Կհաջողվի՞ Նիկոլի թռիչքը դեպի արեւմուտք
Վերլուծություն
Այնուամենայնիվ, եթե անգամ կայանա եւ գործի Ռուսաստան–Ադրբեջան–Արցախ բանակցային հարթությունը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=264560&l=am), սա դեռ չի նշանակում, որ վերջակետ է դրված նաեւ Հայաստան–Ադրբեջան եւ Հայաստան–Թուրքիա խնդիրներին:
Այն, որ նախօրեին Նիկոլը երկար–բարակ խոսում էր Էրդողանի հետ, իհարկե, Հայաստանի համար առանցքային նշանակության հարց էր, անկախ նրանից, թե իրականում ինչ են խոսել: Բուն փաստը ներկա սրացումների ֆոնին հենց այդ խոսակցությունն է, որ մեկ բան է նշանակում՝ Թուրքիային ներքաշել հայ–ադրբեջանական եւ արցախյան գործընթաց: Օրինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը այդ փաստը ներկայացնում է այսպես. «Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման Արցախն էր։ Փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել արցախյան հակամարտության կողմ: Սրանից առաջ դիվանագիտական մակարդակում մենք մշտապես Թուրքիայի այդ փորձերը տապալել ենք։ Այժմ ինքներս ենք բերում Թուրքիային եւ ներգրավվում խաղի մեջ»: Նաեւ, որ. «Թուրքիայի նախագահի հետ խոսելով՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Թուրքիայի ազդեցության տարածումը մեր միկրո–տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում…»:
Այսպիսով, այս հեռախոսազրույցով, առավել եւս, որ դա ընթացավ Հայաստանում կազմակերպված հայ–ամերիկյան զորավարժանքների մեկնարկին զուգահեռ, Նիկոլը հերթական անգամ հաստատեց, որ դեպի Արեւմուտք նրա երազանքների շրջադարձն անխուսափելիորեն անցնում է Թուրքիայով, այսինքն, որ այդ շրջադարձով Հայաստանի համար առավելագույնը կարող է սահմանվել այն տեղն ու դերը, որը սահմանվում էր տխրահռչակ «Ալեքսանդրոպոլի պայմանագրով»: Եվ, թերեւս, պատահական չէր, որ դրան հաջորդեց նաեւ ՌԴ նախագահի հայտարարությունը, որով Պուտինը եւս մեկ անգամ հիշեցնեց, որ Հայաստանի ներկա վիճակն առաջ է եկել հայտնի «5+2» սցենարի մերժումով, եւ շատ ավելի է ծանրացել այն բանից հետո, երբ, ըստ Պուտինի. «Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ: Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա»:
Նիկոլը մինչ այդ Հանրայինի եթերում շարունակեց հեքիաթներ պատմել Ալմա-Աթայի համաձայնագրի մասին, նաեւ փորձելով արդարանալ, կապված նրա հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, որ Բաքվի համար լուրջ հիմք դարձավ՝ սահմանին անցակետ տեղադրելու համար, թե. «Այդ հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ Բրյուսելում: Մենք ցույց ենք տալիս, որ մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը: Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին…»: Միայն թե «մոռանալով» մեկ պարզ բանի մասին՝ բա եթե Ադրբեջանը հավատարիմ չի մնում, ինչո՞ւ եք հետն ինչ–որ բան պայմանավորվում: Նույն հեքիաթներն էին նաեւ ներկա հակառուսական քայլերը «արդարացնելու» փորձերի ժամանակ: Գնաց–հասավ այն մտքին, թե՝ «Իմ կնոջ այցը Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել…»: Տեսնես իրոք դժվա՞ր է գիտակցել, որ երբ այս իրավիճակում որեւէ ղեկավար կնոջն ուղարկում է իր պաշտոնական դաշնակցի թշնամու մոտ՝ ինչ–որ անիմաստ հանդիպումների, դա ամեն մի նորմալ մարդ կարող է միայն քաղաքական տեսանկյունից բացատրել: Կամ Հռոմի ստատուտի հարցը. «Մենք դա վավերացնում ենք, որովհետեւ ուզում ենք, որ մասնավորապես 2022–ի սեպտեմբերի դեպքերը, 2021–ի մայիսի դեպքերը միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան…»: Լո՞ւրջ, հիմա Ալիեւի հետ բանակցո՞ւմ եք, թե՞ ուզում եք նրան միջազգային դատարաններով վախեցնել, որի վրա, ինչպես ցույց տվեց Լաչինի միջանցքի պատմությունը, նույն Ալիեւը թքած ունի:
Մի խոսքով, այն տպավորությունն էր, թե Նիկոլն ուզում է ինչ–որ անիմաստ արդարացումներով ցույց տալ, թե ինքը Մոսկվայի հետ թշնամության ուղին չի բռնել: Բայց այն, որ հաջորդեց Պուտինի հիշատակված պատասխանը, հուշում է, որ Մոսկվայում այդ արդարացումներին երեւի չեն էլ նայել:
Ու նորից ամբողջ հարցն այն է, թե Նիկոլը կկարողանա՞ դեպի Արեւմուտք նման շրջադարձ իրականացնել, եթե նաեւ Արցախում է կորցրել վերահսկողությունը: Բաքուն, հիշեցնենք, նախօրեին նաեւ Իրանին մեսիջ հղեց, թե պատերազմել չի ուզում՝ իր այս զորաշարժերին ինչ–որ տափակ բացատրություն տալով: Մյուս կողմից այն, որ Նիկոլի հետ խոսելուց հետո, Էրդողանը գրեթե անմիջապես էլ զանգահարեց Պուտինին, թերեւս իր հերթին է ակնարկում, որ Թուրքիան դժվար թե այս պահին իրոք մտածում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման գնալու մասին: Որերորդ անգամ կրկնենք. տարածաշրջանում պատերազմ կամ խաղաղության հետ կապված որեւէ լուրջ լծակ Նիկոլը չունի. այդ հարցերն այլ ուժերի դաշտում են: Ու ամեն ինչ հուշում է, որ այդ ուժերը գոնե այս պահին պատերազմել չեն ուզում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ