ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԵՐԱՑՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Վերլուծություն
7 տարի առաջ` 2016–ի հուլիսի 17–ին, «Սասնա ծռեր» կոչվող խռովարար զինված խումբը, սպանելով երեք ոստականների, գրավում է ՊՊԾ գնդի տարածքը: Այդ խմբի հիման վրա ստեղծված ԱԺԲ–ն այսօր դա ներկայացնում է «ապստամբության իրավունքի իրացում», սակայն հուլիսի 17–ը դարձավ այն ելակետը, որից սկսյալ կտրուկ արագացավ դրսից կառավարվող գործընթացը, որով Հայոց պետականությունը վերցվում էր մահացու օղակի մեջ:
ԱՅՍՊԵՍ ՄԵԶ ԴԱՐՁՐԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱԴՐԱՄ
Աշխարհաքաղաքական հսկաներին և անդրազգային կառույցներին ակնհայտորեն դուր չէր գալիս Սերժ Սարգսյանի հավասարակշիռ քաղաքականությունը, որ շնորհիվ Հայաստանի հետ հաշվի էին նստում բոլորը, դրանք կամենում էին այստեղ ունենալ դրածո, որը կսպասարկի իրենց շահերը և հաշվի չի առնի Հայաստանի ազգային և պետական շահը: «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման նախակարապետը, ընդ որում` մասամբ համընկնող անհատական կազմով, այսպես կոչված «100–ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունն էր, որը խռովություն էր ծրագրել 2015–ի ապրիլի 24–ին` հենց Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին: Սակայն ինչպես այդ, այդպես էլ մի քանի այլ խռովությունների օջախներ հաջողությամբ վնասազերծվել էին: Նաև 2017–ին ձերբակալվեց Սամվել Բաբայանը, ով կասկածվում էր մաքսանենգ ճանապարհով ներմուծված «Իգլա» հրթիռով «թիվ 1 բորտը» խփելու մտադրության մեջ:
2016–ին փորձ արվեց մեր բանակի ատամները հաշվել արտաքին ագրեսիայի միջոցով, սակայն և՛ բանակը, և՛ պետությունը, և՛ հասարակությունը պատվով հաղթահարեցին այդ փորձությունը: Եվ ահա հուլիսի 17–ին` դավադիր խռովություն, ընդ որում` նաև ազատամարտի հռչակավոր դեմքերի ներգրավմամբ: Սերժ Սարգսյանը բուն ահաբեկչության իրողությունը հանգուցալուծեց այնպես, ինչպես վայել է քաղաքական գրոսմայսթերին, սակայն հանրային տրամադրություններում եղավ հույժ վտանգավոր տեղաշարժ: Հազարավոր մարդիկ հենց փողոցում բացահայտ հրճվում էին ահաբեկչական բնույթի գործողություններով, այդ թվում և արդարացնում էին ոստիկանների սպանությունը:
Մինչ այդ «մայդանային» մեթոդները չէին հանգեցնում արդյունքի, որից հետո աստիճանաբար` 2015–ից սկսած, աստիճանական անցում կատարվեց զինյալ խռովությունների տեխնոլոգիաների: Եվ 2016–ի հուլիսի 17–ին եղավ հանրային տրամադրությունների այն աղետալի բեկումը, որը հնարավոր դարձրեց 2018–ի մղձավանջը: Ճիշտ է, 1999–ից ի վեր մշտապես ագրեսիվ քարոզչություն էր ծավալվում ընդդեմ Արցախի, արցախցիների և հաղթական նախագահների, սակայն ատելության աճը դարձավ էքսպոնենցիալ` հենց հուլիսի 17–ից սկսած: Եվ դրանով վարակվեցին ոչ միայն անգիտակից շարքային քաղաքացիները, այլև` մտավորականության մի մասը, իսկ գրանտակեր «քաղաքացիական հասարակությունը» խանդավառությամբ լծվեց ահաբեկչության պաշտպանությանը: Ասում են, թե դեռ «Սասնա ծռերի» խռովության ժամանակ կար ծրագիր Նիկոլին իշխանության բերելու, սակայն այդ տարբերակի խոչընդոտ գոյացավ հենց զինյալների ներսում` ի դեմս հաստակող Պավլիկ Մանուկյանի, ով հայտարարեց, որ «Նիկոլին պետք է գցել զիբիլի վեդրո»:
Եվ փաստը մնում է փաստ, որ ՊՊԾ գնդի խռովությունից հետո պետության հիմքերը որոշակի խարխլվեցին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ ավելի խոցելի արտաքին միջամտությունների նկատմամբ, այդ թվում` կադրային քաղաքականության ոլորտում: Եվ եկավ 2018–ի «թավշյա» այլանդակությունը, երբ, փորձագետների գնահատմամբ, եղավ աշխարհաքաղաքական կոնսենսուս` Սերժ Սարգսյանին հեռացնելու և ամենատականք կամակատարներին բերելու: Եվ այդ ազգակործան ու պետականակործան գործընթացի համար 2016–ին լավ հիմք էին ստեղծել հենց «Սասնա ծռերը», և ի դեպ նրանք, ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի, ողջունել էին իշխանազավթումը, նաև ակտիվորեն մասնակցել էին «դը՛մփ–դը՛մփ–հու»–ին: Ճակատագրի հեգնանքով հիմա նույն ԱԺԲ–ն արձանագրում է. «Անցյալը ուրացող նեոբոլշեվիկյան, «ապագա կա ապագա» փուչ տեսլականներով առաջնորդող, «Արարատի վրա քար նետող» թուրքական օրակարգ առաջ տանող ուժը Հայաստանում երբեւէ ստեղծված առաջին թուրքամետ կուսակցությունն է», և «գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծված հեղափոխությամբ իշխանության բերեց պոպուլիստական նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար»: Բայց, գրողը ձեզ տանի, ախր 2018–ին հենց դուք ամեն կերպ զորակցեցիք և ողջունեցիք գաղութարարին: Ի դեպ, թուրքական գաղութարարը նաև դասեր քաղեց 2016–ի խռովությունից, և ՊՊԾ գնդում ակտիվ շինարարություն է ընթանում, այն այժմ վերածվում է իսկական ամրոցի, ու այլևս մեկ «Կռազով» ու 30 զինյալով բան չի ստացվի:
ԹԵՎԱԿՈԽՈՒՄ ԵՆՔ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼ
Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 15–ին Բրյուսելում, իրապես զարհուրելի է: Բավարարում տրվեց Բաքվի բոլոր պահանջներին, ընդհուպ` ազերիների վերադարձը Հայաստան, ու հիմա ոչ միայն Բրյուսելը, այլ նաև Մոսկվան պաշտոնապես արձանագրեցին Նիկոլի պետական դավաճանությունը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Ճիշտ է, պաշտոնական Բաքուն հերսոտեց, թե ինչու իրենց չեղած «տարածքային ամբողջականությունը» Մոսկվան կապակցում է Նիկոլի անձի հետ, սակայն Նիկոլը դեռ դուրս չի թռել, Երևանի փողոցները դեռ ողողված չեն ապստամբ ժողովրդով: Միգուցե, դա լռություն է փոթորկից առաջ, իսկ միգուցե իրո՞ք շրջում ենք մեր պատմության վերջին էջը...
Ինչևէ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի գնահատմամբ.
1. Նիկոլը, հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքի, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021–26թթ. ծրագիրը, ՔՊ 2021թ. նախընտրական ծրագիրը, ինչպես նաև հակասելով իր իսկ նախընտրական խոստումներին՝ հերթական (երրորդ) անգամ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք: Հարկ է ի նկատի ունենալ, որ սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական «նախաձեռնության» վրա հիմնված հայտարարություն: Այն չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցը անտեսելու և Արցախի բնակչության ինքնորոշման միջազգային իրավունքի հետագա իրացումը բացառելու համար:
2. ԵՄ “միջնորդական” նախաձեռնությունը պետք է բխեր 2017թ. ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրներում վավերացված ՀՀ–ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ոգուց և պահանջներից՝ համաձայն որի ԵՄ–ն հանձնառել է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (այն դե յուրե գոյություն ունի) արված և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր սկզբունքներին: Ըստ CEPA–ի, այն հենված պետք է լինի նաև ՄԱԿ–ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ ԵՄ անունից հանդես եկող Շառլ Միշելի նախաձեռնությունը և հայտարարությունները ևս հակասում են ԼՂ հակամարտության կարգավորման ԵՄ պաշտոնական հանձնառություններին: ԵՄ հովանու ներքո տարվող նմանատիպ գործընթացը չի կարող հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և չի բերելու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների, հումանիտար ճգնաժամի անմարդկային ծանր հետևանքների, որի կանխարգելման համար ԵՄ–ն չի ցանկանում կիրառել գործուն միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ:
Հայաստանը որպես գործոն շարքից հանող և աշխարհաքաղաքական մանրադրամի վերածող «կոնսենսուսի» ակտորները թեև ստացան պատրաստակամ ծախու գործիք Նիկոլ, սակայն կայունությունը տարածաշրջանում կտրուկ նվազեց: Կհասկանա՞ն արդյոք, որ կայունության համար անհրաժեշտ է ուժեղ Հայաստան` Արցախով հանդերձ: Կհասկանան միայն, եթե կապիտուլյանտները վռնդվեն, և իշխանության գան կամ վերադառնան մարդիկ, ովքեր տիրապետում են հասկացնելու գործիքակազմին: Ի դեպ, դրա իրագործման ճանապարհին անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատել է մի ախոյանի, որին բանի տեղ դնող չկա. «Առավել զզվում եմ ոչ թե ծպտյալ ու բացահայտ նիկոլականներից, այլ հուսալքության գրկում հարմարավետ տեղավորված հականիկոլականներից: Առավոտից իրիկուն կլացեն, շուրջբոլորը բարոյալքող թույնով կսրսկեն, ամեն նախաձեռնությանը, ամեն խոսքին մի պոզուպոչ կկպցնեն, բոլորին կմեղադրեն բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, վերջում էլ իրենցից գոհ՝ լիցքաթափված և ուրիշների նյարդերից քամած էներգիայով լի, հանգիստ կգնան իրենց գործերով: Ավելի լավ է նիկոլական լինեիք, հաստատ ավելի քիչ վնաս կտայիք...»:
Իսկ հիմա դեռ շարունակվում է կապիտուլյացիայի վերջին փուլը: «Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,– ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան և քաջատեղյակ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Այդ ծրագիր–ճանապարհային քարտեզն, ըստ նրա, նախատեսում է ինտեգրման չորս փուլ.
1. Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով,
2. Արցախում ադրբեջանական մանաթի ներդրում,
3. Արցախի ՊԲ–ի ամբողջական զինաթափում եւ կազմալուծում,
4. Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը:
Ու այդ ամենը` 12 ամսվա ընթացքում: Իսկ իրականում դրա անշրջելիությունը կանխելու համար ավելի քիչ ժամանակ կա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ