Տոնոյանը «տակից» վերահաստատեց, որ 2020թ.-ից մինչ օրս գործ ունենք նույն դավաճանական շղթայի հետ
Վերլուծություն
ԱԺ քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ամենասենսացիոն, ավելի ճիշտ՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Նիկոլի «բացատրություններին» հասցված ամենալուրջ հարվածներից մեկը, թերեւս, բանակի մարտունակության մասին նրա տված պատասխանն էր: Այսպես, ըստ Տոնոյանի՝ իր նախարար դառնալու պահին Հայոց բանակն ի զորու էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել: «Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է: Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր»:
ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Նման պատասխանը ներկա ՔՊ-ականներին, հասկանալի է, նյարդայնացրեց: Փորձում էին ինչ-որ թվեր, տափակ տրամաբանություն մեջ բերել, թե ա՛յ Տոնոյան, այս ի՞նչ ես ասում: Սակայն Տոնոյանը իրենն առաջ տարավ, թե՝ 2018թ. մայիսին, երբ նշանակվել է նախարար. «Մեր գնահատականը եղել է, որ մենք կարող ենք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի սահմաններին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը: Կարող էինք անել»:
Թե ինչու նման բացատրությունից այդքան նյարդայնացան ՔՊ-ականները, «անհասկանալի» է: Ի վերջո, Նիկոլն էր դեռ 2020թ. սեպտեմբերին, ադրբեջանական հարձակումից օրեր առաջ հայտարարում, թե Հայոց բանակը տարածաշրջանում լավագույնն է: Ճիշտ է, փորձում էր դա վերագրել իրեն, եւ Տոնոյանը հենց այդ միֆը «պայթեցրեց, թե՝ բանակը մարտունակ էր Նիկոլի իշխանության գալուց առաջ: Բայց սա մի կողմ, կան ավելի կարեւոր հարցեր, քան ՔՊ-ականների վայնասունից գլուխ հանելն է:
Այսպիսով, փաստը սա է. նիկոլական նախարարը, որն այդ պաշտոնին է գտնվել մինչեւ պատերազմի վերջ, այսինքն՝ անվերապահ վստահություն է վայելել, հայտարարում է, որ Հայաստանը Նիկոլի իշխանության գալու պահին ուներ միանգամայն բավարար պաշտպանունակություն: Ու նորից առաջ է գալիս հետեւյալ հարցը՝ իսկ ինչպե՞ս եղավ, որ դրանից մոտ 2,5 տարի անց այդ պաշտպանունակությունը նվազեց, եւ Հայաստանը խայտառակ պարտություն կրեց: Կամ այսպես՝ միգուցե պաշտպանունակությունը չնվազեց, ու դրանով հանդերձ՝ պարտվեցինք:
ՔՊ-ականները փորձեցին այլ միտք եւս առաջ մղել, թե միգուցե բանակի վիճակը վատը չէր, բայց ունեինք անկառավարելի մոբիլիզացիոն ռեսուրս եւ այդ պատճառով էլ պարտվեցինք: Սակայն լավ կանեին (իրենց համար լավ), որ այդ դաշտ առհասարակ չմտնեին, թե մինչ Նիկոլի իշխանության գալը նորմալ մոբիլիզացիոն համակարգ չի եղել: Երեւի ՔՊ-ական «մանրապճեղները» չեն էլ գիտակցում, բայց նրանց վերնախավը լավ հասկանում էր, որ Ադրբեջանին ժողովրդագրական առումով էապես զիջող Հայաստանը չէր կարող «ստանդարտ» մոբռեսուրսով նրա հետ ոտք մեկնել: Դրա համար կար պաշտպանական ռեզերվի միանգամայն այլ համակարգ՝ ազատագրական պատերազմի կամավորական ուժերը, որոնցից առաջին պլանում պետականորեն պահվում էր Երկրապահը: Հենց ԵԿՄ-ն էր, որ ինչպես նաեւ Քառօրյայի փորձը ցույց տվեց, պատերազմի երկրորդ-երրորդ օրը պետք է զգալի ուժեր հաներ առաջնագիծ՝ բանակին օգնելու համար: Իսկ ԵԿՄ-ի հետ միասին, նորից Քառօրյայի փորձով, սահման էին դուրս գալու նաեւ այլ պատրաստված ուժեր: Այս համակարգը հաշված օրերի ընթացքում համալրում էր առաջնագիծը, մինչեւ դրա հետեւից գար նաեւ «ստանդարտ» մոբիլիզացիոն ռեսուրսը: Եվ այն, որ Նիկոլն իշխանության գալուն պես առաջին հերթին հարվածն ուղղեց հենց ԵԿՄ-ին՝ «տուշոնկաների» խայտառակ եւ այդպես էլ որեւէ հիմնավորում չստացած արհեստական գործով, Հայաստանին միանգամից զրկեց մշակված եւ մինչ այդ հստակ գործող մոբիլիզացիոն ռեսուրսից՝ բանակը միայնակ թողնելով թշնամու դեմ: Այսինքն 2018թ.մայիսից հետո անվտանգությունն ապահովելուն միանգամայն պատրաստ բանակը, եթե անգամ, ինչպես Տոնոյանն է պնդում, մի բան էլ մինչեւ 2020թ. սեպտեմբերն ավելացրել է իր մարտունակությունը, մեկ է, մոբիլիզացիոն համակարգի ոչնչացումը եւ դրա փոխարեն որեւէ ռեալ բան չստեղծելն արդեն իսկ պարտության լուրջ պատճառներից մեկը կարող էր դառնալ: Գումարենք դավաճաններին, ու ամեն բան տեղն է ընկնում:
ՆԵՐԱՐՑԱԽՅԱՆ ՀՈՒԴԱԻԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իհարկե, բազում այլ հարցերի հետ կապված եւս, Տոնոյանի հայտարարություններում շատ ուշագրավ դրվագներ կային, որոնք, երբ ընդհանրացնում ենք, տանում է մեկ մտքի՝ պատերազմից առաջ եւ ժամանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Պաշտպանության բանակի ղեկավարման համակարգում «բարդակային» վիճակ էր: Բայց երբ նայում ենք հետպատերազմյան իրողություններին, դժվար չէ հենց նույն պատկերը արձանագրել: Ընդ որում, այս անգամ դա շատ ավելի ցայտուն է քաղաքական համակարգում, եւ հենց դա է նորից ու նորից տանում այն մտքին, որ գործ ունենք մեկ ընդհանրական շղթայի հետ՝ սկսած 2018թ.-ից, վերջացրած մեր օրերով: Սկսած այն պահից, երբ իրենց համառորեն արդարացնել փորձող Տոնոյանի ղեկավարման ժամանակներում էր՝ 2018թ. ամռանը, որ հանձնվեցին Նախիջեւանի դիրքերը, որոնք ազերիների կրակի տակ պահեցին Արցախ տանող ճանապարհը, իսկ Տոնոյանն արդարանում էր՝ թե բա իրենց տարածքն է, ինչ ուզեն, կանեն: Ընդ որում, դա միայն Տոնոյանին վերագրելն անթույլատրելի է. Նիկոլն էլ շատ պարզ տեսնում էր, թե ինչ է կատարվում: Վերջացրած մեր օրերով, երբ արդեն Նիկոլն է ուղիղ տեքստով արդեն նաեւ Արցախը հռչակում Ադրբեջան, իսկ արցախյան ղեկավարությունը ինքն իրեն դրել է «էշի ականջում քնած» վիճակում:
Ու նույնկերպ էլ, ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում շարունակում են ներքին խաղերը թշնամու հետ, որոնց վերջնական իմաստը արդեն կասկածի տակ առնելն անհնար է: Կարելի է բերել, ասենք, սորոսածինի համարում ունեցող եւ Արայիկի թեթեւ ձեռքով Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի վերջին հայտարարությունների օրինակը: Այսպես, սույն «անհասկանալի» երեւույթը Արցախում ներքաղաքական իրավիճակը փորձում է տանել այս ուղղությամբ. «Վերջերս ԱԺ-ում նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, Դավիթ Իշխանյանի անունն են տալիս: Դավիթ Իշխանյանին որպես մարդ ես հարգում եմ, բայց եկեք հասկանանք: Դուք նորից Աշոտ Ղուլյան եք խաղում, դուք պետականություն չեք ուզում, դուք չեք թողնում՝ մենք պետականություն ունենանք: Ո՞նց կարող է ԱԺ-ում երեքհոգանոց խմբակցությունից ընտրել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան, թե ոնց են էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն ընտրվել Բակո Սահակյանի օրոք: Հիմա կա «Ազատ հայրենիք» մեծամասնություն: Լավ, «Ազատ հայրենիքը» հասկացանք, Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք բան արեք, բաց Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ՀՅԴ-ի ներկայացուցչին առաջ բերեն, մանավանդ, որ ՀՅԴ-ի մեջ մարդիկ կան, որ նույնիսկ իրավունք էլ չունեն բերանը բացելու»:
Խոսքն այստեղ միայն այն մասին չէ, որ հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնին նշանակված սույն երեւույթը ներկա կործանարար վիճակում դեռ կուսակցականություն է փորձում խաղալ: Շատ ավելի վտանգավոր է, որ սա բացահայտորեն ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնին է փորձում մղել Սյամոյի թեկնածուին: Այն նույն Սյամոյի, ով արդեն առանց թաքցնելու է արցախցիներին համոզում՝ գնալ, Ալիեւի առաջ ծնկի գալ:
Միգուցե կասկածներ մնային, սակայն դրանից մեկ-երկու օր առաջ էլ նշված Տ. Պետրոսյանը հետեւյալը հայտարարեց. «Վաղը պետք է Ստեփանակերտի եւ Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է…»: Ու հետո հպարտորեն ավելացնում է, թե, գիտեք՝ «Եվրոպան եւ ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում», բայց ահա. «Ռուսաստանն այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել, եւ ամսի 25-ին Լավրովը հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի է եւ ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:
Թե ում վրա է աշխատում սույն անձը, ինչու է Սյամոյին փորձում առաջ տանել, կարելի է կռահել: Սակայն այլ կողմից նայենք հարցին. նման անձնավորությանը Արայիկն ինչո՞ւ է նշանակել Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ: Քանի՞ հաջող «հակաճգնաժամային» հարց է նա կարողացել լուծել, երեւի հասկանալի է: Այսինքն, սրա մասնագիտական կարողությունների համար չէ, որ Արայիկը նշանակել է:
Մինչդեռ, այդ նշանակման արդյունքում հասանք նրան, որ արդեն արցախյան սորոսածինները սկսել են ամենաբաց ձեւով ժողովրդին Ռուսաստանի դեմ տանելու փորձերը, թեեւ միակ ուժը, որ Արցախը 2020թ. նոյեմբերի 10-ից ի վեր հայկական է պահել եւ ի զորու է պահել, հենց Մոսկվան է: Ինչո՞ւ, քանի՞ հուդայական արծաթով են արցախցի համարվողները սեփական հայրենիքը վաճառքի հանել, դա էլ հարցի մյուս կողմն է: Ամբողջ հարցն այն է, թե Արայիկը, որպես ԱՀ իշխանական համակարգի ղեկավար, այս իրավիճակում այդ պաշտոններին նման անձանց պահելով, փորձում է ցույց տալ, թե ինքը եւս նույն դաշտո՞ւմ է…
Ուրեմն, ինչո՞վ են զբաղված Արցախի ղեկավարությունը 2020թ.-ից՝ Արայիկի իշխանության գալուց ի վեր: Գոնե մազաչափ նրանց քաղաքականությունը փոխվե՞լ է կամ կարո՞ղ է ինչ-որ հրաշքով փոխվել. այ, հենց այս հարցերն են, որոնք այսօր կարող են որոշել Արցախի ճակատագիրը: Այս իրավիճակում կարո՞ղ են Արցախի ներքին հայրենասիրական ուժերը սեփական ներքին թուրքից ազատվելու միջոց գտնել: Դատելով ընդհանուր ֆոնից, առանձնապես հուսադրումներ այստեղ չկան:
Քերոբ Սարգսյան