Ալիեւը «նա վսյակի» սիրախաղեր սկսեց Իրանի հետ
Վերլուծություն
Եվ իհարկե, ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=260186&l=am) արդյունքներին եւ դրան տրվելիք պատասխանին (որը կլինի օգոստոսին սպասվող ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում) սպասում են նաեւ մեր տարածաշրջանում: Մի կողմից, այս օրերին ՆԱՏՕ-ական Թուրքիան փորձեց անցնել «բարձր տոնայնության», բայց նաեւ զգացվում է, որ փորձում են ռուսական ուղղությամբ չափը չանցնել, թեեւ դրան մոտ են:
Իսկ մյուս կողմից որոշակի նոր տոնայնություն է նկատվում Բաքվի կողմից: Օրինակ կարելի է բերել Բայրամովի երեկվա հայտարարությունը, որով նա ընդգծեց՝ «Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են տարածաշրջանի զարգացման եւ անվտանգության համար: Բաքվի եւ Իրանի միջեւ կան բազմաթիվ տնտեսական նախագծեր, որոնցից մի քանիսն իրականացվում են, որոշները քննարկվում են»: Նույն ոճի մեջ էր Իրանի արտգործնախարարությունը՝ ի դեմս խոսնակ Նասիր Քանանի. «Այժմ մենք շատ լավ եւ փոխադարձ կառուցողական ճանապարհի վրա ենք: Երկու կողմերը պայմանավորվում են քննարկել երկկողմ հարաբերություններում տեղի ունեցածը դիսկուրսների շրջանակներում…»:
Այսպիսով, եթե ընդամենը շաբաթներ առաջ խոսակցություններ էին պտտվում ընդհուպ՝ Իրանի եւ Ադրբեջանի ռազմական բախման մասին, իսկ Էրդողանը վերջերս տրտնջում էր, թե Թեհրանը թույլ չտվեց «Զանգեզուրի միջանցք» բացել, ապա հիմա ակնհայտ շրջադարձ կա: Ընդ որում, Իրանը նույն տոնայնությանբ պնդում է, թե ոչ մի «Զանգեզուրի միջանցք», եւ դա ակնարկում է, որ շրջադարձը Բաքվի կողմից է:
Ինչո՞ւ, ի՞նչ է փոխվել Ալիեւի տրամադրություններում, դա եւս դժվար չէ տեսնել: Ակնհայտորեն, Իրանի մոտ կա միջազգային վարկանիշի կտրուկ աճ, որը պայմանավորված է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների որակական թռիչքով: Այդ շրջադարձը տեսան եւ գնահատեցին արաբական աշխարհի առաջնորդները, ու դա տարավ Մերձավոր Արեւելքի ընդհանուր ֆոնի փոփոխության: Եվ, իհարկե, այդ շրջադարձը չէր կարող հաշիվներից դուրս թողնել նաեւ Բաքուն: Թերեւս նաեւ հասկանալով, որ Էրդողանը, իհարկե, փորձում է հանդես գալ «հարց լուծողի» դիրքերից: Սակայն Թուրքիան այն բարդ տնտեսական վիճակում է, որ շատ մեծ սպասելիքներ նրա հետ կապելը սխալ կլիներ:
Վերջին սպասողական գործոնն Ալիեւի համար, իհարկե, եղել եւ մնում է ուկրաինական պատերազմը, որտեղ Ռուսաստանի պարտության դեպքում ներկայացված ողջ մթնոլորտը կարող է արագորեն փոխվել: Բայց ներկա իրողություններն ամենեւին էլ չեն խոսում Ռուսաստանի պարտության հավանականության մասին: Հակառակը, թեեւ դեռ պահպանվող ներքին եւ արտաքին նկատելի բարդություններին, Մոսկվան, այնուամենայնիվ, անցել է ամենածանր փուլը եւ հիմա ռազմատեխնիկական վերելքի փուլում է: Այսինքն, նրա հետ դեռ կարելի է խաղեր խաղալ, կապրիզների դիմել, բայց պետք է չափը պահպանել: Ընդ որում, ներկա դինամիկայով եթե ոչ ամիսներ, ապա գոնե մեկ տարուց նաեւ այդ խաղերն ու կապրիզները կարող են վտանգավոր լինել:
Կարճ ասած, սա զարգացման ամենահավանական սցենարն է, եւ ըստ այդմ էլ Ալիեւի համար գերադասելի է դարձել աստիճանաբար Իրանի հետ հարաբերություններում դրական տեղաշարժերի գնալ:
Իհարկե, դեռ փորձելով այս ընթացքում Նիկոլից, որն այդպես էլ վերջնական կողմնորոշման չի կարողանում հասնել ՌԴ-ԱՄՆ տիրույթում, առավելագույնը ստանալ: Սակայն այս ուղղությամբ եւս Ալիեւի համար ռիսկի գործոնը գնալով նկատելի է դառնում, հաշվի առնելով այն կոշտացող տոնայնությունը, որը գալիս է Մոսկվայից:
Ահա, մոտավորապես նման պատկեր ունենք, որը, սակայն, ՆԱՏՕ-ի ընթացող եւ ԲՐԻԿՍ-ի սպասվող գագաթաժողովների արդյունքում կարող է շատ ավելի կոնկրետանալ: Այսինքն, եւս մեկ-մեկուկես ամիս եւ մեր տարածաշրջանում եւս իրավիճակը կտեղափոխվի վերջնական հանգուցալուծումների փուլ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ