Իրականացվում են Սանահին վանական համալիրի տոհմական դամբարանների մասնակի վերականգնման աշխատանքներ
Մշակութային
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» (AFCP) ֆինանսավորմամբ` իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավային հուշարձանախմբի՝ Զաքարյան եւ Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագիծը մշակել է «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան»:
«Զաքարյան եւ Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման եւ տարածքի բարեկարգման» էսքիզային նախագիծը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2022 թ. հունիսի 29-ին կայացած 4-րդ նիստում եւ արժանացել հավանության:
Նախագիծը կազմվել է՝ ելնելով հուշարձանի ֆիզիկական վիճակից եւ առաջնորդվելով այն՝ որպես պատմաճարտարապետական բարձրարժեք կոթող, պահպանելու հրամայականից:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է բոլոր պատերը մաքրել քարաքոսերից, մամուռից՝ հատուկ այդ միջոցառումների համար նախատեսված նյութով: Քանի որ դամբարանի ստորին հարկաբաժինն ամբողջությամբ թաղված է հողի տակ եւ մշտապես ենթարկվում է խոնավացմանը, առաջարկվում է բոլոր պատերը պատել ջրամերժ հատուկ նյութով: Մեծ քանակի հոսող ջրով լվանալուց եւ չորանալուց հետո դամբարանի հյուսիսային մետաղական դուռը հղկաթղթել, փոշեզրկել եւ լաքապատել հատուկ մետաղի համար նախատեսված լաքով, որով կպահպանվի դռան նախաստեղծ տեսքը:
Իսկ թե արդյոք այս աշխատանքները, ինչի մասին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, համաձայնեցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, «Իրավունք»-ը դեռ կպարզի:



