Ալիեւը դեռ կաշխատի վերջին շանսից օգտվել
Վերլուծություն
Իհարկե, Հայաստանի եւ Արցախի գործողությունները հարավկովկասյան ներկայիս խաղերում որոշակի դեր ունեն (Տես նաեւ https://iravunk.com/?p=260763&l=am): Բայց նաեւ այնպես չէ, որ, օրինակ, Արայիկ Հարությունյանի «տարօրինակ» խաղերը կարող են հասցնել Արցախից ռուսական ուժերի հեռացմանը: Այն, ինչ անում է Նիկոլը այստեղ եւ Արայիկի միջոցով՝ Արցախում, որոշակի ազդեցություն թողնում է ընդհանուր տրամադրությունների վրա: Սակայն իրականում ողջ խնդիրը, ինչպես պարզ էր արդեն 2020թ. նոյեմբերի 10-ից, տեղափոխվել է ռուս-ադրբեջանական հարթություն, բնականաբար, հաշվի առնելով հարակից մեծ ու փոքր գործոնները՝ Թուրքիա, Իրան, Արեւմուտք եւ այլն:
Դա նաեւ վերջին օրերին ավելի պարզ, տեսանելի դարձավ, երբ Բաքուն գնաց Մոսկվայի հետ դիվանագիտական բաց առճակատման: Օրինակ, «Կոմերսանտը» իրավիճակը տեսնում է այսպես՝ «Հարավային Կովկասը, հնարավոր է, դրամատիկ իրադարձությունների շեմին է կանգնած: Դա պարզ դարձավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ աննախադեպ կտրուկ հայտարարությունների փոխանակումից հետո»: Լրատվամիջոցը ներկա իրավիճակը գնահատում է, որպես «վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ճգնաժամը» ռուս-ադրբեջանական հարաբերություններում, եւ դրանում ճշմարտություն, իհարկե, կա: Թե ինչու, իհարկե, դժվար չէ հասկանալ: Բաքուն, մի կողմից ստանալով Նիկոլի անթաքույց օգնությունը, մյուս կողմից, հասկանալով, որ ներկա իրավիճակն իր համար շանս է, որից չօգտվելով, կարող է այլեւս նման հաջողություն չունենալ, բնական է, որ փորձում է առավելագույնս օգտվել իրավիճակից: Դրա միակ միջոցը, ի սկզբանե էր հասկանալի, ռուսական ուժերի հեռացումն էր եւ, օգտվելով Ուկրաինայում Մոսկվայի խիստ ծանրաբեռնվածությունից, փորձում է իրեն հարմար եզրագծի հասնել:
Իհարկե, այդ ծրագրերը մեծ ռիսկ պարունակում են: Սակայն կարելի է զգալ, որ խոստումներ արեւմտյան բլոկից Ալիեւը ստացել է եւ միգուցե իրեն բավականին վստահ է զգում: Ու պետք է փորձի հնարավորինս արագ հասնել ցանկալի հանգուցալուծմանը, քանի դեռ իրավիճակի խոշոր փոփոխություն չկա:
Այս ընթացքում, հատկապես բլոկադայի երկար ամիսներին Մոսկվան փորձում էր ժամանակի վրա խաղալ՝ փորձելով հնարավորինս մեղմել սուր անկյունները: Բայց այս վերջին կոշտությունները ցույց տվեցին, որ այդ փուլն արդեն անցած է: Ամբողջ հարցն այն է, թե Մոսկվան գնաց այս սրացումներին՝ այլ տարբերակ չտեսնելո՞վ, թե համարում է, որ ստեղծվել է այն ընդհանրական իրավիճակը, երբ կարող է իրեն ավելի վստահ զգալով՝ նախազգուշացման ժեստերի գնալ:
Մի կողմից, Ուկրաինայում այս պահին ստեղծված ֆոնը պետք է որ Մոսկվային վստահություն ներշնչի: Ուկրաինական այդքան քարոզված հակահարձակումն առանձնակի էֆեկտ չտվեց, եւ եթե անգամ հիմա ռուսական բանակն իր հերթին չանցնի հակահարձակման, որի հնարավորությունը կարծես թե ունի, մեկ է, ուկրաինական կողմի համար դեռ մի քանի ամիս առաջ եղած շանսերը հետ բերելը շատ դժվար կլինի: Նախ, էապես կրճատվել է մոբիլիզացիոն ռեսուրսը, եւ դժվար է ունեցած մարդկային կորուստները լրացնել : Հաջորդը, անգամ ուկրաինական աղբյուրներն են հաստատում, որ ԱՄՆ-ն սպառնում է կրճատել ֆինանսավորումը: Գումարած, ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը, որ անցած ամիսներին ակտիվ զարգացման փուլում էր, հիմա արդեն հասել է այն մակարդակին, որ կարող է բոլոր հիմնական պահանջները բավարարել: Եվ այսպես շարունակ:
Կարճ ասած, Մոսկվան իրեն վստահ զգալու հիմքեր ունի եւ երբ ցուցադրաբար գնաց «հացահատիկային գործարքի» չեղարկմանը, ապա դա եւս ակնարկ է այդ վստահության մասին: Այսինքն, որ արդեն իրեն պատրաստ է համարում առկա սուր անկյունները հարթելու փոխարեն, դեռ մի բան էլ ավելի սրելու ուղղությամբ գնալ:
Այն տպավորությունն է, որ մի պահ զգոնությունը կորցնելով, Էրդողանը փորձում է հիմա գնալ Մոսկվայի հետ ստեղծված հակասությունները հանդարտեցնելու ուղղությամբ՝ մի գլուխ հայտարարելով Պուտինի հետ հանդիպման ցանկությունից, նաեւ ցույց տալով, թե «ըմբռնումով է մոտենում» «հացահատիկային գործարքից» Մոսկվայի հրաժարվելուն: Սակայն Կրեմլի ռեակցիան, թե՝ Պուտինի ժամանակացույցում դեռ Էրդողանի հետ շփվելու ժամանակ չկա, իր հերթին է խոսում սրացումների գնալու պատրաստակամության մասին:
Ալիեւը դեռ այլ տրամադրությունների մեջ է, որը սպասելի էր: Վերջին շանսից պետք է փորձել օգտվել, եւ Հեյդարովիչը դեռ այդ տեմպի մեջ է:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա այս օրերին «մարզային տուրիզմով» է զբաղված, ինչ-որ անասնաֆերմաներ է գնում, կովեր է ուսումնասիրում: Չնայած, պետք է, չէ մի բանով զբաղվի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ