Արցախի շուրջ հնարավոր են դարձել նոր շրջադարձերը
Վերլուծություն
Ալիեւի ջրաղացին ջուր լցնող քայլերը, որոնք անում են հայաստանյան եւ արցախյան հուդաները, ի՞նչ ռեալ էֆեկտ կունենա, դժվար է ասել (https://iravunk.com/?p=261686&l=am):
Ալիեւն այս պահին ակնհայտորեն վա բանկ է գնում: Ընդ որում, ոչ միայն խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ի, այլ նաեւ ԱՄՆ-ի նկատմամբ: Բանն այն է, որ Ալիեւը նաեւ Վաշինգտոնից դժգոհելու առիթ ունի: Ամերիկացիները, թեեւ ամեն կերպ փորձում են առաջ տանել Արցախն ադրբեջանականացնելու սցենարը, բայց երեւի Վաշինգտոնում էլ այս հարցում որոշ մտահոգություններ կան: Խոշոր հաշվով, Արցախն Ալիեւին հանձնելու հարցում ԱՄՆ-ի հիմնական հետաքրքրությունը Իրանին եւ ՌԴ-ին հարվածելն է: Բայց ներկա իրավիճակում, երբ Իրանի մոտ լուրջ վերելք է նկատվում, այդ թվում` Մերձավոր Արեւելքի քաղաքական դաշտում, Վաշինգտոնի համար Իրանի ուղղությամբ ռազմական պլանները որքանո՞վ են ռեալ: Առավել եւս, երբ բարդ իրավիճակում է նաեւ Իսրայելը, ու կա այն տպավորությունը, թե հրեական գլոբալ «փողի պարկերը» դեռ լիովին չեն կողմնորոշվում` պե՞տք է Իսրայել պետությունը պահել, թե` ոչ: Արդյունքում, նկատելի է, որ Վաշինգտոնի համար սկսել է աստիճանաբար ավելի նախընտրելի դառնալ Իրանի խնդիրը զուտ քաղաքական դաշտում թողնելու տեսլականը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ռուս-ամերիկյան հակամարտության հիմնական թատերաբեմը մնաց Ուկրաինան, Արեւմուտքին չհաջողվեց լուծել երկրորդ ճակատի խնդիրը: Այսինքն, հանգուցալուծումներն էլ, որոնք կարծես թե շատ մոտ են, պետք է սպասել հենց ուկրաինական իրողություններից ելնելով: Արդյունքում, մեր տարածաշրջանում ամերիկյան հետաքրքրությունը, որն այդքան սուր էր դրված մեկ տարի առաջ, եւ Վաշինգտոնը պահանջում էր օր առաջ «խաղաղության պայմանագիր» կնքել, ներկայումս կարծես թե որոշակի թուլացում ունի: Ու միաժամանակ, եթե հաջողվի ավարտին հասցնել նախնական ծրագիրը, այն է` Արցախն ամբողջական եւ Հայաստանը` մասնակիորեն թուրքական վերահսկողության հանձնումը, ապա դրա հիմնական օգտվողը դառնում է Թուրքիան: Ընդ որում, դա էապես կմեծացնի Անկարայի կշիռը, եւ եթե այս վիճակում Վաշինգտոնը Էրդողանի հետ խնդիրներ ունի, ապա ուժային նոր դիրքեր տեղափոխվելով, Անկարան կդառնա լիովին անկառավարելի:
Ու հենց այն պահին, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցության բանավոր հայտ է ներկայացրել, այսինքն, ցանկացած պահի կարող է լքել ամերիկյան բեւեռը: Միաժամանակ, ինչքան էլ որ Էրդողանն ընտրություններից հետո ստեղծեց համեմատաբար ավելի արեւմտամետ հայացքներով կառավարություն, հակառուսական մի շարք կոշտ քայլերի գնաց, բայց նաեւ փաստն այն է, որ Մոսկվայի հետ հարաբերություններից Էրդողանն այդպես էլ չի հրաժարվում: Վկայություններից մեկն էլ այն է, որ արդեն տեւական ժամանակ Էրդողանը փորձում է Պուտինի հետ կապի դուրս գալ, եւ եթե մինչ այդ ՌԴ նախագահը «ժամանակ չէր գտնում», ապա հիմա սպասվում է, որ այսօր նման հեռախոսային խոսակցություն կլինի: Ավելին, նաեւ ակտիվացել են Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպման մասին լուրերը, բայց ոչ թե Թուրքիայում, ինչի հույսն Էրդողանն ուներ, այլ շատ հնարավոր է, որ նա ստիպված լինի Մոսկվա մեկնել: Այսինքն, ավելի շատ խնդրողի դերում: Ու դրա տրամաբանությունը կա. եթե Էրդողանն իրոք մտածում է ԲՐԻԿՍ-ում «ռեզերվային օդանավակայան» ունենալ, ապա դրան կարող է հասնել միայն Պուտինի «դաբրոյով»: Ընդ որում, ԲՐԻԿՍ-ի հերթական նիստը օգոստոսի 22-24-ին է, որտեղ ներկա են լինելու Թուրքիայի տարածաշրջանային մրցակիցները` Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Այսինքն, Էրդողանը շտապելու առիթ ունի:
Արդյունքում, եթե Վաշինգտոնը նույն տեմպերով շարունակի առաջ տանել Արցախի եւ Հայաստանի հետ կապված էրդողանա-ալիեւյան երազանքները, ապա կարող է խաղն այնպես պտտվել, որ ամերիկացիները պարզապես վերածվեն արցախյան խաղատախտակին Էրդողանի համար կրակից շագանակ հանողի: Ամեն դեպքում, կարծես թե սկսել է Վաշինգտոնում նման մտահոգություններ եւս նկատվել, եւ դա Ալիեւի համար ազդակ է, որ պետք է ԱՄՆ-ի ուղղությամբ եւս գնալ կտրուկ քայլերի:
Ամեն դեպքում, Վագիֆ Խաչատրյանի կալանավորումը հենց նման կտրուկ քայլի տպավորություն թողեց, հաշվի առնելով, որ դա լուրջ հարված էր ԱՄՆ-ի «խաղաղության պայմանագրի» ծրագրին: Եվ պատահական չէր, որ անմիջապես պետքարտուղար Բլինքենը կապվեց Ալիեւի հետ: Եվ երեւի ընդհանուր լեզվի չեկան, որ պետքարտուղարությունը շարունակում է հրապարակային ճնշումները: Օրինակ, եղավ հայտարարություն, թե տեղյակ են. «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման», եւ դա նման է ակնարկի, որ Բաքուն խախտել է Կարմիր խաչի մասին նորմերը: Նաեւ, ըստ պետքարտուղարության, Լաչինի միջանցքի իրավիճակը. «Խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձեւավորելու ջանքերը»: Նաեւ, որ. «Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը…»:
Իհարկե, սրանք կարող են հերթական «հերթապահ» հայտարարությունները լինել: Բայց ռեալ է նաեւ, որ սկսում է ինչ-որ իրավիճակային փոփոխության փուլ: Մի խոսքով, գլուխ հանելու խնդիր կա: Եվ Ալիեւն էլ, թերեւս, իրոք կարող է գնալ միայն ռուսներին եւ ամերիկացիներին միաժամանակ «գցելու» տարբերակով, ինչը, իհարկե, Էրդողանը կողջունի: Միայն թե, դա շատ վտանգավոր ուղի է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ