Ալիեւն ունի չորս ամիս
Միջազգային
Թե ինչ է արել, անում եւ անելու Նիկոլը, ակնհայտ էր դեռ 2018թ.-ից եւ վերջնական ապացուցված դարձավ 2020թ.-ին: Նրա հետագա բոլոր ասուլիսները, հայտարարությունները, ելույթներն ու գործունեությունը հենց այդ դաշտում են, եւ ամեն անգամ նրա ասածները տող առ տող քննարկելը՝ պարզապես պարապ զբաղմունք է: Այնուամենայնիվ, այս հերթական ելույթում նա մեկ թեմա առաջ տարավ, որին անդրադառնալ պետք է:
ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱՐՑԱԽԻՆ
Այսպես, իր խոսքում Նիկոլը սկսեց երեսով տալ, թե գիտեք քանի հարյուր միլիարդ ենք ձեզ տվել, ա՛յ երախտամոռներ: Իհարկե, այստեղ կարելի է երկար-բարակ փիլիսոփայել, թե հոր տնից բերած փողերը չէ, որ տվել է, կամ թե դա պատերազմական պարտության համար կաշառք է, եւ այդպես շարունակ: Սակայն այստեղ ամենագլխավորն այլ է. Նիկոլն այդ հայտարարությամբ պարզապես Արցախին սպառնաց` փող ենք տալիս եւ կարող ենք չտալ, տեսնենք այդ դեպքում ի՞նչ եք անելու:
Ամիսներ առաջ առիթ ունեցել էինք ենթադրություն հայտնել, որ այդ պահը գալու է: Այսինքն, եթե անգամ բլոկադայով չեն կարողանում արցախահայությանը ստիպել` գնալ Ալիեւի առաջ ծնկելու, ապա դրան կհաջորդեն վերջին քայլերը: Այն է` Արցախը կզրկվի ֆինանսավորումից, կչեղարկվեն արցախահայերին տրված հայաստանյան անձնագրերը եւ այլն: Դրա ձեւն էլ կա. Ալիեւը կսկսի սպառնալ` քանի որ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, ի՞նչ գործ ունեն հայկական դրամն ու անձնագրերն այնտեղ: Եթե մեկ դրամ էլ տաք, դա կորակենք, որպես Ադրբեջանի դեմ տնտեսական դիվերսիա, պատերազմական ակտ եւ այլն: Այստեղ էլ, հասկանալի է, կարդարանան` բա հո Արցախին փող տալու համար պատերազմ չե՞նք սկսի: Հայաստանյան բանկային համակարգը, այլ ֆինանսական ուղղվածության պետական կառույցները, բնականաբար, այդ դեպքում կդադարեցնեն Արցախի հետ բոլոր կապերը, ու թե դրան ինչ կհետեւի, դժվար չէ պատկերացնել:
Այսպիսով, երբ Նիկոլը սկսում է բացահայտորեն «երեսով տալ», թե ձեզ փող ենք տվել, դա նմանվում է բացահայտ ակնարկի, որ Արցախի ֆինանսազրկման, անձնագրազրկման եւ նման այլ քայլերի փուլն ամենեւին էլ սարերի հետեւում չէ: Համենայնդեպս, երեկ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիից նման հայտարարություն լսվեց. «Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, դուրս բերի իր ուժերի տարրերն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից ու դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»: Այն, որ Նիկոլի փոխանցմամբ, Բաքուն սկսում է այդ թեման առաջին պլան բերել, դա խոսում է այն մասին, որ շրջափակման օպերացիան սկսում են համարել ոչ լիովին արդյունավետ եւ անցնում են արցախահայությանը կենսագործունեության բոլոր միջոցներից զրկելու փուլին:
ԱՐՑԱԽԻ «ԴՈՆԲԱՍԻՖԻԿԱՑՄԱՆ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նման զարգացումը արտգործնախարարների վերջին մոսկովյան այցի արդյունքում սպասելի էր: Բուն այդ հանդիպման տոնայնությունը, որն ի սկզբանե դրեց Մոսկվան, այդ թվում` կոշտ հրավերով, մեկ բան է հուշում` ՌԴ-ն փորձում է կտրուկ շրջադարձի գնալ:
Նախ, բուն շրջափակման հետ կապված, հետաքրքիր էր Լավրովի այս միտքը. «Ցանկանում ենք օժանդակել այնտեղ առաջացած սուր հումանիտար խնդիրներին: Դրա համար կան ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բոլոր հնարավորությունները: Սակայն առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»: «Հեշտ չէ»-ն չի նշանակում, թե «անհնար է»: Այսինքն, Լավրովի խոսքը կարելի է այսպես հասկանալ` կարող ենք հարցը լուծել, եւ լավ կլինի, որ դա անենք համատեղ, քանի որ ցանկալի է գործընթացը պահել եռակողմ ձեւաչաի շրջանակներում:
Իսկ ահա հեղինակավոր քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ակնարկեց, թե Մոսկվան ինչպես կարող է լուծել շրջափակման խնդիրը. « Տարածվում է նաեւ Ստեփանակերտ-Երեւան, Ստեփանակերտ-Մոսկվա ուղիղ օդային տրանսպորտային հաղորդակցության բացման գաղափարը, եթե շրջափակումը չվերացվի»: Այն, որ կա նման ծրագիր, ավելի վաղ ներկայացնելու առիթ ունեցել ենք: Եվ հիմա, երբ դա հաստատում է նաեւ արցախյան ուղղությունից քաջատեղյակ Տարասովը, եւ դա բերում է հրապարակային դաշտ, գալիս է հուշելու, որ այս եռակողմ հանդիպման շրջանակներում Մոսկվան կողմերին ներկայացրել է, որ այսպես շարունակվելու դեպքում կիրականացնի այդ ռազմավարությունը, եւ պետք է մտածել միջոց գտնելու մասին, որ ճանապարհի բացումը ներկայացվի՝ որպես համատեղ ցանկություն:
Այն, որ դրան հաջորդեց Արցախի ֆինանսավորումը կտրելու հնարավորության մասին ալիեւա-նիկոլական ակնարկը, իհարկե, կարելի է ընկալել նաեւ Լավրովի հայտարարության պատասխանը: Բայց մյուս կողմից էլ հարց է, թե այդ ռազմավարությունն Ալիեւը կարո՞ղ է կամ կցանկանա՞ շարունակել: Վերջին հաշվով, Արցախը դեռ պաշտոնապես ՌԴ-ի օգնությանը դիմելու գործիքն ունի, եւ, հաշվի առնելով խաղաղապահ զորախմբի առկայությունը, ներարցախյան ծախու շրջանակներն այդ գործիքը լիովին չեզոքացնելու քիչ հնարավորություն ունեն: Իսկ ֆինանսավորումից եւ անձնագրերից զրկելը կարող է դառնալ այդ ստիպողական դրվագը, որ ՌԴ-ի պրոտեկտորատի տակ անցնելու դիմում ներկայացնելու խաղաթուղթը մնա միակը` դրամն ու հայկական անձնագրերը ռուբլիով եւ ռուսական անձնագրերով փոխարինելու համար. այլ տարբերակ պարզապես չի մնում, քանի որ այլընտրանքը կմնա մանաթին եւ ադրբեջանական անձնագրերին անցումը: Այսինքն, այս դեպքում արցախյան խնդիրը վերջնականապես կարող է վերածվել Մերձդնեստրի կրկնօրինակի, եւ եթե Ալիեւը մտածի գնալ ռազմական ճանապարհով, ապա նաեւ՝ Դոնբասի կրկնօրինակի: Սրա այլընտրանքը կլինի այն, որ Մոսկվան կովկասյան հարթակում իրեն պարտված ճանաչի, դիրքերը զիջի ՆԱՏՕ-ին` դրանից բխող բոլոր աշխարհաքաղաքական հետեւանքներով հանդերձ: Սա քիչ հավանական է թվում, եւ շատ ավելի նման է նրան, որ Մոսկվան կգնա արցախյան խնդրի ընդհուպ` «դոնբասիֆիկացիային»: Եվ եթե Ալիեւը լիովին իրականությունից չի կտրվել, թերեւս ավելի կնախընտրի չգնալ այն վերջին սրացումներին, որոնք Մոսկվային կպարտադրեն` մտնել վա-բանկի ամենածայրահեղ դաշտ:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ամեն դեպքում, Լավրովի որոշ հայտարարություններ եկան հուշելու, որ հիշատակված ամենածայրահեղ մեթոդներից խուսափելու ընդհանուր տրամադրվածություն կա: «Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում նախատեսվում է այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հերթական գագաթաժողովն անցկացնել»,- ասել է նա: Արտգործնախարարների հանդիպման հրավերը հնչեցնելով, ՌԴ ԱԳՆ-ն միաժամանակ հայտնել էր նաեւ նման գագաթաժողովի անցկացման սպասելիքների մասին, եւ, դատելով հիշատակված հայտարարությունից, նման պայմանավորվածություն ձեռք բերվել է: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ դրա շրջանակներում քանիցս վերջնագրային տոնայնությամբ ֆիքսեց, որ բոլոր հետագա պայմանավորվածությունները, այդ թվում` «խաղաղության պայմանագիրը» պետք է լինեն եռակողմ փաստաթղթերի համաձայն: «Մենք ակնկալում ենք, որ այս համաձայնագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը կամփոփի հայերի եւ ադրբեջանցիների ջանքերը, որոնք նախաձեռնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ»,- ավելորդ անգամ ֆիքսեց Լավրովը: Այսինքն՝ ենթադրելի է, որ եռակողմ ձեւաչափով գագաթաժողովին, եթե իհարկե Ալիեւին ու Նիկոլին չհաջողվի այն ձախողել, կներկայացվի հենց եռակողմ պայմանավորվածությունների եւ Մոսկվայի այլ առաջարկների հիման վրա «խաղաղության պայմանագիր» կնքելու սխեման, որը, չմոռանանք, ենթադրում է Արցախում ռուսական զորակազմի պահպանում:
Ամեն դեպքում, դեռ մինչ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, «պատահաբար միացված մնացած» միկրոֆոնը «գաղտնազերծեց» Լավրովի եւ նրա օգնականի խոսակցության մի փոքրիկ դրվագ, որտեղ հնչեց միտքը, թե` «ԼՂԻՄ արտահայտությունն օգտագործելու դեպքում դա կարող է դուր չգալ Ադրբեջանին»: Այս հիմքի վրա կարելի է մի ամբողջական ենթադրական շղթա կառուցել, սակայն այս պահին ֆիքսենք ամենակարեւորը: Սա մեկ բան է նշանակում, ՌԴ ԱԳՆ-ում ԼՂԻՄ-ի կարգավիճակին վերադառնալու գաղափարը շրջանառվում է: Եվ այն, որ դա այդքան «պատահականորեն» հասանելի դարձավ ոչ միայն Ալիեւին, այլ նաեւ Նիկոլին, իր հերթին է մատնանշում այն ուղղությունը, որով Մոսկվան պատրաստվում է առաջ գնալ: Հնչեց նաեւ ժամանակացույցը` մինչեւ տարեվերջ:
Այսպիսով, կարո՞ղ է մինչ այդ Ալիեւը հասնել նրան, որ կնքվի Վաշինգտոն-Բրյուսելի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»: Դրա համար նա պետք է կարողանա նախ` Արցախից հանել ռուսական զորախումբը: Հենց այս խնդիրն է, որ Արեւմուտքն այդպես էլ չի կարողանում լուծել:
Ուրեմն, կգտնի՞ Ալիեւը միջոց, որ առաջիկա 4 ամիսներին հեռացնի ռուսական զորքերին, այդ դեպքում կհասնի ուզածին: Չի՞ գտնի, ուրեմն կմնա շարժվել ռուսական սցենարով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ