Արցախյան իշխանավորների «տարօրինակ» խաղերը շարունակվում են
ՄիջազգայինԱլիեւի եւ Շառլ Միշելի հետ Նիկոլի բրյուսելյան հանդիպումը, անշուշտ, անցավ այն տրամաբանությամբ, որը, ըստ հրապարակային լուրերի, դրվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանին Վաշինգտոն կանչելու հիմքում: Հիշեցնենք, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Սալիվանի հետ Գրիգորյանի հանդիպումից հետո ի հայտ եկան թեզեր, համաձայն որոնց, բացի Արցախը ոտքով-գլխով ազերիներին տալուց, նրա առաջ դրվել է նաեւ «Զանգեզուրի միջանցքը» բացելու ու դրան վրադիր` Սյունիք ադրբեջանցի «փախստականների» վերադարձ ապահովելու եւ նրանց համար ազերիական վերահսկող կառույցի առկայություն արտոնելու թույլտվության պահանջ: «Փախստականների» մասին դեռ «համեստորեն» լռում են, բայց միջանցքի թեման բրյուսելյան հանդիպման ժամանակ ակնհայտ երեւաց:
ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՀԵՏՈ
Բայց մինչ միջանցքին հասնելը՝ դեռ պետք է կարողանան Արցախի հարց լուծել: Երեւի ուլտրալիբերալիզմի կարկառուն ներկայացուցիչ սույն Միշելը եւս հասկանում է, որ իր հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց հանդիպումից հետո, դրա համար շատ քիչ են: Այսինքն, Միշելը կարող է իր տերերի անունից ինչ-որ բաներ պահանջել Նիկոլից, հասնել այդ ուղղությամբ «դրական արդյունքների», սակայն դա դեռ չի նշանակում, որ Ալիեւը կարողացավ Արցախին տեր դառնալ եւ այնտեղ ՆԱՏՕ-ական բազաներ դնել: Դրա համար, ամենակարեւորը, պետք է կա՛մ արցախահայության միանշանակ համաձայնությունը ստանալ` նրանց ալիեւահպատակ դարձնելով, կա՛մ բոլորին քշել Արցախից: Երկրորդ տարբերակին՝ բացահայտ առճակատմանն Ալիեւն ակնհայտորեն չի գնում, պարզ հասկանալով, որ դա կդառնա Մոսկվայի հետ ուղիղ բախում: Եվ այն, որ բոլոր ջանքերը կենտրոնացված են արցախահայության համաձայնության վրա, տեսանելի էր նաեւ այս բրյուսելյան հանդիպումից շատ առաջ, եւ այստեղ Միշելն ընդամենը ամեն ինչ անում էր ծայրահեղ պարզ տեսքով հրապարակայնացնելու ճանապարհով:
Չկրկնենք Միշելի ասածները, դրանք հայտնի են: Միայն ընդգծենք, որ այս դեպքում էլ ավելի էական է դառնում հարցը, թե ի՞նչ է կատարվում Արցախում, ո՞ւր են տանում ներարցախյան ներկա խաղերը: Ինչպես հայտնի է, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Շառլ Միշելի եւ Ալիեւի հետ Նիկոլի հանդիպմանը հաջորդած հանրահավաքի ժամանակ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը սովորական «ստանդարտ» մտքերից այն կողմ չանցավ: «Ուզում եմ միասին հայտարարենք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ: Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է: Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»,- ասաց նա:
Իսկ կարո՞ղ է Ներսիսյանը, ավելի կոնկրետ` Արայիկ Հարությունյանը մի քանի շատ կոնկրետ ու տեսանելի հարցերի ուղիղ պատասխանը տան: Նախ, իսկ Արցախից դուրս կա՞ մեկը, որ Ներսիսյանին պետնախարար (Արայիկին` նախագահ) է անվանում: Ալիեւը` պարզ է` ոչ: Նիկոլն Արցախն Ադրբեջան է ճանաչել, էլի` ոչ: Արեւմուտքը հետեւողական դրան է տանում, ինչը երեկվա հանդիպումը եւս մեկ անգամ հաստատեց: Ռուսաստանն էլ իր հերթին նախօրեին միանշանակ գնահատական տվեց` Նիկոլը հրաժարվել է Արցախից, մեզանից ի՞նչ եք ուզում:
Հաջորդ հարցը. այսքանից հետո, երբ Արցախում ոչ թե նույնիսկ իրենց նախագահ եւ պետնախարար համարողը, այլ ցանկացած մեկը, ով ստանդարտ հայտարարություններ է անում, թե` «մեր անկախությունը ճանաչեք» ու նման բան, կա՛մ առկա իրավիճակում ոչ ադեկվատ է, կա՛մ կեղծ օրակարգերով դիտավորյալ ձգտում է արցախահայությանը շեղել միակ ճիշտ որոշումը կայացնելու ճանապարհից: Ո՞րն է այդ միակ ճիշտ որոշումը, դժվար չէ հասկանալ:
Այսպես, այն, որ Արեւմուտքը հետեւողականորեն գնում է Արցախը լիովին Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, եւ Նիկոլն էլ ամեն ինչ անում է դրա համար, բրյուսելյան վերջին հանդիպումը չէ, որ պետք է ցույց տար: Այստեղ մի պահ անցնենք Հայաստանի ընդդիմադիր դաշտին. մեր գործիչները կարծես թե «անսպասելիությունից ցնցված» էին: Հասկանալի է, հենց այս վերջին հանդիպումն էր պետք, որ «վերջապես հասկանային», թե իրականում ինչ է կատարվում: Ու ի՞նչ, հիմա հասկացա՞ք, սպասե՞նք կոնկրետ գործողություններ...
Վերադառնանք Արցախի ղեկավարությանը: Լավ, դուք նույնպե՞ս «միայն հիմա հասկացաք», թե Ալիեւը, Նիկոլն ու Արեւմուտքը միասնաբար ինչ են անում: Պարզ հարց` եթե շարունակեցիք «մեր անկախությունը» թեման, որեւէ դրական արդյունք կստանա՞ք…
Տխուր տեսք ունի, բայց անգամ այնպիսի չարատավորված գործիչ, ինչպես նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն է, նույն ոճի մեջ է` պատասխանելով Միշելին: «Անդրադառնամ Միշելի հայտարարությանը կետերով. նա խոսելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին, նշում է, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր: Պարզ է, կարելի է ասել, որ եթե Հայաստանն է ճանաչում, ինչ անենք: Սա ցույց է տալիս այն սխալ քաղաքականությունը, որի հետեւանքով նույն միշելներն ու նրա նմանները ակտիվացել են եւ ասում են՝ դուք եք ճանաչել»: Այս տեղին դիտարկումից հետո Բաբայանն անցնում է չգիտես ինչ ուղղություն. «Այսինքն՝ ի՞նչ է, ժողովրդավարական համայնքի ներկայացուցիչը ճանաչում է, կապ չունի չճանաչված ժողովրդավարական երկիրը տոտալիտարական երկրի մա՞ս»: Այսինքն, Ստեփանակերտում դեռ «ժողովրդավար-ոչ ժողովրդավար» տրամադրությունների մե՞ջ են, այդքան կտրվե՞լ են աշխարհի իրողություններից: Բայց այսքան ամիսների բլոկադան արցախցի ղեկավարներին պետք է որ շատ պարզ հուշեր, որ «ժողովրդավար միջազգային հանրությունը», բառի բուն իմաստով, թքած ունի, թե Արցախում քանի սոված ծեր ու մանուկ կա, եւ նրանցից քանիսին ազերիները կարող են մորթել: Բաբայանը շարունակում է այստեղից այնտեղ տատանվելով` ներկա իրավիճակի տակ մեկ տեսնելով` «Եթե կա միջազգայնորեն հաստատված ռեժիմ…», մեկ` Միշելը` «Խավիար է կերել ամեն առավոտ եւ ուտում է», ու նորից` «Ուզում են, որ Արցախը չլինի»: Բայց դեռ տարակուսո՞ւմ են Արցախում, որ նպատակը հենց դա է, որ Արցախը չլինի: Եթե ոչ, էլ ինչո՞ւ բացատրություններում են այստեղից-այնտեղ նետվում, թե Միշելին կաշառել են, կամ նման բան: Հարցն այն է, որ հենց այդ վերջնական եզրակացության վրա էլ պետք է կայացնել վերջնական կոնկրետ ու միակ ճիշտ որոշումը: Ու երբ տատանվում են, որոշումն էլ դառնում է Բաբայանի ասած այս մտքի պես. «Մենք այս իրավիճակում պետք է այս բոլորը հանգիստ լսենք, ասենք՝ Միշել, գնա քո գործին, սա մեզ համար ընդունելի չէ…»:
Ու հենց սա էլ ամենավատ տարբերակն է: Լավ, ասենք Միշելը գնաց իր գործին, դրանից բան կոխվի՞: Միշելը չեղավ, Բլինքենը կլինի, նա էլ «գնա իր գործին», Սալիվանն է խառնվելու: Այսինքն, գալիս ենք նույն կոնկրետ իրողությանը. Արեւմուտքն իրոք ուզում է, որ «Արցախը չլինի»: Արցախը կարո՞ղ է դրան իր ներքին ուժերով դեմ գնալ, թե` ոչ. երեւի պատասխանը բոլորն են հասկանում: Եթե` ոչ, ի՞նչ է պետք անել, դա է ողջ հարցը, որի հստակ պատասխանն այդպես էլ արցախյան ղեկավարությունը չի կարողանում կամ չի ուզում տալ:
ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Բայց գանք մյուս կողմից. իսկ արցախցի որեւէ պաշտոնյա պատրա՞ստ է սեփական գլխով երաշխավորել, թե իրենց ներկայիս այս «քաղաքականությունը» արդյունք կտա, այն է` արցախահայությունը կկարողանա սեփական հողի վրա ինքնուրույն ապրել. սպասենք նման հայտարարության, որը, սակայն, չի լինի:
Ուրեմն, մնում է միակ ուժը, որից հնարավոր է կոնկրետ գործողություն սպասել: Բոլորի համար ակնհայտ է` դա Ռուսաստանն է (նույնիսկ Իրանը բուն Արցախի մասով կոնկրետ գործողության չի գնա, Թեհրանի «կարմիր գիծը» «Զանգեզուրի միջանցքն» է):
Իսկ ահա Ռուսաստանը նախօրեին հատուկ «հանճարեղ փրկիչների» կամ «հանճարեղ փրկիչ խաղացողների» համար եւս մեկ անգամ պաշտոնապես կրկնեց. Նիկոլը հայտարարել է, Մոսկվան միջամտելու որեւէ հիմք չունի: Այսինքն, որպեսզի միջամտի, պետք է նախ դրա հիմքը ստեղծել: Միակ տարբերակն է Արցախի (ղեկավարության, բնակչության, մի խոսքով` ողջ ժողովրդի) պաշտոնական դիմումը Մոսկվային: Մոտավորապես այսպես. «Մեր կյանքը, սեփական հողի վրա ապրելու իրավունքը ոտնահարված է: Խնդրում ենք մեզ փրկել: Բոլորս դիմում ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով, քանի որ այս պահին այլեւս որեւէ քաղաքացիություն չունենք»: Եթե ինչ-որ մեկն իրոք դեռ չի հասկացել, որ սա միակ շանսն է, ընդ որում, աստիճանաբար թուլացող շանսը, վատ է: Ստեփանակերտյան լիդերները, կարծում ենք, հստակ գիտակցում են, որ հենց այդպես է: Երեկվա հանրահավաքում պետք է բոլոր ղեկավարները կանգնեին ու հենց դա հայտարարեին, ու երբ դրան հաջորդեց Ներսիսյանի հիշատակած տափակ հայտարարությունը, հուշում է, որ կա դիտավորություն (կարելի է նաեւ դավաճանություն ասել, սակայն տերմինից բան չի փոխվում): Եթե Արայիկը այսօր կամ վաղը դա չանի, նույն տպավորությունն է:
Ինչ է, Վիտոյին բռնեցին, որ հանկարծ նման կոչ չլինի՞...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk