ԵԼՔԸ ԱՅՍ ԿՐԿԵՍԻՆ ԲԱՆՏ ՈՒՂԱՐԿԵԼՆ Է
Վերլուծություն
Եվ այսպես, Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկեց: Ճիշտ է, այս պահի դրությամբ դեռ ոչ ոք առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն առաջին մոտավորությամբ ընդդիմությունը դեռ մասնակցության հայտ չի ներկայացրել: Սակայն կարելի գրեթե հաստատ ասել, որ մասնակցում են ՔՊ–ն, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետությունը», «կլասիկ» Էդմոնի ԼՀԿ–ն և «Ապրելու երկիր» անունով հանդես եկող Մանե Թանդիլյանը: Այսինքն` «օղորմածիկ» «Ելք» դաշինքի բաղադրիչ կուսակցություններն ու դեմքերը: Եվ ոչ ոք թող չխաբվի այդ ուժերի և դեմքերի «իրար դեմ պայքարելով», դա դասական սխեմա է:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ՍԽԵՄԱՆ
Գլխավոր ընդդիմադիր ուժը` Ռոբերտ Քոչարյանի թիմը, այս պահի դրությամբ կարծես թե ցանկություն չի հայտնում մասնակցել մայրաքաղաքային ընտրություններին: Միգուցե հաշվի են առնում 2021–ի դառը փորձը, երբ «Նիկոլին կրելու» ամպագորգոռ խոստումներն ավարտվեցին բավականին համեստ արդյունքով, միգուցե այլ դրդապատճառներ կան: Սակայն սոցիալական ցանցերում արդեն հրապարակավ հնչում է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների հարցադրումը` ե՞րբ ի վերջո պարոն Քոչարյանը կստանձնի ժողովրդական ընդվզումը գեներացնելու և առաջնորդելու գործընթացը:
Սակայն հարկ է հաշվի առնել, որ ընդդիմության մասնակցությունը իմաստ ունի, եթե նպատակադրում կա ջախջախել ՔՊ–ին Երևանում և ունենալ շարունակություն` ամբողջական իշխանափոխության տեսքով, ցանկալի է` ընդդիմադիր լայն կոնսոլիդացիայով, այլապես ընդդիմադիր քաղաքապետի գաղափարը դառնում է կիսատ–պռատ մի ծրագիր, որը տանում է «կառուցողական պայքարի» դաշտ: Մինչդեռ հաջողության շանս ունի ՔՊ–ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սխեման: Բայց մյուս կողմից էլ, ընդդիմության չմասնակցության դեպքում Երևանի ավագանու տերը դառնում է ֆորմալ կամ ոչ ֆորմալ վերականգնված «Ելք» դաշինքը` ընտրողների ցածր ակտիվության պայմաններում: Միգուցե, Ավինյանը, որ մոբիլիզացրել է վիթխարի ռեսուրս, այդ թվում` բոլոր տեսակի «տասովչիկների» թիմեր, չունենա ՔՊ–ի ֆորմալ մեծամասնություն, սակայն իզուր չէ, որ հիշատակել ենք «Ելք» դաշինքի մյուս բաղադրիչներին, դրանք բոլորը մի սանրի կտավ են, ու խոշոր հաշվով տարբերությունը մեծ չէ` զուտ ՔՊ–ն կիշխի՞, թե՞ «ՔՊ+» կոալիցիան:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը բավականին մանրամասն նկարագրել է թուրքի կամակատար Նիկոլի թիմի հրեշավոր սցենարը: Արտաքին միջավայրը, ըստ Զաքարյանի, հետևյալն է. «Արևմուտքը (ԵՄ (բացառությամբ` Ֆրանսիա), ԱՄՆ, ՄԹ, Թուրքիա, Իսրայել)` ՌԴ–ին Հարավային Կովկասից դուրս մղելու, ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի նոր պլացդարմ ստեղծելու նպատակով, պահանջում է հրաժարվել Արցախից և ստորագրել թուրքերի պահանջների տակ: Դա է Նիկոլի` օդում կախված իշխանության այսօրվա գինը: Հանուն իր կաշին փրկելու, Նիկոլը կգնա՞ երկիրը վերջնականապես կործանելու ճանապարհով, թե՞ ոչ` դեռ պարզ չէ:
Պարզ չէ, որովհետև թուղթ ստորագրելը մի բան է, իսկ դրա կյանքի կոչելը` այլ: Հայ ժողովրդի մեծ մասը գուցեև միամիտ է, հեշտ խաբվում է, բայց հաստատ սրբապիղծ ու հայրենադավ չէ: Նրա գլխի տակ կեղծ խոստումներ ու խաղաղության մասին դատարկ հեքիաթներ այլևս չես կարող դնել: ՍԴ եզրակացության և ԱԺ վավերացման գործընթացներին զուգահեռ Երևանի փողոցները լցվելու են հազարավոր ցուցարարներով: Ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներն ամեն բան անելու են, որպեսզի թույլ չտան Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումը»: Արտակ Զաքարյանի կարծիքով` այս ամենը գիտակցելով` Նիկոլը սպասում է Երևանի ընտրություններին. «Նա մի կողմ է թողել պաշարված Արցախի սովն ու վտանգները և զբաղվում է Երևանի ավագանու ընտրություններով: Նա պատրաստվում է այդ ընտրություններում ևս կեղծիքով, շանտաժով ու ճնշումներով «հաղթանակ» կորզել (տե՛ս 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ): Իմաստը կայանում է նրանում, որ Երևանի ավագանին վերցնելուց հետո` Արևմուտքի երաշխավորությամբ գնա ԱԺ նոր արտահերթ ընտրությունների (վերարտադրման նպատակով): Ենթադրում եմ, որ Նիկոլը փորձելու է Արցախն Ադրբեջանին տալու և թուրքերին Հայաստան բերելու գնով` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վստահության քվե ստանալ ժողովրդից: Հնարավոր արտահերթ ընտրությունը Նիկոլը կվերածի Արցախը հանձնելու համար մանդատ ստանալու քաղաքական գործընթացի: Դա իր ոճի մեջ է: Հետո անխռով կհայտարարի, որ ինքը չի կործանել պետությունը, այլ` Հայաստանի հպարտ քաղաքացիները»:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿՄԱՆ ԹԱՓԱՆԻՎԸ
Ուղիղ դեպի կործանման տանող զարգացումները բացառելու ամենակարճ ճանապարհն իշխանափոխությունն է, որը, Արտակ Զաքարյանի կարծիքով, անխուսափելի է դառնում. «Խնդիրը ժամանակի մեջ է: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն ու արժանապատիվ հասարակությունը ոտքի հանել իր ցավին ու դավին անտարբեր զանգվածներին: Սա կենսական խնդիր է, պետության ու ժողովրդի գոյության խնդիր` առանց չափազանցման»:
«Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի համոզմամբ` պատերազմն անխուսափելի է, սակայն գերագույն գլխավոր դավաճանը, բնականաբար, ոչինչ չի արել բանակն ամրացնելու համար. «Երեք տարին բավական մեծ ժամական է, եւ եթե մենք այդ փոփոխությունները անեինք, մենք անգամ երկու տարում այնպիսի արդյունքներ կտայինք, որ բոլորն աշխարհով մեկ կզարմանային: Եթե մենք դա չենք արել ու հույսներս դրել ենք համաշխարհային ակտորների վրա, պետք է հաշվի առնենք այդ դեպքում Ուկրաինայի իրավիճակը, Արեւմուտքի ցանկությունը այստեղ մտնելու, Հայաստանի՝ Իրանի անվտանգության բաղկացուցիչ մաս լինելը: Այդ բոլորը հաշվի առնելով` դիվանագետները լիքը աշխատելու բան ունեն, գիշերներն էլ մի քիչ սովորելու: Աշխարհի հետ խոսում են երկու լեզվով՝ խոսալով եւ կռվելով, երկուսում էլ թերանում ենք»:
Սակայն միանգամայն օրինաչափորեն կոլաբորացիոնիստ Նիկոլը զբաղված է բանակաքանդությամբ: Հրաչյա Սարգսյանի պես կադրին ՊՆ փոխնախարար նշանակելը դրա վառ դրսևորումն է: Իսկ Արցախը ցեղասպանության վտանգի տակ է: Ակնհայտ է նաև, որ թշնամին Արցախով բավարարվող չէ, և «Արցախը տանք, պրծնենք» կոնցեպտով առաջնորդվող ցանկացած ոք առնվազն հոգեբույժի կարիք ունի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Եթե Նիկոլ Փաշինյանը նոր է գլխի ընկել Հայաստանի մասով Ալիևի մտադրությունների մասին, ուրեմն անելիք չունի որպես Հայաստանի անունից բանակցող (նո՞ր է դա ակնհայտ, պարոն պատգամավոր–խմբ.): Իսկ եթե նա «էն գլխից» իմացել է Ալիևի ախորժակի մասին, բայց այդուհանդերձ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, քննարկել է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեման, ուրեմն առավելևս անելիք չունի որպես պետության ղեկավար»:
Ոչ միայն անելիք չունի, այլև նրա տեղը բանտն է ու պետական դավաճանության համար մեղադրական դատավճիռը: Խոշոր հաշվով` արբանյակ կուսակցությունների վերնախավի տեղն էլ է այդտեղ: Ինչպես արձանագրում է ՀՀԿ–ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն: Յուրաքանչյուր օր, երբ Արցախում իրադարձություններն առավել ծայրահեղ բնույթ են ստանում, նվազում է սովորական գործիքակազմով հարցի հանգուցալուծմանը գնացող լուծումները: Հացի ու բառիս բուն իմաստով ֆիզիկական գոյության կռիվը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ծայրահեղ միջոցներ: Ստեղծված բարդ իրադրության պայմաններում որևէ արտաքին գործոն չի աշխատի, եթե նույնիսկ դրա հնարավորությունը բացվի, եթե ներսում` Արցախում դիմակայելու կամք ու անսահման ձգտում չլինի: Մինչ այս պահն արցախցին մեծ տառապանքների գնով ցույց է տվել, որ իրենից կախվածն անում է ու կանի միայն թե դրանով կարողանա իր հողին ու ջրին տեր կանգնի: Ցավոք, մինչ այս պահը ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև Հայաստան պետությունից (չխառնել ամենօրյա պայքարի մեջ գտնվողների հետ) որևէ լուրջ ազդակ չկա: ՀՀ իշխանությունը շունչը պահած սպասում է, թե երբ արցախցին կդադարեցնի պայքարը, իսկ ինքը վերջապես կհայտարարի, թե գիտեք` չստացվեց, փորձեցինք, բայց չեղավ` պատճառներ բերելով, պայմանական, Բաթումի պայմանագրից մինչև Սովետական միության փլուզում»:
Արցախցիները կառավարության մոտ էին դուրս եկել «Այո՛ ռազմարդյունաբերությանը», «Ո՛չ խրախճանքին ժանտախտի պահին», «Ո՛չ տեսարան–զվարճանքներին», սակայն իրենց ակցիան ուներ ֆունդամենտալ սխալ` նրանք կառավարության շենքի մոտ հավաքվել են Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով: Նախօրեին ակցիայի մասնակիցները նամակ էին ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում նշել էին, որ կա՛մ Արցախի հարցը կլուծի, կա՛մ իրենք կդիմեն այլ երկրների օգնությանը: Սա մոտավորապես նույն է, ինչ, ասենք 1915–ին Ցեղասպանությունը կանգնեցնելու համար դիմես Էնվերի կամ Թալեաթի համհարզին:
Մինչև բոլորը չհասկանան, որ աշխարհը մեզ բանի տեղ կդնի միայն Նիկոլին հեռացնելուց հետո, երբ կկարողանանք պրոբլեմներ ստեղծել «ուժեղների» համար, բան չի ստացվի: Համ էլ պիտի համոզվի, որ տարրական ինքնահարգանք ունենք: Այլապես մենք, ռսի ասած, աշխարհի համար «терпила» ենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ