Արայիկը դեռ չի կարողանում արդարացնել նիկոլաալիեւյան «բարձր վստահությունը»
Վերլուծություն
Նախորդ գիշեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին նախագահների մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած ավելի քան 6 ժամ տեւած խորհրդակցությունը եւս եկավ հիմնավորելու, որ արցախյան գործընթացը մտել է շրջադարձային փուլ: Նաեւ հաստատելով մեր քանիցս արված պնդումը, որ այդ խաչմերուկում Արցախի առաջ կա երկու ռեալ ճանապարհ, թեեւ հայտնի հուդայական ուժերը փորձում են նաեւ մի քանի կեղծ օրակարգեր եւս հրամցնել: Չնայած դրանք եւս տանում են թվարկված երկու ուղղություններից մեկին՝ Արցախը ծախելուն:
ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ
Թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը, դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք, որ Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիների հետ Արայիկի ունեցած կարճ զրույցը ասվածի հիմնավորումներից մեկն է: Ըստ Արայիկի՝ քննարկվել է 3 հարց` անցակետից առեւանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտության համատեքստում ու իր հնարավոր հրաժարականի հարցը:
Առաջին հարցի հետ կապված՝ առանց Արայիկի էլ էր ամեն բան պարզ. Ադրբեջանը հայտարարել էր, որ երիտասարդներին ազատ է արձակելու: Ընդ որում, թեեւ Արայիկը դա փորձում էր հրամցնել, որպես իր կողմից լուծված հարց, սակայն մեր միանգամայն արժանահավատ աղբյուրներն այլ բացատրություն տվեցին: Միջամտել են ռուսները՝ Բաքվին զգուշացնելով, որ դրանով բոլոր սահմաններն անցել են՝ որեւէ հետագա խոսակցության տեղ չթողնելով: Ու հաշվի առնելով, որ չերեւացող, սակայն բուռն ներքին քննարկումներ վերջին ժամանակներս տեղի ունենում են, Բաքուն որոշեց հայտնի տարբերակով գնալ հանգուցալուծման:
Այն, որ նման քննարկումներ կան, կարելի էր կռահել նաեւ Վերածննդի հրապարակում Արայիկի որոշ կցկտուր մտքերց, երբ նա, թե. «Մի քանի օրում հացի խնդիրը լուծվելու է»: Լուծում, բնական է, կարող է լինել միայն Արցախից դեպի դուրս ճանապարհների գործարկման դեպքում, եւ այն բանից հետո, երբ զուգահեռաբար հայտնի դարձավ, որ Աղդամի ճանապարհով Ադրբեջանն ուղարկում է 40 տոննա ալյուր, հասկանալի էր, թե Արայիկն ինչ լուծումների մասին էր ակնարկում: Իսկ դա մեկ բան է նշանակում, որ քննարկումներ այս ամենի շուրջ ընթանում են, ինչքան էլ որ երեկ Արայիկի մամուլի խոսնակը փորձեց համոզել, թե այդ ալյուր ուղարկելն Ադրբեջանի նախաձեռնությունն է, եւ որեւէ նախնական պայմանավորվածություն չկա:
Այսինքն, գալիս ենք ամենագլխավորին. ի՞նչ են քննարկել Արցախի խորհրդարանում՝ կապված ճանապարհների հետ: Մինչ այդ էլ Արայիկից պարբերաբար մեսիջներ էին գալիս, թե նա որեւէ դեպքում թույլ չի տալու Աղդամի ճանապարհի գործարկումը, նաեւ, որ պետք է Լաչինի միջանցքով էվակուացնել մարդկանց: Եվ ահա, ըստ մեր տվյալների, նաեւ Արցախի ԱԺ նիստում է այս երկու տարբերակը քննարկվել, ավելի կոնկրետ՝ այդ ուղղությամբ է ծավալվել հիմնական վեճը: Սյամոն ու նրա թիմը խոսել են Աղդամի ճանապարհի օգտին: Արայիկը համառորեն փորձել է առաջ տանել «ժողովրդի մի մասի՝ կանանց, երեխաների, ծերերի էվակուացիայի» գաղափարը՝ հիմնավորմամբ, թե հակառակ դեպքում սով կլինի, մարդիկ կկործանվեն:
Բայց նաեւ հասկանանք, այս տարբերակներն ի՞նչ են նշանակում: Աղդամի գործարկման պարագայում Ալիեւն ակնհայտորեն հույս ունի սկսել հումանիտար ծրագրերից, ապա ցույց տալ, թե, տեսեք, արցախցիներն իմ քաղաքացիներն են: Դա նրա համար երկար ճանապարհն է եւ ոչ երաշխավորված: Ամենավատն Ալիեւի համար. այս տարբերակով ռուս խաղաղապահները մնում են, այսինքն՝ ցանկացած պահի Աղդամը նորից կարող է փակվել:
Երկրորդը՝ Լաչինի միակողմանի բացման տարբերակը Ալիեւի համար ամենացանկալին է: Ու ոչ միայն Ալիեւի. դա նաեւ Նիկոլի ցանկալի տարբերակն է, եւ այն, որ Արայիկը հիմնական շեշտը փորձում է հենց այս ուղղություն տեղափոխել, հերթական ապացույցն է, որ նա, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ ներկայումս Արցախում Նիկոլի ծրագրերի առաջ տանողն է: Այսինքն, եթե կանանց, ծերերին եւ երեխաներին «էվակուացնում» են, հաստատ մի քանի ամսից Արցախում պարզապես մարդ չի մնա: Ալիեւին կմնա հանգիստ մտնել Ստեփանակերտ եւ ռուսներից պահանջել՝ հեռանալ: Իսկ եթե դատարկվում է Արցախը, Նիկոլն էլ իր հերթին է ազատվում «արցախյան գլխացավանքից»՝ արդարանալով, թե սա արցախցիների որոշումն էր, ես ի՞նչ անեմ: Բերում, արցախցիներին տեղավորում են Երեւանում թափով կառուցվող շենքերում, եւ կարճ ժամանակ անց նրանք էլ կդադարեն բողոքել: Վերջապես, եթե Արցախում մարդ չմնա, ռուսները ստիպված լինեն հեռանալ, օրակարգ կգա Նիկոլի երազանքների երազանքը՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտին եւս «կխնդրեն» հեռանալ. հարցերը «լուծված» են, նրանց կարիքը չկա սկզբունքով: Իհարկե, մի տաս տարուց Հայաստան կոչված տիրույթը վերջնականապես կենթարկվի թուրք-ազերիական էքսպանսիային, բայց դա «հաջորդ սերիան» է:
Ի դեպ՝ այն, որ այնպիսի «դասական արեւմտամոլ», ինչպիսին է ոմն Զեյնալյան Արտակը, երբ իր հոգեհարազատ «Ազատության» էջերում հայտարարում է, թե՝ ռուս խաղաղապահները «Արցախում բանտապանների են վերածվել», դա եւս հուշում է, թե արեւմտյան տերերն ինչ հրահանգներ են տվել հայաստանյան կատարածուներին: Արցախը պետք է դատարկել, եւ դրան խանգարողը «բանտապահ» է:
ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Այսպիսով, կրկնենք, Արցախի հայաթափման երկու տարբերակ են փորձել առաջ տանել ԱՀ-ի այդ նիստում: Սակայն, ըստ շրջանառվող խոսակցությունների, որոշ ուժեր, այդ թվում՝ նախկին նախագահները եւ առաջին պլանում Բակո Սահակյանը առաջ են տարել երրորդ տարբերակը՝ գործել ռուսների հետ համագործակցությամբ: Եղել են սուր վեճեր, եւ, ըստ տարածված լուրի, բանը հասել է նրան, որ նախկին նախագահները սպառնացել են՝ դուրս գալ ժողովրդի առաջ եւ պատմել, թե իրականում ինչ է կատարվում:
Արայիկը հետո, ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց կոմպրոմիսի մասին, սակայն վերջնական կոմպրոմիս չկա, քանի որ կողմերը փորձում են իրենցն առաջ տանել: Բայց իր այդ նույն ելույթում Արայիկը, միգուցե ակամա, այնպիսի մտքեր հայտնեց, որն արդեն իսկ բացում է խաղի իրական իմաստը: «Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետեւանքով է, մեր հղիները կորցնում են իրենց չծնված երեխաներին: Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք»,- սկսեց նա՝ փորձելով համոզել, թե պետք է գնալ անխուսափելի լուծման, բայց նաեւ կոպիտ սխալ թույլ տալով, թե. «Հասել ենք այս վիճակին, որովհետեւ հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին…»:
Ու այստեղ պարզ հարց է ծագում՝ այդքան միամիտի մե՞կն է Արայիկը, որ «հավատացել է բոլորին»: Այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ էր, որ դեպի Արեւմուտք կամ ՄԱԿ նետվելով եւ դրանով կատարելով Նիկոլի հրահանգները, նա ընդամենը ժամանակ էր ձգում՝ թույլ տալով ներարցախյան իրավիճակի էլ ավելի խորացում: Բայց այն, որ Արայիկին հանրությունը սուլոցներով ընդունեց եւ ճանապարհեց, հուշում է, որ այդպես էլ գլխավոր խնդիրը չի լուծել: Այն է՝ չի կարողացել հասնել նրան, որ արցախահայերը հայրենիքը թողած փախչելը համարեն միակ տարբերակը:
«Այսօր քննարկվել է նաեւ նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը: Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,- շարունակեց Հարությունյանը: Չէ, նորից ստում է, ոչ մի դեպքում հրաժարական չի տալու, Նիկոլը թույլ չի տալիս, պետք է «վերջապես արդարացնի բարձր վստահությունը»: Իսկ Արայիկն այնքան կոմպրոմատներ է թողել Նիկոլի մոտ, այդ թվում՝ պատերազմական ժամանակաշրջանի հետ կապված, որ չենթարկվելու դեպքում նրան պարզապես կոչնչացնեն:
Արայիկական թեւը դեռ փորձում է հանրության զգացմունքների վրա խաղարկելով, այս սցենարը հանել խաղարկումից, որը միակ տարբերակ կդարձնի Լաչինի միջանցքի միակողմանի գործարկումը: Միայն թե ամբողջ խնդիրն այն է, որ «բարձր վստահությունն արդարացնելու» ժամանակ Արայիկին գրեթե չի մնում: Ասենք, ինչպես ցույց տվեց նախորդ գիշերվա իրադարձությունները, նաեւ հնարավորությունները բավարար չեն: Նախ, Արցախում կան ուժեր, որոնք պատրաստ են իշխանությունը վերցնել: Թեկուզեւ ՀՅԴ-ական ԱԺ նախագահի միջոցով, սակայն այդ ուժերը համարում են, որ կկարողանան կանխել, որ նոր նախագահը արեւմտյան ֆինանսավորման գործոնից ելնելով, հանկարծ չմտածի գնալ «Ալեքսանդրոպոլի պայմանագիր 2»-ի ուղղությամբ: Այսինքն, երկրորդը, ուժային կառույցների եւ բանակի մնացորդները, որոնք հակված են Արցախը պահելուն, ավելի շատ պատրաստ են համախմբվել նախկին նախագահների շուրջ: Ընդ որում, խոսքը, ըստ ամենայնի, առնվազն 10 հազարանոց ուժի մասին է, որը կարող է զսպել ինչպես ներկա, այդպես էլ ապագա նախագահին, եթե նրանք շարունակեն կամ փորձեն գնալ Արցախն Ալիեւին հանձնելու տարբերակով:
ԼԱՎՐՈՎԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Բայց, կրկնենք, կան նաեւ ռուս-ադրբեջանական ոչ տեսանելի քննարկումներ, որոնցում ներգրավված են նաեւ արցախյան ողջամիտ ուժեր: Իսկ այդ քննարկումներում, ըստ մեր միանգամայն հավաստի տվյալների, օրակարգում է ռուսական առաջարկը՝ գործարկել ինչպես Աղդամի, այնպես էլ՝ Լաչինի միջանցքի ուղղությունները: Ընդ որում, դեպի Հայաստան ելքի հստակ սահմանափակումներով. եթե Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջան, ապա նման սահմանափակումներ կիրառելը ռեալ է համարվում:
Սա, հասկանալի է, էլի անընդունելի տարբերակ է, սակայն ներարցախյան ողջամիտ ուժերը եւս սկսել են հասկանալ, որ Նիկոլի պարագայում այլ ելք պարզապես չկա, քան մտածել Արցախում հայկականությունը ինչ-որ կերպ պահելու մասին, որի միակ հնարավոր տարբերակը ռուսական ուժերի ներկայությունն է: Ուստի առաջարկը, որը դեռ անցած ամիս եկել էր ՌԴ ԱԳՆ-ից, համարում են կոմպրոմիսային:
Ըստ այդ քննարկումների, Աղդամի ուղղությունը եւս պետք է լինի ռուս խաղաղապահների հստակ վերահսկողության տակ. բեռներ են գալիս, դատարկվում եւ հեռանում: Նաեւ, որ Լաչինի միջանցքի՝ Հայաստանի հետ սահմանային հատվածը պետք է լինի ռուս-ադրբեջանական վերահսկողության տակ: Բայց միաժամանակ, բուն Արցախի մուտքի հատվածում եւս պետք է գործի անցակետ՝ խաղաղապահների եւ արցախյան ուժայինների տեղակայմամբ՝ փախուստը կանխելու համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ