Ինչ էֆեկտ կարող է ունենալ Պուտին-Էրդողան հանդիպումը մեր համար
Վերլուծություն
Արցախի իշխանական համակարգում ընթացող ներկա փոփոխությունները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263865&l=am), հասկանալի է, չեն կարող անտարբեր թողնել նաեւ Ալիեւին: Սակայն Բաքվի պարագայում մտածելու հարցեր, իհարկե, կան:
Այպես, եթե Արցախը կարողանա լիովին դուրս գալ Նիկոլի վերահսկողությունից, ապա այլ տարբերակ, քան Մոսկվայի հետ ամենասերտ համագործակցությունն է, Ստեփանակերտը պարզապես չի ունենալու: Իսկ դա նշանակում է, որ եթե Ալիեւը, գործ ունենալով Հայաստանի հետ, մեծ ուրախությամբ խաղարկում էր ուժային բաղադրիչը, ապա Մոսկվայի հետ գործ ունենալու դեպքում այդ հարցում պետք է շատ լուրջ մտածի: Ընդ որում, կան խոսակցություններ, որ Ալիեւը սկսել է ակտիվորեն զինամթերք ներկրել Իսրայելից: Սակայն ո՞ր ուղղությամբ նա կարող է դա կիրառել: Հայաստանի դե՞մ: Բայց դա Արցախը վերահսկողության տակ վերցնելու հարցում բան չի տա: Արցախի դե՞մ. այս դեպքում պետք է մտածի ռուսների մասին: Ընդ որում, Նիկոլի այն միտքը, թե՝ ռուսները ոչինչ չեն անի, կարող են հեռանալ, զավեշտի դաշտում է. եթե ռուսները պատրաստ լինեին այդքան հեշտ ու հանգիստ հեռանալ, ապա պարզապես 2020թ. նոյեմբերի 9-ին զորք չէին մտցնի Արցախ՝ թողնելով, որ Ալիեւը գրավի Ստեփանակերտն ու ողջ Արցախը: Իսկ որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո այս հարցում աշխարհաքաղաքական տեսանկյունից բան չի փոխվել, որը կփոխեր ռուսների այդ մոտեցումը, եւ անգամ ուկրաինական պատերազմն է ստիպում շատ ավելի ամուր կառչած մնալ Հարավային Կովկասում՝ երկրորդ ճակատ եւ Իրանի հետ կապի խզում թույլ չտալու համար, միանշանակ է:
Մյուս կողմից, Ալիեւի համար նաեւ կարեւոր ցուցիչ է ՌԴ-Թուրքա եւ Իրան-Թուրքիա գործընթացները:
ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ներկա փուլի մասին բավականին հետաքրքիր էր արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպեց ոչ միայն Լավրովի, այլ նաեւ՝ Շոյգուի հետ: Դետալները մի կողմ թողնելով՝ ֆիքսենք, որ երբ դրան հաջորդեց Էրդողանի այցը Սոչի եւ հանդիպումը Պուտինի հետ, ապա այս ընդհանուր դինամիկան արդեն իսկ ակնարկում է, որ Անկարան փորձում է Մոսկվայի հետ հարաբերություններում ցնցումներից խուսափել:
Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա հարաբերություններին, ապա այս առումով շատ հետաքրքիր էր, որ Մոսկվայից հետո Ֆիդանը մեկնեց Թեհրան: Արտգործնախարարների բանակցություններին հաջորդած ասուլիսում Աբդոլահիանը երկու հետաքրքիր միտք հնչեցրեց, որոնք, այսպես ասենք, արժանացան Ֆիդանի հավանությանը: Նախ Աբդոլահիանը հերթական անգամ ամենավճռական տոնայնությամբ այն միտքն առաջ տարավ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները ողջունելով հանդերձ, այնուամենայնիվ, Թեհրանը մնում է իր «կարմիր գծի» պաշտպանության դիրքերում: Այն է՝ ոչ մի դեպքում չի ընդունի աշխարհաքաղաքական, այսինքն՝ նաեւ սահմանային որեւէ փոփոխություն տարածաշրջանում եւ «առկա տարանցիկ երթուղու արգելափակումը»: Եվ հաջորդը, որ «Իրանը եւ Թուրքիան համակարծիք են», որ կովկասյան տարածաշրջանում «լարվածության եւ հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է», եւ այժմ եկել է «համագործակցության ժամանակը»: Ընդ որում, Աբդոլահիանը հատուկ ընդգծել է, որ իր թուրք գործընկերոջ հետ այդ բոլոր հարցերը քննարկել եւ պայմանավորվել են:
Ահա, այս իրավիճակում էլ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան այդքան սպասված հանդիպումը: Բանն այն է, որ թուրքական վերջին նախագահական ընտրություններից հետո Էրդողանը մի պահ կտրուկ շարժ սկսեց դեպի Արեւմուտք՝ նույնքան կտրուկ վատթարացնելով ՌԴ-ի հետ հարաբերությունները: Արդյունքում, եկավ մի պահ, երբ Մոսկվան սկսեց անգամ «ժամանակ չգտնել»՝ Էրդողանի զանգերին պատասխանելու համար: Եվ այն, որ այդ լարվածությունից հետո այս հանդիպումը կայացավ, դա ամենակարեւոր ազդակներից մեկն է, որ Անկարան էֆեկտիվ չհամարեց իր արեւմտամետ այդ թեքումը ու հիմա գնում է նոր շրջադարձի:
Թե ինչ տեղի ունեցավ, իհարկե, կան բացատրություններ: Եվ դրանց թվում էականներից մեկն այն է, որ Մերձավոր Արեւելքի հիմնական խաղացողները՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ այլն, գնացին հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ընդ որում, անդամակցելով ԲՐԻԿՍ-ին: Թուրքիան իր հերթին է այդ կառույցին անդամակցելու դեռ ոչ պաշտոնական հայտ ներկայացրել, սակայն ընդհանուր տարածաշրջանային դինամիկայից սկսել է հետ մնալ, որին փոխարինող որեւէ բան Արեւմուտքը նրան այդպես էլ չառաջարկեց:
Մյուս կողմից, Մոսկվան ուժային մեթոդով արգելափակեց «հացահատիկային գործարքը», եւ Վաշինգոտը չգտավ դրան տալու ռեալ պատասխան: Ապա նաեւ, ուկրաինական հարթակում Արեւմուտքի այդքան գովազդված «հակահարձակումը» եւս անզոր գտնվեց՝ ի ցույց դնելով ռուսների ամրացող ռազմական դիրքերը: Վերջապես, օրերս մարտական հերթապահության դրվեց «Սարմատը», որն ինքնին լինելով բացառիկ ստրատեգիական զինատեսակ, դեռ մի բան էլ ունակ է կրել էլ ավելի բացառիկ «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռներ: Ու ինչպես խոստովանեցին Փարիզից, մեկ «Սարմատն» ի զորու է ոչնչացնել մի ամբողջ Ֆրանսիա: Եվ նման մի շարք այլ գործոններ, որոնք, ինչ խոսք, յուրաքանչյուրն իր հերթին ազդում է Թուրքիայի դիրքորոշման վրա:
Իհարկե, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ արդյունք ունեցավ Պուտին-Էրդողան երեկվա հանդիպումը: Սակայն ընդհանուր դինամիկան մինչ հանդիպումն էլ էր ենթադրելի, եւ այդ ֆոնը, հասկանալի է, Ալիեւը չի կարող շրջանցել, եթե գա այն մտքին, որ Արցախում Հայաստանի փոխարեն գործ է ունենալու Ռուսաստանի հետ:
Իհարկե, եթե իրավիճակը գնա այդ փոփոխությունների փուլով, կա նաեւ այն բանի հավանականությունը, որ Ալիեւը կփորձի վերջին պահին գնալ ինչ-որ ուժային ավանտյուրայի: Բայց եթե այդպես է, պետք է շտապի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ