Ալիեւը՝ պատերազմ սկսել-չսկսելու վտանգավոր երկընտրանքի առաջ
Վերլուծություն
Նկատենք նաեւ, որ եթե Արցախի նոր իշխանությունները տեղափոխվեն ռուսական ուղղություն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263933&l=am), ապա դա դառնում է Ալիեւի համար վատթարագույն տարբերակներից մեկը:
Այս օրերին Ալիեւը շարունակում է ակտիվորեն զորք ու զենք տեղակայել Հայաստանի սահմաններին, թերեւս մտածելով ռազմական պատասխանի հավանականության մասին: Օրինակ, թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով. «Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի եւ զորքի ահռելի կուտակումները Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը եւ քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը եւ այլն: Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաեւ Նախիջեւանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչեւ Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը…»
Այդ ռիսկը, հասկանալի է, միշտ էլ կա: Նաեւ հաշվի առնելով, որ Նիկոլը մինչեւ վերջ է արգելափակում Հայաստանի սահմաններ ՀԱՊԿ ուժերի մուտքի հնարավորությունը, որն այս պահին կարող էր երկրի անվտանգության միակ երաշխիքը լինել:
Սակայն այստեղ Ալիեւը մեկ լուրջ խնդիր ունի: Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի պատրաստվում Արցախից եւ Հայաստանից հեռանալ, նաեւ Բաքվին ուղղված լուրջ մեսիջ էր: Նաեւ, նման մեսիջներ շարունակում են գալ Իրանից: Օրինակ, նախօրեին եւս իրանական բանակին մոտ կանգնած աղբյուրը գրեց. «Թուրքիայի ԱԳ նախարար Հական Ֆիդանը տեղեկացվել է Իրանի հստակ դիրքորոշման մասին հյուսիսարեւմտյան սահմաններում եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած թշնամական գործողությունների մասին: Իսրայելի աջակցությունը Բաքվի ռեժիմին կարող է թանկ նստել Ալիեւի վրա: Մենք ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, եւ դա արվելու է ամեն գնով...»:
Այս իրավիճակում, բնականաբար, Բաքվի համար լուրջ ազդակ է մնում Թուրքիայի դիրքորոշումը: Այն կարող էր հստակ դառնալ նախօրեին կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Սակայն այդ հանդիպումից այն տպավորությունն էր, որ Թուրքիայի համար մի քանի դրական քայլերով եւ նման քայլերը շարունակելու պատրաստակամություն դրսեւորելով հանդերձ, Պուտինը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ նրան ընդառաջ չգնաց: Պատճառն էլ էր հասկանալի. աշխարհում սկսվել է հստակ դիրքավորման ժամանակաշրջան, եւ Անկարայի համար այս փուլում շատ բարդ է շարունակել «միաժամանակ երկու աթոռի նստելու» քաղաքականությունը: Ըստ ամենայնի, Էրդողանը Պուտինից «փակ» հանդիպման ժամանակ ինչ-որ առաջարկներ ստացավ: Հիմա գնալու է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գագաթաժողովին, այնտեղ եւս քննարկումներ կունենա, ինչ-որ առաջարկներ կստանա: Դրան կարծես թե հաջորդելու է Պուտին-Էրդողան եւս մեկ հանդիպում, որն էլ արդեն որոշիչ կդառնա հետագա պայմանավորվածություններ ունենալ-չունենալու հարցում:
Սա ավելի շատ խոսում է այն մասին, որ Էրդողանը գոնե այս պահին ավելորդ սրացումների կարիք չունի: Մինչդեռ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողությունների գնալ, դա արդեն ոչ թե սրացում, այլ իսկական պայթյուն կլինի Մոսկվայի եւ Թեհրանի հետ Անկարայի հարաբերություններում: Ալիեւը, իհարկե, կարող է նաեւ այս նրբերանգը շրջանցել: Բայց այդ դեպքում ունենալով կրկնակի ռիսկ, Մոսկվան չի պատրաստվում այստեղից հեռանալ, իսկ Թեհրանը սպառնում է՝ «Կարող է թանկ նստել Ալիեւի վրա»: Ու այս դեպքում էլ արդեն մնացածն Ալիեւի որոշելիքն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ