Ով է իրականում Արցախին հումանիտար օգնությունը տեղ չհասցրած Անն Իդալգոն
Ներքաղաքական
Մինչ հանրության մի ստվար զանգված հուզվել ու շոյվել էր, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն փորձում էր Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնել, բայց ֆրանսիական բեռներն էլ մնացին Կոռնիձորում, ֆրանսահայերը ուշագրավ մանրամասներ են փոխանցել «Իրավունքին» Ֆրանսիայում նրա վարած քաղաքականության վերաբերյալ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Անն Իդալգոն, արդեն 10 տարի լինելով Փարիզի քաղաքապետ, ուղղակի, սպանում է Ֆրանսիայի մայրաքաղաքը:
«Սրանից վատ քաղաքապետ կյանքում չենք ունեցել: Ընդ որում` նա մտերիմ է Լոնդոնի մուսուլման քաղաքապետի հետ: Ավելին` նա ընտրվել է քաղաքապետ` 60 տոկոս ձայն հավաքելով հենց մուսուլման ֆրանսիացիներից: Պարզապես, հիմա հայամետ է խաղում, որ հայերի ձայներն էլ ստանա ընտրություններին, մինչդեռ իրականում երբեք հայամետ չի եղել», - մանրամասնեց մեր աղբյուրը:
Մեկ այլ աղբյուրից էլ պարզեցինք, որ ֆրանսահայերն առհասարակ չեն հավատում Ֆրանսիայի հայամետ քաղաքականությանը. «Ֆրանսիական բոլոր իշխանություններին միայն մեր համայնքի ձայներն են պետք, բայց իրականում թուրքերի ու ադրբեջանցիների մազը հայության հետ չեն փոխի: Նրանք անկեղծորեն ասում են` դուք լավն եք, բայց, կներեք, ուժ չունեք, եւ ձեր սիրուն աչքերի համար մենք չենք գնալու Թուրքիայի դեմ: Եթե նախագահ Մակրոնը Էրդողանի կողմից իր հասցեին հնչեցված վերջին վիրավորանքներից հետո նրան դեմ չգնաց, հիմա էլ չի գնա, որովհետեւ միլիոնավոր դոլարների առեւտրի մեջ է նրա հետ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ