Հեռուներից կոչ են անում՝ հավաստագրերը հեռու տեղ չդնե՛ք
Ներքաղաքական
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի «Արար» հիմնադրամի (համարվում է համահիմնադիրը) գործադիր տնօրեն, նաեւ «Հայաքվե» նախաձեռնության անդամ ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆՆ ընդամենն օրեր առաջ հրապարակային ազդարարելով, որ Հայաստանի 54 800 արժանապատիվ քաղաքացի արդեն միացել է «Հայաքվեին»՝ զգուշացրել էր, որ պայքարը շարունակվում է:
«Հավաստագրերը հեռու տեղ չդնե՛ք: Շուտով պիտի պայքարով տեր կանգնենք մեր ստորագրությանը», - կոչ էր արել Խաչիկյանը:
Եվ մինչ 54 800 արժանապատիվ քաղաքացի զինված «Հայաքվեի» ստորագրություններով սպասում է, թե երբ է յուր ստորագրություններով պայքարելու ու տեր կանգնելու որեւէ այլ երկրի, ըստ վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության, չմիացող Արցախին, պարզվում է՝ Արմեն Խաչիկյանը մեկնել է Լեհաստան:
Իհարկե, լավատեսները կասեն, որ նա մեկնել է լեհերին էլ զգուշացնելու, որ Արցախը երբեք չի լինելու որեւէ այլ երկրի կազմում, բայց՝ ոչ, Խաչիկյանն արդեն տեսանյութ է հրապարակել, թե Արցախի համար այս օրհասական օրերին ինչ հիասքանչ է անցնում Լեհաստանում գերմանական հայտնի «Ռամշտայն» ռոք խմբի մարդաշատ ու կրակոտ համերգը:
Սեփ. լրատվություն
