ԵՐԲ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է ԶԻԲԻԼԸ
Վերլուծություն
Այո՛, հենց զիբիլը, այլ ոչ թե աղբը: Աղբը հայերեն բառ է, իսկ սրանք թրքահպատակ են և թրքահարճ, հետևաբար թուրքերեն զիբիլը ավելի համարժեք է: Եվ սրանք կառավարիչ են, այլ ոչ թե` իշխանություն: Սերժ Սարգսյանը պատահականորեն չէր օգտագործում «կառավարիչ» եզրույթը: Կառավարիչ` governor, կամ manager, այսինք ոչ թե ՀՀ իշխանություն, այլ Էրմենիստանի օկուպացիոն վարչակարգ: Եվ օրինաչափ է, որ սոցցանցերում ՀՀ քաղաքացիներն օգտագործում են «զիբիլի կատու» արտահայտությունը, իսկ Պավլիկ Մանուկյանը դեռ 2016–ին մարդամեկին առաջարկում էր «գցել զիբիլի վեդրո»:
ԱՂԲԸ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Ի դեպ, դեռ «նախկինների», կամ ՔՊ–ական սլենգով ասած, «ռոբասերժադաշնակների» օրոք սրանց հոգևոր հայրիկներին փոխնախարարներից մեկը կնքել էր «ՀՀՇ–ի արտադրական թափոններ»: Իսկ սրանց բուծած պարեկներն ու տարբեր գույնի բերետներն էլ ստացան «թավշյա մուսըռներ» պիտակը, որը խոշոր հաշվով սազում է և՛ սրանց գրպանային քննիչներին, դատախազներին, դատավորներին, և՛ գործ կարող ու ազատազրկան հանձնարարություններ կատարող այլ օղակներին, որ բուսնում են սնկի պես:
Իսկ մայրաքաղաքը կորած է աղբի մեջ: Կասեք դա փոխքաղաքապետ և քաղաքապետի ՔՊ–ական թեկնածու Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի արդյո՞ւնքն է: Սակայն մեր գործընկեր, վերլուծաբան Վահե Սարգսյանը պնդում է, որ դա քաղաքական տեխնոլոգիայի մի մասն է, և վստահ է, որ առնվազն 16–րդ թաամասում դա նախընտրական ակցիա է. «Մի ֆիլմ կա, որտեղ Չարլի Չապլինն իր որդեգրած երեխայի հետ շրջում է քաղաքում, երեխան առջևում գնալով ջարդում է մարդկանց տների ապակիները, իսկ ինքը` Չապլինը, նրա հետքերով գնալով` հանդես է գալիս իբրև ապակի դնող վարպետ, և երկուսով հիանալի փող են աշխատում: Հենց այս աղբանոցները նկարում էի` մարդիկ մոտեցան, մեկը` ախպեր սաղ քաղաքը էս է, մյուսը թե` երեկ ...յանը (տալիս է հայտնի թրաշամանչուկի անունը) խոսել է, ասել է` մի տեղ տեսա` վիզներդ կտրելու եմ, սաղ մաքրեք... Թե որքան հեշտ է մարդկանց մատի վրա ֆռռցնել` դատեք ինքներդ. ինքդ արհեստականորեն ստեղծում ես պրոբլեմը, այն է` մի քանի օր աղբը չես տանում («ջարդում ես ապակիները»), հետո դառնում ես փրկիչ («ապակի դնող»): Արցախը, արյամբ ազատագրած երկիրը Ադրբեջան ճանաչող խմբակի անդամը իր չտարած աղբը տանելով դառնում է հերոս, փրկիչ... Բայց դե` փորձված մեթոդ է, փաստ է, որ աշխատում է»:
Ի դեպ, անգլերենում քաղտեխնոլոգները կոչվում են spin doctor, այսինքն` ֆռռացնելու վարպետ: Այդպես ավելի ազնիվ է, բայց տեխնոլոգիաները աշխատում են նաև անգլերենին տիրապետողների միջավայրում: Սակայն եթե Ավինյանը առաջ է գնում` «երկքայլանոց» հնարքներ անելով, տարբեր «ապրելու երկիրները» և այլ կեղծ ընդդիմադիրները բավարարվում են նույնիսկ հասարակ պոպուլիզմով` խոստանալով Երևանում Օստապ Բենդերի «Նյու Վասյուկի»: Եվ այդ ամենը` ավագանիում մի քանի տեղ փախցնելու համար: Եվ իրական ընդդիմադիրները ճիշտ են, որ ընտրություններով Նիկոլին ու խունտային հաղթել հնարավոր չէ: Վկան` առանձին համայնքներում հաղթած ընդդիմադիրներին կա՛մ կալանավորել են, կա՛մ «կոտրել»` ստիպելով գնալ գործարքների և գլխավոր գերագույն դավաճանին ճանաչել «պարոն վարչապետ»:
Իսկ տեղեկատվական դաշտը լցված է աղբով և/կամ անգամ թուրքական զիբիլով բերնեբերան: Օրինակ, հին սորոսականները աղբի են վերածել անգամ Արցախի պաշարմանը վերաբերող թեմաները: Ինչպես արձանագրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Հայաստանի 22 ՀԿ–ներ և երեք փորձագետներ խիստ «մտահոգված» հայտարարությամբ, իրենց «զայրույթն» են հայտնում ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, Հայաստանի վարչապետ կոչեցյալին ուղղված նամակի կապակցությամբ: Հարց է առաջանում. իսկապե՞ս զայրացած և մտահոգված են այդ բոլորը: Չեմ հավատում: Հայտարարության մեջ «մտահոգված» քաղհասարակությունը մանրամասն բացատրում է, թե ինչ է բնապահպանությունը, Օրհուսի կոնվենցիան, շատ լավ գիտակցելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից ուղղորդվող «բնապահպաններին» բոլորովին չեն հետաքրքրում բնապահպանական հարցերը: Մի՞թե նշյալ «մտահոգ և զայրացած» քաղհասարակության ներկայացուցիչները չգիտեն, որ այդ ամենն ունի մեկ մեղավոր՝ Հայաստանի վարչապետ կոչեցյալը: Նրանք անմեղսունակ, տխմարներ չեն, որ այդ պարզ բանը չգիտակցեն: Այս հայտարարությամբ նրանք հերթական անգամ իրենց հավատարմությունն են հայտնում պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, Արցախն ուրացած, վարչապետ կոչեցյալին: Հնարավոր է, որ որոշ անձանց հարցում սխալվում եմ: Հայտարարությունը ստորագրածներից ով հրապարակային հայտնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Արցախն ուրացողը դավաճան է, պատրաստ եմ նրանից ներողություն խնդրել»:
Պարոն Իշխանյանը հասարակ, բայց աշխատող չափորոշիչ է առաջարկում` եթե անընդունելի չեն համարում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը և արցախուրացներին դավաճան չեն համարում, ուրեմն քննադատությունները, դիրքորոշումները, պահանջները` այդ ամենը կեղծ է: Մեր գործընկեր Արամ Աբաջյանն առաջարկում է չհանդուրժել Նիկոլի աղանդավորներին ոչ մի տեղ՝ բակում, խանութում, աշխատավայրում, բարեկամության և ընկերության մեջ, օդում, ջրում, ցամաքում: «Սա արեք և կտեսնեք, թե ինչքան բան է փոխվում»,– վստահ է նա:
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ է
Քաղագագիտության դոկտոր Վահե Դավթյանը անդրադարձ է կատարել այնպիսի աղետաբեր երևույթին, ինչպիսին է ժեխը, որն իր 680 հազար քվեներով երաշխավորում է զիբիլի իշխանավարության շարունակականությունը և թունավորում շուրջբոլորն արցախուրացությամբ և կոսմոպոլիտ հակապետական նյութապաշտությամբ: Նա գրում է. «Յուրաքանչյուր ազգ ունի լուսավոր և մութ արխետիպեր: Կարլ Յունգը նրանց անվանում է պարզապես Անձ և Ստվեր:
Հաճախ մի արխետիպը փոխարինվում է մյուսով: Նրանցից որն է գերիշխելու՝ սրանից է կախված մարդու սոցիալական վարքագիծը:
Ճիշտ է, ինքը Յունգը չի ասում, որ այդ դուրսմղումը կարելի է վերահսկել: Եվ նույնիսկ անհրաժեշտ, եթե վտանգված է քաղաքական շահը: Ինչո՞ւ եմ ես: Վերջին տարիներին հաճախ են խոսում հայ հասարակության բարոյական (հոգևոր) ինտելեկտուալ և այլ ճգնաժամի մասին: Ասում են՝ հասարակության մեջ գերիշխում է ժեխը, այստեղից էլ նիկոլական համակարգի կենսունակությունը (որն, ի դեպ, արդեն առկա է):
Ընդհանրապես այդպես է: Այնուամենայնիվ, միայն մակերեսի վրա: Որովհետև հարցը քիչ թե շատ խորը մակարդակով դիտարկելիս ակնհայտ է դառնում` մեր արխետիպերը վերահսկվում են: Եվ շատ խելացի ու պրագմատիկ: Այնքան պրագմատիկ է, որ նույնիսկ նրանք, ովքեր խոսում են գործող իշխանության կողմից կիրառվող մշտական մանիպուլյացիաների մասին, ակամա նպաստում են Լույսի արխետիպը Խավարի արխետիպով փոխարինմանը: Նոր ձևով այն կոչվում է «դիսկուրսի կառավարում»: Նա ստեղծեց տեղեկատվական ֆրեյմ, և նույնիսկ այն, ինչը կարծես թե հակասում է պաշտոնական հռետորաբանությանը, դեռևս կանխորոշված իմաստային ֆրեյմում է:
Մեզ նոր ֆրեյմներ են պետք: Իսկ նոր ֆրեյմները նոր ճարտարապետի կարիք ունեն»:
Այդ «նոր ճարտարապետի» գործով զբաղված են ինչպես առանձին անհատներ, այնպես էլ հանրային նախաձեռնություններ: Օրինակ, Կիևյան կամրջից Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մեծ նկարը` նրա վերջին խոսքերով հանդերձ ցուցադրելը Լույսի դիսկուրսը վերադարձնելու փորձ է: Հիշենք` Ռոբերտ Աբաջյանի կերպարը սիմվոլիկ առումով այնքան վառ էր, որ 2018–ին պիղծ իշխանազավթիչները հրապարակ էին բերել Աբաջյանի ֆեյք պապիկին...
Ընդհանրապես ապագայաստեղծ գործունեությունն է միայն ստեղծում նոր լուսավոր ֆրեյմ: Իզուր չէ, որ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Անդրանիկ Մարգարյան դպրոցում քաղաքական կրթություն են տալիս հարյուրավոր երիտասարդների: Իսկ Արմեն Աշոտյանը նաև բանտախցում ապացուցեց, որ ոչ միայն քաղաքական, այլև ճշմարիտ պետական գործիչ է, նախաձեռնելով «POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար» հոդվածաշարը: Նա մասնավորապես գրում է. «Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ինչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:
Ուստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:
Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST–NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:
«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ»:
Այո՛, այդ հարցը շատ կարևոր է, և դրա պատասխանից է կախված նաև Նիկոլին հեռացնելու հաջողությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ