Ո՞ւմ են պետք Երեւանի ավագանու ընտրությունները եւ ինչի՞ համար
Վերլուծություն
Պարզից էլ պարզ է, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական առումով գործնական ոչ մի նշանակություն չունեն: Երեւանի քաղաքապետը որեւէ քաղաքական դերակատարություն ունենալ չի կարող: Դա զուտ տնտեսական պաշտոն է: Նույնկերպ ինչպես եւ Հայաստանի այլ քաղաքապետը Երեւանի քաղաքապետը պետք է ենթարկվի կառավարության որոշումներին, իսկ իրեն «վատ պահելու» դեպքում կարող է եւ կառավարության որոշումով զրկվել իր պաշտոնից: Եվ այն քաղաքապետենրը, որոնք իրենց քաղաքներում հաղթել են ՔՊ-ին, քաղաքական առումով որեւէ կերպ չեն առանձնանում ՔՊ-ական քաղաքապետերից: Վերցնենք, օրինակ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին, որի հաղթանակի հետ ընդդիմադիր տրամադրված ՀՀ քաղաքացիները մեծ ոգեւորություն էին ապրում եւ մեծ հույսեր կապում: Սակայն Փարսյանը իրականում խելոք եւ հնազանդ ենթարկվեց Նիկոլի իշխանությանը, նույնը կարելի է ասել Քաջարանի, Գորիսի եւ այլ քաղաքների իբր ընդդիմադիր քաղաքապետներին: Եվ այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ, կրկնում ենք, քաղաքապետի պաշտոնը զուտ տնտեսական նշանակություն ունի, ընդ որում բառիս բազմաթիվ առումներով: Այնպես որ այն, թե ո՞ր կուսակցությունից կլինի Երեւանի ապագա քաղաքապետը, քաղաքական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի:
Սակայն քարոզչական տեսակետից մոտակա ընտրությունների արդյունքները, իհարկե, հետաքրքրություն ներկայացնում են: Հաղթողը ինքնագոհ նշելու է, որ նա ունի մայրաքաղաքի բնակչության աջակցությունը: Քիչ թե շատ ձայներ հավաքածները ամրապնդելու են իրենց քաղաքական (հետեւապես եւ տնտեսական) կշիռը ներհայաստանյան գործընթացներում, իսկ պարտվողները, այսինքն ավագանի չանցածները հերթական անգամ նշելու են, որ ընտրությունները անցել են անարդար եւ անազնիվ:
Այն, որ ընտրությունները լինելու են անարդար ու անազնիվ հասկանալի է էս գլխից: Նիկոլը կիրառելու է ադմինիստրատիվ ռեսուրսի ու ճնշումների իր ողջ զինանոցը: Դրան գումարած Նիկոլի մոտ կուտակված հսկայական ֆինանսական միջոցները, որոնք համալրվեցին հենց վերջերս Դվին հյուրանոցում հերթական դրամահավաքի ընթացքում: Այս առումով ընտրությունների արդյունքները կանխորոշված են: ՔՊ-ի թեկնածուն դառնալու է հաղթող, ընդ որում` ամենայն հավանականությամբ ստանալով 50 տոկոսից մի փոքր ավելի ձայներ: Ընդ որում ընտրություններին մասնակցող բոլոր մասնակիցները կամա թե ակամա ու յուրաքանչյուրը իր չափով նպաստելու են ՔՊ-ի, այն է Նիկոլի հերթական հաղթանակին:
Իրավիճակը կարող էր լինել այլ, եթե, ինչպես բազմիցս առաջարկվում էր, ընդդիմությունը կազմեր մեկ դիմադրողական ճակատ եւ այդ դեպքում անկասկած Երեւանի ավագանու ընտրությունները կստանային լուրջ քաղաքական հնչեղություն: Ընդ որում ընտրությունների առիթով բարձրացված քաղաքական ընդդիմադիր ալիքը կարող էր շարունակվել եւ ըտրություններից հետո` գործը տանելով դեպի երկրում իշխանափոխություն: Ցավոք սրտի ընդդիմաությունը այս ճանապարհով չգնաց: Ընդդիմության մի մասը նախընտրեց չմասնակցել այս խեղկատակությանը եւ դրանով իսկ չնպաստեց Նիկոլի քաղաքական ծրագրերի իրականացմանը, սակայն նաեւ գործնականում չխոչընդոտելով դրանց, իսկ «ընդդիմության» մեծ մասը ուղղակիորեն ներգարվվեց Նիկոլի խաղի մեջ, իհարկե ակնկալելով ունենալ իր շահաբաժինը այս թատերական ներկայացումից:
Հասկանալի է, որ Երեւանում հաղթանակ տանելուց հետո Նիկոլը մեծ փաթոսով հայտարարելու է, որ ոչ միայն մարզերի, այլեւ Երեւանի բնակիչները աջակցում են իր կուսակցության քաղաքական ծրագրերին եւ համապետական ընտրություններից երկու տարի անց Նիկոլը կրկին կվերահաստատի իր լեգիտիմությունը, ինչը թույլ կտա նրան շատ ավելի վստահ կերպով հանդես գալ միջազգային ասպարեզում, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ: Անկասկած նա կհայտարարի, որ իր բոլոր թեզերը Արցախի` Ադրբեջանի կազմում ապագայի վերաբերյալ, ինչպես նաեւ հայ-թուրքակական հարաբերությունների ուղղությամբ ստացել են մայրաքաղաքի բնակչության մեծամասնության հավանությունը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, հատկապես նրանց, ովքեր մասնակցում են այդ գործընթացին, ապա հավանաբար կկրկնվի 2021 թվականների Աժ ընտրությունների ֆարսը եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից հովանավորող ուժը կստանա 2-րդ կամ 3-րդ տեղը եւ իրեն հավասար կխաղա սորոսական պահեստային թիմը ծաղրածու Հայկոյի գլխավորությամբ: Անցնողների եւ փայաբաժին ստացողների շարքում կարող է լինել նաեւ օլխգարխ Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիրը», եթե իհարկե օլիգարխը լուրջ գումարներ մուծի այնտեղ, որտեղ պետք է: Ընդ որում այս արդյունքը հիմնականում ձեռք կտա մեր տարածաշրջանում արտաքին բոլոր ակտիվ խաղացող ուժերին: Նիկոլը փոխզիջումային ֆիգուր է Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար, այսպես կոչված չարիքի փոքրագույնը, իսկ մնացածը բավարարում են մեկը անգլոսաքսերին, մյուսը` Ֆրանսիային, ինչպես նաեւ ԵՄ-ին եւ այլ ստվերային համաշխարհային ուժերի հայաստանյան վերահսկիչներին:
Ինչ վերաբերում է ընտրական թատերական ներկայացմանը մասնակցող , սակայն որեւէ շանս չունեցող քաղաքական ուժերին, ապա վերջիններս իրենց մեկ-երկու տոկոսները կնվիրեն Ավինյանին, իսկ մասնակցության համար, այսինքն ընտրություներում «մասովկա» ապահովելու համար կստանան իրենց փոքրիկ պրիզները, թե ինչ տեսքով, ապագայում կերեւա:
Իսկ թե ինչո՞ւ ընդդիմությունը կրկնեց 2021 թվականի ԱԺ ընտրությունների սցենարը, որի արդյուքնում Նիկոլը ստացավ հնարավորություն շարունալեու Արցախի հանդեպ իր քաղաքականոթւյունը` այլ հարց է, որի պատասխանները կարող են լինել բազմաթիվ եւ բազմապիսի, բացի մեկից, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է լինելու:
Ա. Հովհաննիսյան