Մեծ պատերազմ կամ մեծ պայմանավորվածություններ
Վերլուծություն
Եթե անգամ Նիկոլը ցանկանա մինչեւ վերջ գնալ արեւմտյան ուղղությամբ, նաեւ իր հետ տանելով արցախյան իր կամակատարներին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=261882&l=am), ապա անգամ դա դեռ չի նշանակում, որ Մոսկվան եւ Թեհրանը պատրաստ են դիրքերը զիջել:
Ընդհակառակը: Թեեւ պաշտոնական Երեւանը ոչ մի ռեալ արձագանք չտվեց Էրդողանի վերջնագրին, թե՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է անհապաղ բացվի եւ մոտ ապագայում իրականացվի համապարփակ խաղաղության համաձայնագիրը», սակայն դա առանց արձագանք չմնաց:
Այսպես, բավականին կոշտ ռեակցիա եկավ Թեհրանից: Իրանական ռազմական համակարգի հետ կապված հրապարակային աղբյուրների գնահատմամբ. «Էրդողանի այս խոսքերը կարելի է համարել վերջին մարտահրավերը, թե հակառակ դեպքում, դուք կարող եք ակնկալել պատերազմ»:
Բայց անգամ այդ տրամաբանությունը դնելով, իրանական աղբյուրն այս միտքն է առաջ տանում. «Թող Էրդողանն իմանա, որ առանց Իրանի հավանության՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը բացառվում է: Եթե նա մտածում է ուժի կիրառման մասին՝ որոշելու համար, ապա դեռ Սիրիայից է ծանոթ մեր ուժին»:
Հասկանալի է, որ ինչպես Իրանը, այդպես էլ Ռուսաստանը հազիվ թե արդեն պատրանքներ ունենան, որ Նիկոլը կարող է ինչ-որ պահի «դարձի գալ»: Հավատալու համար կա մեկ պարզ ազդակ. հավանություն է տալիս հայ-ադրբեջանական սահմաններին ՀԱՊԿ ուժեր տեղակայելուն: Ընդ որում, այս դեպքում ռուսական որոշ աղբյուրներ հետաքրքիր վարկած են տաարծել. կտեղակայվեն ռուս-բելառուսական, կամ որ ավելի տեղին է՝ Միութենական պետության ուժեր, ու միգուցա նաեւ «Վագների» որոշ ստորաբաժանումներ, որպես բելառուսական բանակի «խորհրդատուներ»: Սա, իհարկե, Ալիեւի համար մղձավանջային սցենար կդառնա: Սակայն ասել, թե Նիկոլը կհամաձայնվի, երեւի արդեն դարձել է վերջնականապես անիմաստ:
Մյուս կողմից, հիշատակված «դեղին քարտը» որը եկավ Իրանից՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ամենեւին էլ միայն Էրդողանին եւ Ալիեւին ուղղված մեսիջ չէր: Նիկոլը եւս այդ հիմքի վրա մտածելու լուրջ հարցեր ունի: Այսինքն, Թեհրանը «առանց Իրանի հավանության՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը բացառում է» ամեն դեպքում, անկախ նրանից, թե դա կանեն Նիկոլին պարտադրելո՞ւ, թե՝ համոզելու միջոցով: Միջանցք, որպես այդպիսին, չպետք է լինի, եւ՝ վերջ: Կարող է լինել կոմունիկացիա, բայց կա նաեւ դրա մեխանիզմը, որին Իրանը հավանություն տվել է: Դա նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված տարբերակն է, որով ՌԴ-ի համար անվտանգության հարցերով հստակ դեր է նախատեսված՝ կոմունիկացիաները թուրքական վերահսկողության տակ չդնելու համար, եւ որից խուսանավում է Նիկոլը՝ «սուվերեն պետություն» արդարացումով, որի վրա, կրկնենք, Էրդողանը ցույց տվեց, որ թքած ունի:
Կարճ ասած, հանուն աթոռը պահելու Նիկոլը ստեղծել է մի վիճակ, որտեղ հնարավոր է ե՛ւ մեծ պայմանավորվածություն, ե՛ւ մասշտաբային բախում, որի պարագայում Հայաստանի՝ ոտնատակ գնալու հավանականությունը մեծ է: Ամբողջ հարցն այն է, թե Էրդողանը պատրա՞ստ է նման մեծ բախման, նաեւ հաշվի առնելով, որ այդ դեպքում նրա թիկունքի ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, կկանգնի միայն բարոյապես:
Եվ ահա այդ սուր ֆոնին այն, որ Պուտինը վերջապես համաձայնեց Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալ, կարեւոր շրջադարձ էր: Թե կոնկրետ ինչ են խոսել, այս պահին դա երեւի ամենաառաջնայինը չէ: Կարեւորը է բուն փաստը, որ խոսակցությունը երկար դադարից հետո վերսկսվել է եւ կարող է շարունակվել անձնական հանդիպման տեսքով:
Մյուս կողմից, հայտնի դարձավ նաեւ, որ այս պահին ԲՐԻԿՍ-ն արդեն ունի մոտ 30 երկրի անդամակցության ցանկություն, որոնցից 22-ը պաշտոնական դիմում ներկայացրել են: Կային լուրեր, որ Բրազիլիան կփորձի արգելափակել նոր երկրների մուտքն այդ համակարգ եւ դրա որակական թռիչքը, բայց ահա նախագահ Լուլա դա Սիլվան հերքեց դրանք՝ արտահայտվելով կառույցի ընդլայնման օգտին: Նաեւ, առաջնահերթ կենտրոնանալով Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների անդամակցության վրա: Թեկնածուներից է նաեւ Իրանը, որի հայտի բավարարումը կասկած չի հարուցում: Թուրքիան դեռ միայն ակնարկել է այդ համակարգ մտնելու ծրագրերի մասին, բայց եթե տարածաշրջանային հիմնական երկրները գնում են այդ ուղղությամբ, իսկ Եվրամիությունն Անկարայի առաջ մնում է փակ, ապա Էրդողանը պետք է որ իր հերթին շտապի աշխարհաքաղաքական նոր համակարգ, որի դեպքում եւս ՌԴ-ի հետ կապերը դառնում են շատ կարեւոր:
Այսպիսով, եթե վերջերս կար մի պահ, երբ հիմնական տպավորությունն այն է, թե Անկարան գնում է Մոսկվայի եւ Թեհրանի ուղղությամբ կտրուկ սրացումների, ապա կարծես թե այդ փուլը սկսել է այլ ընթացք ստանալ: Իսկ այդ դեպքում ծայրահեղ սրացումների Ալիեւը հազիվ թե ցանկանա գնալ, ինչքան էլ որ հռետորաբանությունը պահպանում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ