Երկիրը նոր պատերազմի հասցնողները շարունակում են սեւ գործը
Վերլուծություն
Այս օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված ամենագլխավոր հարցն է դարձել՝ կլինի՞ նոր պատերազմ, թե՝ ոչ: Միայն այն, որ ունենք նման հարցադրում եւ այս կարգի սրությամբ, արդեն իսկ ավելորդ անգամ փաստում է, որ այն քաղաքական կուրս ասվածը, որը 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած առաջ են տանում ՀՀ գործող իշխանությունները, մեղմ կլիներ խայտառակ տերմինով բնութագրելը, անկախ այն բանից՝ սխա՞լ քաղաքականություն է պետք դա որակել, թե՝ դավաճանական: Բայց մինչ ՀՀ վայ-իշխանություններին եւ կլինի՞ նոր պատերազմ, թե՝ ոչ հարցին հասնելը, նախ անդրադառնանք այն իրողություններին, որոնք այս փուլի հիմք դարձան:
ԻՆՉ ԱՍԱՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն, որ Ադրբեջանն արցախյան վերջին իրադարձությունենրի ֆոնին սկսեց զորքեր կուտակել Հայաստանի եւ Արցախի սահմաններին, հուշում է, որ այդ երկու գործընթացները իրար հետ սերտ կապի մեջ են: Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում. Արայիկ Հարությունյանը, ով ուներ նիկոլյան կամակատարի համարում, տեւական ժամանակ Արցախի առանցքային պաշտոններին նշանակում էր արցախյան բացահայտ եւ թաքնված հուդաներին: Իսկ սրանք վերջին շրջանում բացահայտորեն առաջ էին տանում Արցախի բնակչության տարհանման գործընթաց՝ դա կապելով հումանիտար իրավիճակի հետ, բայց նաեւ հրաժարվելով ռուս խաղաղապահների վերահսկողությամբ զուգահեռաբար Լաչինի եւ Աղդամի ճանապարհները բացելու Մոսկվայի առաջարկից: Ընդ որում, Ադրբեջանը ցույց էր տալիս, որ այդ առաջարկի կողմնակիցն է, թեեւ դրա տակ պարզ տեսանելի էր, որ Բաքվի համար, բնականաբար, այս ամենը Նիկոլի մանկլավիկների ձեռքով Արցախը դատարկելու, բայց միաժամանակ Մոսկվայի հետ սուր հակասության չգնալու ռազմավարություն էր:
Եվ ահա, Արայիկի «կամավոր–պարտադիր» հրաժարականից եւ անմիջապես էլ՝ արցախյան նոր իշխանությունների կողմից հուդաներին պաշտոններից ազատելուց հետո նշված խաղը սկսեց ձախողվել: Առավել եւս, որ գրեթե անմիջապես էլ, դեռ անգամ մինչ Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրվելը, Ստեփանակերտից պարզ մեսիջ հնչեց, թե` ինչ կա, պատրաստ ենք բոլոր ճանապարհներն էլ բացել խաղաղապահների երաշխավորմամբ: Ընդ որում, Շահրամանյանի առաջին իսկ պաշտոնական ելույթում եւս նույն ազդակները նկատվում էին: Նախ, նա միանգամայն տեղին ֆիքսեց, որ ներկա սրացումների հիմքերում պետք է տեսնել նաեւ՝ «ՌԴ-հավաքական Արեւմուտք աշխարհաքաղաքական հակամարտությունն ու ՌԴ Ուկրաինա պատերազմը»: Այսինքն, որ Արցախը եւս ՌԴ-ԱՄՆ հակամարտության օբյեկտի է վերածվել: Ապա նաեւ Արեւմուտք կոչվածը, չնայած իր բազում գեղեցիկ հայտարարությունենրին եւ կոչերին, իրենց վերահսկած միջազգային եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներին, չեն գնալու Ադրբեջանի նկատմամբ ազդեցության կոշտ միջոցների, այսինքն՝ խաղում են Բաքվի օգտին: Իսկ դա պարզ հուշում է այն մտքի օգտին, որ միակ ռեալ ուժը, որից կարող են պաշտպանություն ակնկալել, դա խաղաղապահ առաքելությունն է:
Սրանով հանդերձ, Շահրամանյանը ռեալ համարեց, որ կա նման հարցերի շուրջ արտաքին կոնցենսուս, այսինքն՝ այդ ուղղությամբ Ստեփանակերտը կարող է գործել.
«1) Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա որոշակի կարգավիճակ,
2) Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Վերջինս, հակառակ Բաքվի պնդումների, արդեն տեւական ժամանակ է փակ է եւ պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաեւ տարածաշրջանային այլ ճանապարհներ եւս, սական դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք,
3) Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ: Ընդ որում, այս հարցում, թե ՌԴ-ն եւ թե հավաքական արեւմուտքը պատրաստ են տրամադրել հարթակ եւ հանդես գալ միջնորդի դերում, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը:
Միակ պարտադիր պայմանը պետք է լինի բանակցությունների կազմակերպումը երրորդ երկրի կողմից՝ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների կատարմանը նրա տրամադրած երաշխավորությամբ»:
Այն, որ որպես «երրորդ երկիր» կարող է հանդես գալ միայն Ռուսաստանը, դժվար չէ հասկանալ ելույթի ողջ ենթատեքստից: Ըստ այդմ, ըստ էության, դա մոտավորապես նման ազդակ է հղում: Արցախը պատրաստ է գնալ կոմունիկացիաների միաժամանակ գործարկման հետ կապված մոսկովյան սխեմայով, որին, կրկնենք, հավանություն է տվել նաեւ Բաքուն: Նաեւ, Արցախը պատրաստ է ՌԴ-ի միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ:
ԻՆՉՈՒ ԿԱՏԱՂԵՑ ԱԼԻԵՎԸ
Այսինքն, պատահական չէ, որ արցախյան այս իրադարձությունների ֆոնին տարածվեց այն գաղափարը, թե հենց Մոսկվան է կանգնած այդ բոլոր զարգացումների հիմքում, եւ հիմա Արցախը կսկսի գործել ռուսների եւ ոչ թե Արեւմուտքի առաջադրած մոդելով: Իսկ դա, կրկնենք, լուրջ հարված էր Արցախը ներսից հայաթափելու սխեմային: Ավելին, միաժամանակ բարդ վիճակում է դնում Բաքվին: Կրկնենք` Արցախը երբ համաձայնություն է տալիս միաժամանակ ճանապարհները գործարկելու մոսկովյան առաջարկին, որի օգտին հանդես էր եկել Բաքուն, այս դեպքում հենց Ադրբեջանն է հայտնվում իր փորած փոսում: Այսինքն, իրականում էլ համաձայնելով այդ մեխանիզմի հետ, Բաքուն պարզապես կորցնում է արցախահայությանը սովի մատնելու միջոցով հեռացնելու ամիսներով առաջ տանող գործիքը, որի դեպքում կարող էր նաեւ արդարանալ՝ ես ի՞նչ անեմ, արցախցիները հրաժարվեցին օգնությունից: Ճիշտ է, այս պահին որոշ ներարցախյան հուդայիկներ դեռ փորձում են փակ պահել ճանապարհը, թե՝ լավ է սովից մեռնենք, քան Ադրբեջանից, հիմա նաեւ՝ Ռուսաստանից եկած բեռ վերցնենք, սակայն դա հեշտ լուծելի խնդիր է:
Բաքվում էլ դա, ինչ խոսք, հասկանում են, եւ այն, որ եթե մինչ այդ «կանաչ լույս» էին վառել ՌԴ-ից եկող բեռների առաջ, իսկ հետո այն արագորեն փոխեցին «կարմիրով», գալիս է հուշելու, որ Ադրբեջանը փորձում է կողմնորոշվել՝ պե՞տք է հրաժարվեն ճանապարհները բացելուց եւ բացահայտ դեմ գնան Մոսկվային: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ եթե դեմ գնան, դա պետք է անեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Զանգեզուրի ուղղությամբ:
ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Գանք հայաստանյան իշխանություններին: Այն, որ Նիկոլն Արայիկին կորցնելուն պես անմիջապես սկսեց բոլոր հնարավոր մեխանիզմներով հակառուսականություն դրսեւորել (սեփական ու Ալենի հայտարարությունենրով, կնոջը Կիեւ ուղարկելով, ամերիկացիների հետ զորավարժանքներ կազմակերպելով եւ այլն), ավելի շատ նման է այն հակառուսական կուրսին, որը նա որդեգրել էր նաեւ 44-օրյա պատերազմի շեմին: Ամեն դեպքում, նրա ներկա գործողությունները` ամեն կերպ ցույց տալ, թե ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին վանում է Հայաստանից, ավելի շատ նման է թշնամուն ուղղված հրավերին: Թե` ռուսները բան չեն անի, գործի անցեք, քանի դեռ ժամանակ կա: Հակառակ դեպքում աբսուրդ կլիներ, երբ մի պետության ղեկավարը, իր իսկ խոստովանմամբ՝ կանգնած լինելով պատերազմ սկսվել-չսկսվելու գերխնդրի առաջ, ամեն բան անում է, որ միակ պաշտոնական դաշնակիցը թքի եւ մատը մատին չտա: Կամ կարո՞ղ է մեկը բացատրել, թե այդ ինչպես է ստացվում, որ կնոջն ուղարկում է Կիեւ, երբ նույն ուկրաինական իշխանությունները հերիք չէ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆոր էին ուղարկում ազերիներին՝ հայ զինվորների գլխին թափելու համար, ու հենց այս պահին էլ, բոլորից առաջ ընկած, ցուցադրաբար սիրախաղերի մեջ են մտնում Ադրբեջանի հետ: Կարո՞ղ է մեկը բացատրել, թե այդ ինչպես է ստացվում, որ ամերիկացիները գրեթե անթաքույց խոսում են, թե հնարավոր պատերազմին ռուսների միջամտության դեպքում կօգնեն Ադրբեջանին, իսկ Նիկոլը նրանց հետ զորավարժանքներ է սկսել, չնայելով անգամ ՌԴ-ից եւ Իրանից եկած նախազգուշացումներին՝ դրանով առաջ տանելով Հայաստանին նոր պատերազմի հասցնելու սեւ գործը: Չնայած, միայն այն, որ, ըստ տարածված լուրերի, Նիկոլը սարսափի է մատնվել՝ մտածելով, թե «Վագները» գալիս է իր հետեւից, արդեն իսկ պարզ խոսում է, որ նա հստակ գիտակցում է՝ արել է այնպիսի քայլեր, որ «Վագները» կարող է հանկարծ գալ նրա հետեւից: Իսկ դրան զուգահեռ տարածված լուրը, թե արդեն հասցրել է ընտանիքը դուրս բերել, կամ, որ Թուրքիայից են նրան հուշել, թե՝ «Վագներից» զգուշանալ է պետք, արդեն իրավիճակի մասին ծայրահեղորեն պարզ է ակնարկում: Ու պատկերը շատ ավելի առարկայական տեսք կստանա, եթե այս ամենին գումարում ենք այդ ոչ դիվանագիտորեն հայտարարությունները, որոնք նախօրեին արեց Լավրովը, էլ չենք խոսում ռուսական պաշտոնական եւ ոչ պաշտոնական բազում այլ աղբյուրների մասին:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին կլինի՞ նոր պատերազմ, թե՝ ոչ հարցի հետ կապված առաջնայինն այն չէ, թե ինչ է անում եւ ասում Նիկոլն ու նրա կողքին կանգնածները: Շատ ավելի էական է, թե ինչ են անում Ռուսաստանն ու Իրանը, եւ այդ քայլերն ինչպե՞ս են ընկալում Թուրքիան եւ Ադրբեջանը, բնականաբար, ընդունելով նաեւ ԱՄՆ–ից եւ Իսրայելից եկած հորդորները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ