Արցախում «ականները» քիչ-քիչ «պայթում» են
Վերլուծություն
Սակայն ներկա իրավիճակում կա մեկ կարեւոր հարց եւս. իսկ ինչո՞ւ Նիկոլն ու Ալենը հանկարծ որոշեցին՝ այսպես միանգամից եւ բացահայտորեն, չնայելով հնարավոր լուրջ ռիսկերին, թշնամության աստիճան դեմ գնալ Մոսկվային (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=264159&l=am): Առիթ ունեցել ենք ենթադրություն հայտնել, որ սա պետք է կապել Արցախում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Բայց մինչ Արցախին հասնելը՝ նախ հարկ է անդրադառնալ ներհայաստանյան թեեւ աննշան, բայց հետաքրքիր եզրակացությունների տեղիք տվող փաստի: Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն եւ հանդիպել դեսպանի հետ: Ինչպես հայտնի է, Մանեն ու իր թիմը Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ-ֆինանսավորյալն են, եւ հենց այդ հովանու տակ էլ մտել են ընտրարշավ: Ու այստեղ պարզ հարց է ծագում. իսկ Վարդանյանը չի՞ մտածել այն մասին, որ հենց Բրիտանիան է կանգնած Արցախի ներկա վիճակի հիմքերում: լավ, գոնե տեղյա՞կ է, թե իր հովանավորյալ քաղաքապետացուն ինչ գործ ունի բրիտանական դեսպանի մոտ, երբ այդ այցին զուգահեռ, նորից խրոխտ հայտարարություններ է անում Արցախը փրկելու մասին:
Այս ամենը, թերեւս, խոսում է այն մասին, որ ինչքան էլ այն տեսքը կա, որ Արցախում ռուսների հետ համագործակցելու պատրաստ ուժեր են գալիս իշխանության, սակայն եթե անգամ դա այդպես է, մեկ է, այնտեղ դեռ կան արեւմտյան շատ եւ միանգամայն լուրջ «ականներ», որոնք ամեն պահ կարող են պայթել: Բայց ամեն դեպքում, այս պահին իրոք կա այն տպավորությունը, որ նախնական գնահատումներով՝ համեմատաբար ողջամիտ ուժերի ներկայացուցչի համարում ունեցող Սամվել Շահրամանյանը կարող է առանց անակնկալների դառնալ Արցախի նախագահ, որը Նիկոլի համար լուրջ խնդիր է:
Ամեն դեպքում, մեր այն ենթադրությունը, որ արցախյան խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը՝ 4 խմբակցությունները, կարող են առաջին փուլում ընտրվելու համար պահանջվող 22 ձայնը տալ Շահրամանյանի օգտին, գոնե այս պահի դրությամբ իրականանում է: Դեռ կան մտավախություններ, որ խորհրդարանական 5-րդ ուժը՝ Սյամոյի թիմը, կփորձի ինչ-որ անակնկալներ մատուցել, սակայն նա ո՛չ խորհրդարանում բավարար ձայներ ունի եւ ո՛չ էլ հանրության մոտ բավարար վարկանիշ: Եթե ինչ-որ բան փորձի, հաջողությունը քիչ հավանական է, բայց դա անձամբ նրա համար կարող է լուրջ հարված դառնալ: Կարճ ասած, որ այստեղից էլ հարվածը քիչ հավանական է թվում:
Միեւնույն ժամանակ, նաեւ հայտնի դարձավ, որ առանց անգամ ընտրություններին սպասելու, արդեն իսկ լուծարվել են այն արհեստական օղակները, որոնք պաշտոնական Երեւանը ստեղծել էր Արայիկ Հարությունյանի շուրջ: Հիմնականում արեւմտամետներից, սորոսածիններից բաղկացած այդ օղակների լուծարումը էլ ավելի է թուլացնում Նիկոլի դիրքերն Արցախում՝ նրան զրկելով խաղի մեջ մնալու վերջին լծակներից:
Իհարկե, նիկոլյան պատկերացումներվ, Արցախում տեղի ունեցած այս գործընթացը կազմակերպված էր ռուսների կողմից, եւ դա պետք է որ այս հակառուսական բուռն հիստերիայի հիմնական պատճառներից մեկը լիներ: Առավել եւս, երբ դրանով ոչ միայն կորցնում է Արցախում կառավարման լծակները, այլ նաեւ նվազում է իր հանդեպ Արեւմուտքի հետաքրքրությունը, ու պետք է հիմա հակառուսական տոնայնությամբ ամեն կերպ ցույց տալ, թե՝ ինձ հանկարծ հաշվից չհանեք:
Սակայն այս ամենը նաեւ այլ ուղղություն ունի: Այսպես, Ալիեւը փորձեց Արցախում իրավիճակի նման փոփոխությանը պատասխանել սահմաններին զենք ու զորք շարժելով: Նիկոլն էլ, որ մինչ երեկ հանգիստ Հայաստանով մեկ ֆռֆռում էր, այդ «պասի» հիման վրա երեկ հանկարծ մտածեց, որ սուր վիճակ է, եւ անգամ պատերազմ կարող է լինել: Ու նորից սկսեց առաջ տանել ամեն կերպ «խաղաղության պայմանագիր» կնքելու գաղափարը՝ հիմնված 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում եւ 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա: Նման պայմանագիր նա մինչ այս էլ կարող էր ստորագրել: Միայն թե թվարկված բոլոր պայմանավորվածությունները մեկ հարց են բաց թողնում՝ իսկ Արցա՞խը…
Փոխարենը, այս օրերին Ալիեւն արտաքին ուժերից շարունակում է բանակցել միայն ռուսների հետ (Թուրքիային, իհարկե, չհաշված), եւ այս շփումներում շարունակում է առաջնային մնալ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջան ճանաչելու ուղղումներով հանդերձ: Նաեւ, որ պետք է գործարկել կոմունիկացիաները, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությունով: Սրա մասի՞ն է խոսում Նիկոլը՝ ռուսների հետ կատաղի կռիվների արանքում:
Մի խոսքով, որ առաջիկա օրերին հետաքրքիր զարգացումներ են լինելու, դա կարծես հաստատ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ