Եվս մեկ շանս Հայաստանի եւ Արցախի համար, հնարավոր է` վերջինը
Վերլուծություն
Կառավարության նիստում երեկ Նիկոլի արած հայտարարությունը մեղմ կլիներ ցնցող համարելը: Այսպես, նրա խոսքով. «Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետեւյալն է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ հետագայում արդեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»:
ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թե ինչպես է Նիկոլն իր ասածը հիմնավորում, հետաքրքիր չէ: Կարեւորը բուն հայտարարությունն է, որով Նիկոլը, ըստ էության, ֆիքսում է՝ անգամ Արցախը տալու պարագայում հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կանգնի, քանի որ այս անգամ Ալիեւն հայաստանյան, նկատի ունենք՝ նախկին խորհրդային սահմաններով հայաստանյան տարածքների հանդեպ հավակնություններ է ցուցաբերելու:
Ասենք, Ալիեւի հայտարարություններից զատ, այս մասին հերթական անգամ ուղղակիորեն հաստատեց նաեւ Էրդողանը՝ օրերս Բայրամովի հետ հանդիպման շրջանակներում հայտարարելով. «Զանգեզուրի միջանցքը պետք է անհապաղ բացվի»: Դրանով Էրդողանը փաստացի ցույց տվեց, որ թքած ունի «Հայաստանի սուվերենություն» ասվածի վրա: Այսինքն, ամեն մի սուվերեն պետության գործն է՝ իր տարածքով անցնող ինչ-որ ճանապարհ կբացի, թե՝ ոչ: Էրդողանն էլ ասում է՝ պետք է Հայաստանը բացի, եւ վերջ: Ու այդ խոսքի շարունակությունն էլ պետք է հասկանալ՝ չբացեք, ուժով կանենք:
Այն, որ այսքանից հետո Նիկոլը նոր է միայն «հասկանում», որ Արցախը հանձնելուց հետո թուրք-ազերիական տանդեմը բուն հայաստանյան տարածքների նկատմամբ է հայտ ներկայացնելու, հերթական հաստատումն է, որ նա կա՛մ որեւէ պատկերացում չունի, թե ինչ է կատարվում, կա՛մ՝ դիտավորյալ է այս վիճակին հասցրել: Ընդ որում, առաջին տարբերակի հավանականությունը, իհարկե, չնչին է, քանի որ, եթե որեւէ ղեկավար սկսում է հասկանալ, որ իր իսկ սխալների պատճառով երկիրը հասցրել է ոչնչացման եզրին, պետք է որ ներողություն խնդրեր եւ սեփական ոտքով բանտ գնար: Նիկոլի մոտ հակառակն է. փաստացի խոստովանում է, որ ընդամենը 5 տարում իրեն եւ Արցախի լիարժեք պաշտպանելու ունակ երկիրը (ինչպես նրա նախարար Տոնոյանը եւս օրերս փաստեց) հասցրել է ներկա նվաստ վիճակին, բայց հեռանալու փոխարեն, դեռ փորձում է ընտրությունների մասնակցել: Ըստ էության, սա հերթական հիմնավորումն է, որ նա դիտավորյալ է այս ամենն անում: Չնայած, միայն փաստը, որ նա կարող է զուգահեռաբար Ալիեւի հետ միասին եվրոպական քարոզչամեքենայի հիմնական մեխանիզմին՝ «Euronews»-ին հարցազրույց տալ, ընդ որում, հանդես գալ Հեյդարովիչի ասածների փոխլրացնող մտքերով, արդեն իսկ նորից ու նորից հիմնավորում է, թե նա ինչ խաղ է խաղում, եւ որտեղ են դրա արմատները:
ԱՐՑԱԽՈՒՄ ՈՄԱՆՔ ԱՌԱՋ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՈՒԶԱԾԸ
Ամենատխուրն այն է, որ գնալով բաց տեսքով է նաեւ Արցախի ներկա վերնախավը ցույց տալիս, որ բացառապես նույն խաղի մեջ է, թեեւ նրանց պարագայում խոսքը ամենաբուն իմաստով սեփական հողը թշնամուն տալու մասին է: Օրինակ, նույն հարցազրույցում Ալիեւը նման միտք առաջ տարավ. «Առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել «Ղարաբաղում հայերի հետ»: Դա, իհարկե, խոստովանություն է, որ հենց խաղաղապահների ներկայությունն է Ալիեւը համարում իր ներկայիս հիմնական խնդիրը: Եվ ոչ միայն ներկայիս. պատերազմը տանուլ տալու հիմնական մեղավորներից մեկը՝ Տոնոյանը եւս նախօրեին հաստատեց, որ միայն ռուսական ուժերի Արցախ մուտքն էր, որ կարողացավ զինադադարի ռեժիմ ապահովել: Այսինքն, որ հենց դրա արդյունքում է, որ Արցախը ոտքով-գլխով դեռ 2020թ.-ին ազերիները չգրավեցին: Ու չնայած դրան, այսօր Արցախի քաղաքական իշխանություն կոչվածի շատ ներկայացուցիչներ առաջ են տանում ռուսական զորքերին հեռացնելու տեսլականը, այսինքն՝ նույն բանը, որը, կրկնենք, Ալիեւի երազանքն է 2020թ. նոյեմբերից ի վեր:
Բանը հասել է այն աբսուրդին, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված, ավելի կոնկրետ՝ տեղահանվածների անունից հանդես եկող անձինք, տարբեր ՀԿ-ներ օրերս նամակով նման պահանջ ներկայացրին Նիկոլին. «Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր եք պահանջել Արցախի Հանրապետություն մտցնել ՄԱԿ խաղաղապահ զորքեր, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց պարտականությունները: Ռուսաստանի Դաշնությունը եւս մեկ անգամ ապացուցել է, որ հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունն ու այն հանձնելու Ադրբեջանին… Հակառակ դեպքում մենք կդիմենք Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին եւ կհորդորենք, որ իրենք վերցնեն խնդիրը ՄԱԿ ԱԽ օրակարգ մտցնելու նախաձեռնությունը, քանի որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է եւ չի պաշտպանում իր քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, ստորադասելով դրանք օտար երկրների շահերին»: Աբսուրդի վերջին աստիճանն է, երբ ասում են, թե ռուսները 2020թ. նոյեմբերին զորք մտցրին, որ Արցախը հանձնեն Ադրբեջանին: Էմոցիոնալ տերմիններ չօգտագործենք, բայց այդ քարոզն առաջ տանողները կարո՞ղ են գոնե ասել, թե 2020թ. նոյեմբերի 8-ին քանի մարդ կար Ստեփանակերտում, եւ եթե ռուսական զորքերը չմտնեին, քանի օր հետո ազերիները ողջ Արցախը կգրավեին: Նաեւ՝ կարո՞ղ են բացատրել, թե նույն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գոնե մեկ քայլ արեցի՞ն, որ ազերիները կանգ առնեն: Իհարկե, հասկանալ կարելի է, թե նման կեղտի տակ իրականում ովքեր են կանգնած, ինչ փողեր են դրված: Նկատի ունենք, որ ստեփանակերտյան եւ երեւանյան «էլիտաները» կարո՞ղ են ապացուցել, որ իրենք անմասն են այս բացահայտ ալիեւամետ քարոզներին…
ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ
Կարճ ասած, Նիկոլն ընդամենը ի ցույց դրեց, թե իրականում որն է խաղի ամբողջական իմաստը. բացի Արցախից, պետք է տալ նաեւ հայաստանյան հողեր, եւ դրա շրջանակներում գործարկել «Զանգեզուրի միջանցքը»: Չէ, նոր բան այստեղ չկա: Պարզապես, երբ թեման պաշտոնապես բերվում է հրապարակային դաշտ, դա եւս ակնարկ է այն մասին, որ հասել ենք հենց այն փուլին, երբ պետք է գործնական քայլեր լինեն:
Այս ֆոնին, պատահական չէր նաեւ ՌԴ-ի ռեակցիան: Նախ, ԱԳՆ խոսնակի միջոցով, ով հերթական անգամ հիշեցրեց, որ ներկա իրողությունների արմատները դրված են Նիկոլի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու» արեւմտյան սցենարի հիմքում:
Զուգահեռաբար, արցախյան իրավիճակը եւ այդ համատեքստում՝ արցախահայության համար թիվ 1 կարեւորության՝ անվտանգության հարցը մեկնաբանեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, հեղինակավոր փորձագետ Վլադիմիր Լեպեխինը: Ըստ նրա, արցախահայությանը տված երաշխիքները վստահություն կներշնչեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, առանցքային հարցերի շուրջ հանրաքվե անցկացվի, եւ այն դառնա Ադրբեջանի կառավարության գործողությունների ուղեցույցը, որը հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների դիրքորոշումը: Սա, ի դեպ, հենց այն սխեման է, որը տեղավորվում է հայ-ադրբեջանական եւ արցախյան թեմաներով ռուսական առաջարկների մեջ: Հակառակ դեպքում, ըստ Լեպիխինի, անվտանգության այն մեխանիզմը, որն առաջարկում է Ալիեւը, այսինքն, որը դրված է նաեւ բրյուսելյան սցենարի հիմքում. «Նույնն է, թե համակենտրոնացման ճամբար ստեղծել եւ ասել, որ անվտանգությունը երաշխավորված կլինի»:
Լեպիխինը նաեւ մատնանշեց, որ այդ երկու սցենարները կային ի սկզբանե, փաստացի՝ 2020թ. նոյեմբերի 10-ից ի վեր: Սակայն Նիկոլը գերադասեց բանակցել եվրոպացիների հետ, որոնք «ոչինչ չեն երաշխավորում»: Ավելին. «Կձեւացնեն, թե պայմանավորվում են, բայց այդ պայմանավորվածությունները, միեւնույնն է, կխախտվեն: Ադրբեջանի թիկունքում Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ Թուրքիայի թիկունքում՝ ՆԱՏՕ-ինը: Իսկ ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքում, Փաշինյանի թիկունքում: Նույն բրիտանական հետախուզությունը, որն աջակցում է Թուրքիային, ոչ թե Փաշինյանին»: Մինչդեռ Նիկոլը. «Հնարավորություն ուներ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում նոր ռազմական պայմանագիր կնքելու, երբ ռուս խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ… Սակայն նա ամեն ինչ արեց ՀԱՊԿ-ը վարկաբեկելու համար, Ռուսաստանի հետ լիարժեք չխոսեց, այլ գնաց Բրյուսել ու հույս ուներ, որ այնտեղ ինչ-որ մեկը կերաշխավորի Ալիեւի հետ իր պայմանավորվածությունների կատարումը»:
Սա, թերեւս, նաեւ Արցախին ուղղված մեսիջի տեսք ունի, թե՝ վերջապես կողմնորոշվեք, թե ում հետ եք՝ աչքի առաջ ունենալով արդեն միանգամայն ակնհայտ հետեւանքները:
Վերջապես, ՌԴ ԱԳՆ-ի միջոցով նաեւ Նիկոլին հղված եւս մի վերջին մեսիջ եկավ, այս անգամ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանի միջոցով: Ըստ նրա, դեռ ուժի մեջ է ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայելու հարցը: Աղասանդյանը նաեւ բացատրեց, թե՝ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա համատարածաշրջանային իրավիճակի վրա»: Ընդ որում, նա նաեւ ընդգծեց, որ Մոսկվայում նաեւ լավ հասկանում են, որ Արեւմուտքը ձգտում է՝ «Առավելագույն վնաս պատճառեն ՌԴ-ին ու նրա դիրքերին Հարավային Կովկասում: Հանուն այդ խնդրի իրականացման նրանք փորձում են խափանել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում նրանք, որոնք հենվում են ՀԱՊԿ հնարավորությունների վրա»: Նաեւ, որ. «Երեւանում դա լավ են հասկանում»:
Այսինքն, եթե հիմա Նիկոլը տրտնջում է, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքների հանդեպ հավակնություններ ունի, բայց նաեւ արեւմտյան շահերից ելնելով, արգելափակում է ՀԱՊԿ-ի, այն է՝ ռուսական նոր ուժերի մուտքը Հայաստանի սահմաններ, որոնք, ի դեպ, գործելու են Արցախում գտնվող ուժերի հետ փոխլրացման սկզբունքով, ապա հիմա ունի եւս մեկ հնարավորություն՝ վերջնական կողմնորոշման համար: Եվ ոչ միայն Նիկոլը. այս ամենը վերաբերում է նաեւ պաշտոնական Ստեփանակերտին: Կօգտվե՞ն այդ հնարավորությունից, լավ: Չե՞ն օգտվի, ապա կշահի Ալիեւը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ