարձակ գերակշիռ մասը միակ փրկությունը տեսնում են Մոսկվայի հետ համագործակցության մեջ, եւ եթե արցախյան ղեկավարությունը հանկարծ որոշի այլ ուղղությամբ շարժվել, պատասխան կստանա: Իսկ ահա Մոսկվան ԱԳ նախարարության մակարդակով ցույց տվեց, թե Արայիկ Հարությունյանին անգամ չեն ճանաչում, այսինքն, եթե նա հանկարծ որոշի ինքնակամ բռնել Բաքվի ճամփան, այդ մեխանիզմը կգործադրվի: Թե Արայիկն ընդամենը շարքային արցախցի է, չունի որեւէ լիազորություն, որ Արցախի անունից բան որոշի:
Եթե սրան ավելացնենք նաեւ ներհայաստանյան դաշտում առկա հակազդեցությունը, ապա ստանում ենք, որ Նիկոլն այս պահին էլ ունի լրջագույն խնդիր՝ Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» հարցը լուծելու համար: Իսկ առանց դրա ինչ «խաղաղության համաձայնագիր» էլ որ ստորագրի Ալիեւի հետ, Վաշինգտոնի համար լուծում չէ: Ու այդպիսով մնում է Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում «կախված» վիճակում: Ամեն դեպքում, նա օրերս հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիրը» դեռ վերջնական չէ, Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը ոչ մի բան չի ստորագրվելու, որը եւս ասվածի օգտին է ակնարկում:
ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Արդյունքում, կան նաեւ խոսակցություններ, որ ԱԽՔ-ին Վաշինգտոն կանչելը կարող է նաեւ ունենալ երկրորդ սցենար: Եթե այդպես էլ չեն կարողանում Արցախին պարտադրելու գործում միջոց գտնել, իսկ Նիկոլը բացահայտորեն չի գնում վաշինգտոնյան ուղղությամբ, այսինքն՝ ոտքը չի դնում մի մաշիկի մեջ ու հայտարարում, թե՝ ստորագրում եմ, իսկ եթե Արցախը հրաժարվի, ապա կփակեմ օգնության մինչեւ վերջին խողովակը, ապա կարող է գործել նաեւ «Բ» պլանը: Այն է՝ Նիկոլին «գունավորել», ԱԽՔ-ին սարքել վարչապետ, եւ նա առանց այս ու այն կողմ ընկնելու կարող է ամեն ինչ էլ ստորագրել: Բայց եթե անգամ այս վարկածն է, ապա սա էլ դեռ հանգուցալուծում չէ: Նախ, ներհայաստանյան ուժային լծակների նկատմամբ Նիկոլն ակնհայտորեն ունի կայուն վերահսկողություն, ինչքան էլ որ այդ ներքին ուժերի մի մասը ամերիկյան փողերով է ստեղծել: Այսինքն, Հայաստանում իշխանափոխություն սարքելը բավականին բարդ խնդիր է, հաշվի առնելով, որ «գունավորման» ամերիկյան մեխանիզմները վերջին ժամանակներս լավ չեն աշխատում: Գումարած, այդ դեպքում ռուսները հազիվ թե պասիվ դիտորդի դերում մնան, իսկ Նիկոլը կունենա նաեւ ղազախական տարբերակով ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու հնարավորություն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ