Ալիեւի ինչի՞ն էր պետք Վագիֆին բռնելը
Վերլուծություն
Վերջին օրերի սկանդալներից մեկը, ինչ խոսք, Հակարիի կամրջի հատվածում 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի առեւանգումն էր ազերիների կողմից: Չնայած տեղի ունեցածը, ընդհանուր առմամբ, հասկանալի է, բայց նաեւ մի շարք ուշագրավ հարցեր է առաջ քաշում:
Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԲԱՔՈՒՆ
Ամենակարեւոր հարցը՝ Ալիեւի ինչի՞ն էր պետք 68-ամյա արցախցուն ձերբակալելը, նա դրանով ինչի՞ կարող է հասնել: Հասկանալի է, փորձում է ցույց տալ, թե՝ ես եմ այստեղ տեր ու տիրականը, ինչ ուզեմ, կանեմ, այդ արցախցուն էլ համարում եմ իմ քաղաքացին, կուզենամ՝ կբռնեմ, կուզենամ, բաց կթողնեմ: Լավ, ասենք իրեն այդպես ցույց տվեց, որը Նիկոլի առկայության պարագայում մի մեծ բան չէ: Բայց դրանով ինչի՞ է ուզում գործնականում հասնել:
Չմոռանանք, այս պահին Ալիեւը մեկ գերխնդիր ունի լուծելու՝ Արցախը վերահսկողության տակ առնել՝ կարողանալով շրջանցել ռուս խաղաղապահներին: Այդ նպատակին հասնելու համար նրա լավագույն տարբերակը եղել եւ մնում է, որ արցախահայությունը կամավոր համաձայնվի Ադրբեջանի կազմ մտնել: Այս տեսանկյունից կարելի է հասկանալ այն, որ որպես ճնշման միջոց Ալիեւը շրջափակել է Արցախը՝ փորձելով տարաբնույթ Սյամոների միջոցով առաջ տանել «Բաքվի դուռը գնալու» սցենարը: Ընդ որում, այս վերջին փուլում Բաքուն հիմնական քարոզչական շեշտը դրել է հետեւյալի վրա՝ մեր քաղաքացիներն են, ինչ շրջափակում, ինչ բան, էն է՝ Աղդամով ճանապարհ բացել ենք, թող համաձայնվեն, միանգամից ամեն բան կստանան, գազ ու հոսանքից սկսած, սեւ իկրայով վերջացրած, թող միայն համաձայնվեն, բոլորին անցյալի համար ներում կշնորհենք: Նաեւ չմոռանանք, որ Վաշինգտոնը եւս այդ «ներում շնորհելու» քայլը ներառել էր Արցախի հետ կապված «խաղաղության պայմանագրի» իր ռազմավարության մեջ, բա թե՝ Ալիեւը խոստացել է բոլորին ներել անցյալի համար, մտածելու բան չկա: Վերջապես, նաեւ Նիկոլն է այդ թեզը ակնարկի տեսքով շրջանառում, թե՝ թող գնան, Ալիեւի հետ բանակցեն:
Ու հիմա Ալիեւն այնպիսի մի քայլ արեց, որ միանգամից մեծ քար գցեց այդ ողջ քարոզչական տրյուկի վրա: Օրինակ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելուց հետո հանգիստ հայտարարում է. «Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առեւանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու»:
Հիմա մասնավորապես Նիկոլի համար այս խնդիրն է առաջանում. ինչպե՞ս է շարունակելու քարոզել արցախահայերին, թե գնացեք, Բաքվի հետ բանակցեք: Բանակցեն, որ հետո Ալիեւը Վագիֆի օրինակով բոլորին բա՞նտ տանի: Կամ նույն բացատրությամբ՝ ինչպե՞ս է Վաշինգտոնը շարունակելու բանակցելու կոչեր անել, եւ այս առումով պատահական չէր, որ Բլինքենը շտապեց զանգահարել Ալիեւին, թե այս ի՞նչ ես անում: Նաեւ, ներարցախյան շպիոնները հիմա ինչպե՞ս են շարունակելու արցախահայությանը ազերիների հետ համատեղ գոյակցելու հեռանկար քարոզել: Վերջապես, չէ՞ որ այս իրավիճակն առաջին հերթին հենց Ալիեւի համար է վնաս. քաղաքական առումով ի՞նչ տվեց նրան մեկ մարդու բռնելը. տեսանելի որեւէ օգուտ չկա: Փոխարենը, վնասները տեսանելի են:
Կարելի է Ալիեւի այս քայլը բացատրել էյֆորիայով, սակայն դա թույլ բացատրություն կլիներ: Նաեւ հաշվի առնելով հետեւյալ հնարավոր զարգացումները:
ԱՐՑԱԽԻ ՌԵԱԿՑԻԱՆ
Այսպես, Վագիֆին կալանավորելն այն քայլն էր, որը կարող է նաեւ լուրջ հետեւանքներ ունենալ: Այսպես, Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն, այսպես մեկնաբանեց. «Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում եք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Եվ դժվար թե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները, հատկապես հիմա, այն բանից հետո, ինչ կատարվեց այս երկու օրերին»:
Արցախյան սորոսածինները եւս խոստովանեցին, որ ինչ-որ բանակցությունների պայմանավորվածություն, Արեւմուտքի հովանու ներքո, եղել է: Սակայն Վագիֆի կալանքը, ինչպես նաեւ Բաբայանն է ակնարկում, դառնում է իրավիճակի փոփոխություն: Ու դա հասկանալի է. եթե Արցախում կային մասնակի տրամադրություններ, թե, ինչու ոչ, կարելի է Բաքվի հետ ինչ-որ ձեւով լեզու գտնել, ապա հիմա արցախահայության համար Վագիֆի դեպքը դարձավ ահազանգ: Այն է՝ լեզու գտնելու հետեւանքը կարող է դառնալ մի գեղեցիկ օր ադրբեջանական մի գեղեցիկ բանտում հայտնվելը: Ընդ որում, գրեթե յուրաքանչյուր արցախցի իրեն, իր մերձավոր հարազատին կամ ընտանիքի անդամին տեսնում է այդ վտանգի տակ: Սա, թուլացնելով ներարցախյան շպիոնների դիրքերը, միաժամանակ ամրացնում է այն թեզի կողմնակիցների դիրքերը, որ արցախահայերն ունեն երկու ճանապարհ՝ հեռանալ կամ գտնել կոնկրետ միջոց, թե ինչպես կարող են սեփական հայրենիքում ապրել առանց ազերիներին ենթարկվելու: Կրկնենք, այլընտրանքն ադրբեջանական բանտում հայտնվելու հեռանկարն է, ու հենց այն պահին, երբ ազերիների համար հասանելի կդառնան, ասենք, կգնան ադրբեջանական անձնագիր ստանալու:
Միաժամանակ, այն զրո ռեակցիան, որն այս օրերին արցախահայերը ստացան նիկոլյան թիմից, ասենք նաեւ հայաստանյան ընդդիմությունից, հերթական ազդակը դարձավ, որ Հայաստանի հետ հույսեր կապել չեն կարող: Դրանում տրամաբանություն կա. երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ «Արցախն Ադրբեջան է, եւ՝ վերջ», այսինքն՝ արցախահայերը «Ադրբեջանի քաղաքացիներ» են, բնական է, դրանով նաեւ ընդունում են, որ նրանց նկատմամբ պետք է գործի ադրբեջանական օրենսդրությունը: Իսկ ադրբեջանական օրենքները Արցախի մինչեւ վերջին քաղաքացուն կարող են ֆիքսել, որպես ապօրինի ռազմական կազմավորումների մեջ ներգրավվածներից սկսած, ահաբեկիչներով վերջացրած, եւ Վագիֆի դեպքը եկավ ապացուցելու, որ հենց այդպես էլ պարտաստվում են վարվել:
Այսինքն, Ալիեւի այդ քայլի արդյունքում ամեն մի արցախցու համար, թերեւս արդեն վերջնականապես ֆիքսվեց այս իրավիճակը. կա՛մ հեռանալ, կա՛մ պատրաստ լինել ադրբեջանական բանտ նստել: Եվ վերջին տարբերակը՝ գտնել միջոց, երբ կարող են առանց Ադրբեջանին ենթարկվելու ապրել իրենց հողի վրա:
Վերջին տարբերակը, հասկանալի է, նոր չէ, որ առաջ է գալիս: Սակայն Վագիֆի դեպքն այս տարբերակի համար եւս օրինակ դարձավ: Վագիֆին, ինչպես հայտնի է, առեւանգեցին Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու ժամանակ: Ընդ որում, Կարմիր խաչը ոչ միայն այդ պահին որեւէ կերպ չցանկացավ կանխել այդ հանցագործությունը, այլ նաեւ իր հետագա գործողություններում, մեղմ ասած, չփայլեց: Առավելագույնը, գնացին եւ Բաքվում Վագիֆին հանդիպեցին: Մինչդեռ, վստահեցնում ենք, եթե Վագիֆի փոխարեն ԱՄՆ որեւէ քաղաքացու տանեին Կարմիր խաչի ձեռքից, ապա անմիջապես կհաջորդեր այդ երկրում գործունեության դադարեցման մասին հայտարարություն, ապա հսկայական աղմուկ աշխարհով մեկ: Այսինքն, պատկերը սա էր. Ալիեւը հրապարակավ «թքեց» Կարմիր խաչի վրա, իսկ այս հզոր միջազգային կազմակերպությունը կեցվածք է ընդունել, թե՝ «անձրեւ է գալիս»: Թե ինչու, դժվար չէ կռահել. Կարմիր խաչն իրեն դրսեւորեց որպես «ստանդարտ» արեւմտյան կազմակերպություն, որը կատարում է այն, ինչ կարգադրում են: Ենթադրությունն էլ այն է, որ կոնկրետ դեպքում հրամայել են՝ չաղմկել:
ՍԽԱԼ ՔԱ՞ՅԼ, ԹԵ՞…
Ու նորից գալիս ենք այն մտքին, որ եթե արցախահայերը ցանկանում են մնալ սեփական հողի վրա, ապա Արեւմուտքից եւս օգնություն ակնկալելն անիմաստ է. արեւմտյան պլանները ճիշտ հակառակն են նախատեսում: Այս ամենը նորից ու նորից բերում է նույն կետին. սեփական հողի վրա ապրելու համար արցախահայության միակ հնարավոր քայլը Ռուսաստանից օգնություն խնդրելն է: Ընդ որում, որքան հուշում է շարքային (նաեւ՝ հեղինակավոր) արցախահայերի հետ զրույցները, այդ գիտակցումն արցախահայության մոտ մեծ էր: Իսկ Վագիֆի դեպքից հետո անգամ «մենք անկախ ենք» տեսլականը կրող եւ իրոք հայրենասեր հատվածի մոտ եւս ռուսներին դիմելու գաղափարը սկսել է գերիշխող դառնալ:
Հասկանալի է նաեւ, որ արցախյան իշխանությունները, ինչքան էլ իրավիճակը սրվում է, համառորեն հեռու են մնում պաշտոնապես Մոսկվային դիմելու սցենարից: Ընդհուպ, Արայիկի մակարդակով հասան զավեշտանման, ավելի ճիշտ՝ ողբերգանման նստացույցի, որը, ինչպես սպասվում էր, ոչ մի բան չտվեց: Պետքարտուղար կոչվածի մակարդակով ինչ-որ անհասկանալի հանրահավաքներ են կազմակերպում, ու էլի ցույց տալու համար, թե, տեսեք, պայքարում ենք: Հիմա էլ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով: Ու տեսնես ի՞նչ է նա սպասում նախկին դատախազից, որ նա փորձագիտական կարծիք կտա, ու Ալիեւը սարսափահար կվազի բլոկադան վերացնելո՞ւ: Այսինքն, այն պահին, երբ ներարցախյան վիճակը հասել է սովամահության շեմին, Արայիկն ու նրա դրածոներն այս աբսուրդային քայլերո՞վ են ուզում հարց լուծել: Թե՞, կրկնենք, ընդամենը փորձում են տպավորություն թողնել, թե գործ են անում, միայն թե չգնան միակ քիչ թե շատ ռեալ քայլին՝ չդիմեն Մոսկվային:
Վագիֆի դեպքը կարող է հենց Մոսկվային դիմելու ուղղությամբ մեծացնել ներքին ճնշումն Արայիկի եւ նրա «իշխանական» համակարգի վրա: Հենց սա է, որ Ալիեւի համար կարող է իրոք լուրջ հետեւանքներ ստեղծել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ