ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԴԱՀԻՃ ԴԱՌՆԱԼ
Վերլուծություն
Էրդողանը գլխավոր գերագույն դավաճանին մեկ ամիս է տվել` կապիտուլյացիա ստորագրելու: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը սպառնալիք է հնչեցրել: Բոլորը, և առաջին հերթին Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, և այդ պատասխանը կտրվի ամենակոշտ ձևով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ էլ ավելի մեծ լարվածության ստեղծումը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ճիշտ է, Բայրամովը «մոռացել» էր պարզաբանել, որ Արցախում և Հայաստանի սահմանին անվերջ սադրանքների նախաձեռնողը Ադրբեջանն է:
ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԳՐԵԹԵ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է
Իրադարձություններն արագանում են. ստորև` համառոտ ժամանակագրությունը:
Հուլիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը խոսում է Փաշինյանի հետ և շտապ պահանջում, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին ուղարկեն առերես խորհրդակցությունների:
Հուլիսի 12-ին Գրիգորյանը Պետդեպարտամենտում համագործակցության խոստումներ է ստանում ռազմաքաղաքական, էներգետիկ ոլորտներում և հատուկ ծառայությունների գծով: Անշուշտ, Ալիևի կամ Էրդողանի որևէ ներկայացուցիչ այդտեղ եղել է միաժամանակ: Հայաստան-Ադրբեջան երկկողմ համաձայնագրի տեքստի շուրջ, իհարկե, բանակցություններ են եղել:
Հուլիսի 12-ին ԱԽՔ Գրիգորյանը հանկարծ հայտարարում է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է ավելի վաղ կայանալ:
Հուլիսի 13-ին Բլինկենը զանգահարում է Ալիևին.
Եվ հուլիսի 13-ին հայտնի է դառնում Ալիև-Փաշինյան հանդիպման նոր օրը՝ հուլիսի 15-ը: Կապիտուլյանտը խոսում է «առաջընթացի հույսի» մասին:
Ամեն ինչ հուշում է, որ Նիկոլը ԱԽՔ-ի միջոցով բանակցել է Պետդեպարտամենտի հետ, և հուլիսի 15-ին, ամենայն հավանականությամբ, Ալիևը կստանա Արցախի մահապատժի երկար սպասված ստորագրությունը: Կարող եք չկասկածել` Նիկոլին հասկացրած կլինեն, որ եթե չեղավ ստորագրություն, ապա արագ կզրկվի իշխանությունից, և տեղը կփորձեն դնել ստորագրող մեկին, ամենայն հավանականությամբ` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին: Այս օրերին նաև քաղաքական և փորձագիտական կուլիսներում հայտնվել է դիսկուրս, թե ով է չարյաց փոքրագույնը` Նիկո՞լը, թե՞ ԱԽՔ-ը: Պարզ ողջամտությունը հուշում է` ոչ մեկը: Չկա չարյաց փոքրագույնը, երկուսն էլ բացարձակ չարիք են: Առավելևս, որ հենց հիմա աճել է աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում: Երևի պատահական չէ նաև, որ էզոթերիկները հուլիսի 17-ը համարում են հնարավոր ճակատագրական շրջադարձերի ամսաթիվ... Քաղաքագետ Արա Պողոսյանն արձանագրում է. «Իսկ հորիզոնում նշմարվում են ռուս-թուրքական նոր դիմակայության սաղմեր: Այս անգամ ևս այդ դիմակայությունն անպայման շոշափելու է Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը` չերաշխավորված ելքերով, հնարավորություններով ու կորուստներով, որին դիմակայելու և հնարավորություններն օգտագործելու կարողությունը ցուցիչ է` կայացած պետություն և պետական ինստիտուտներ կա՞ն, թե վերջնականապես «ձախողված պետության» ցուցանակ պետք է փակցնել երկրի մուտքի ու ելքի վրա»:
Կապիտուլյանտը ստույգ տանում է դեպի «ձախողված պետություն», ավելի ճիշտ` պետության վախճան: Իսկ այն, ինչ եփել են կապիտուլյանտը և ԱԽՔ-ը Արցախի համար, հուշում է` եթե իրենց նախագծածը իրագործվի, ապա արցախի 120 հազար ներկայիս բնակիչներից յուրաքանչյուրը օբյեկտիվորեն նրանց համար դիտարկվելու է որպես մահացու սպառնալիք: Սպառնալիք, որը նրանք չէին ուզենա տեսնել Երևանում, հետևաբար սպառնալիք դիտարկեն թերևս անգամ Արցախի բնակչության էվակուացիան: Եվ իրերի զարգացումը նրանց տանում է Արցախի դահիճ դառնալու ճանապարհով: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է. «Ի վերջո, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը միանշանակ չեն կիսում Լաչինի հարցում Բաքվի դիրքորոշումները: Խոշոր տերություններից յուրաքանչյուրն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Բայց հետո, ինչպես հայտնի անեկդոտում, նյուանսներ են հայտնվում»: Գերտերությունները չեն կիսում Ալիևի տեսակետը, բայց գլխավոր գերագույն դավաճանը և նրա ԱԽՔ-ը լավ էլ կիսում են: Եվ սրանք Բաքվի բռնապետի համար թերևս նույնիսկ Անկարայից ավելի շահագրգիռ դաշնակից են:
1988 ԹՎԱԿԱՆ 2.0
Հ1-ի լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Արցախին վերաբերող գրեթե բոլոր լուրերում, Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերի փոխարեն գրում է Լեռնային Ղարաբաղ: Կայքն ուսումնասիրելիս նկատվում է, որ վերջին շրջանում Արցախի փոխարեն կիրառում են ԼՂ տարբերակը ոչ միայն իրենց ձևակերպումներում, այլև խմբագրում են տարբեր հաղորդագրություններ՝ փոխելով նույնիսկ արցախցի պաշտոնյաների հայտարարությունները: Այսինքն` կապիտուլյանտները հետևողականորեն ադրբեջանականացնում են Արցախը նաև լրատվական տարածքում: Մինչդեռ թշնամին առանց կաշկանդվելու ՀՀ ամբողջ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:
Տոտալ կապիտուլյացիայի կուրսի տեսակետից անհանդուրժելի են համարվում անգամ ամենամեղմ շտկումների ամենակառուցողական առաջարկությունները: Վարդան Օսկանյանի առաջարկությանը կատաղի հակազդեցությունը ձեզ պարզ օրինակ... Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր ճեպազրույցում դրական գնահատեց Օսկանյանի առաջարկությունը, համացանցային տիրույթում տոտալ տեղեկատվական-հոգեբանական հարձակում սանձազերծվեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ: Ըստ ամենայնի, խունտան բնազդաբար վտանգ է զգում, որ Օսկանյանի առաջարկությանն այդ ֆոնի վրա համաձայնություն տալը կհանգեցնի իշխանությա զուգահեռ օղակի ձևավորմանը...
Իսկ Արցախում այսօր` հուլիսի 14-ին, հենց Արցախի իշխանությունները մեկնարկում են նոր Արցախյան շարժում, և զուգահեռները 1988-ի հետ բավականին ակնառու են: ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ: Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են: Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը»:
Իսկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ընդարձակ ուղերձով մոբիլիզացիայի կոչ է արել նաև ՀՀ բնակչությանը և սփյուռքին. «Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում: Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են»:
Պետնախարարը հորդորում է. «Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը: Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ»:
Նման է, որ կրկնվում է 1988-ի պատմությունը: Շարժում է սկսվում Ստեփանակերտում, և հետո դրան միանում է Երևանը, իսկ հետո ակնկալվում է սփյուռքի միանալը: Ստացվում է «1988 թվական 2.0» տարբերակ: Որպեսզի այն հաջողություն ունենա, կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի առաջնահերթ հեռացվի կապիտուլյանտն իր ամբողջ բոլուկով, զի նա ամենաիսկական ադրբեջանաթուրքական կամակատար է: 1988-ի փետրվարին Արցախից փախել էր Բաքվի կամակատար Կևորկովը, իսկ հիմա հարկ է նույն, բայց ավելի կոշտ եղանակով լուծել Նիկոլի խունտայի հարցը: Ի դեպ, եթե 1980-ականներին Կևորկովն իր մանկլավիկներով ամեն ձևով խոչընդոտում էր Հայաստանին միանալու ստորագրահավաքներին, ապա նույնը հիմա անում է ՔՊ-ն Հայաքվեի հանդեպ: Արդեն ֆիզիկական հարձակումներ են եղել Հայաքվեի ակտիվիստների դեմ Մարտունիում ու Հրազդանում` նիկոլական բանդաների կողմից... Իսկ ընդամենը 5 տարի առաջ նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր տեսնել, որ Հայաստանում ծեծեն Արցախի համար ստորագրություն հավաքողներին...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ