Եթե չլիներ արցախցիների կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր. Աբրահամյան
Ներքաղաքական
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տեղեկություններով` Արցախում սկզբնական փուլում գործել են հրետանային, հրթիռային համակարգերը, բավականին ակտիվ են եղել ԱԹՍ-ները, մի փուլում գործել է նաեւ ավիացիան, ցամաքային գործողություններն իրականացրել են Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները:
— Այն կատաղի պայքարը, որ Արցախի ՊԲ-ն, արցախցիները տարել են բառիս բուն իմաստով` առանց նահանջելու, տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի եւ փոխադրումների բացակայության պայմաններում: Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տաբեր հատվածներ օգնության հասել են 20-40 կիլոմետր քայլելով: Ադրբեջանցիներն անմիջապես Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են, Արցախի ոստիկանական ուժերը ուժեղացված ծառայություն են իրականացնում: Իրավիճակը շատ լարված է, մարդիկ ծանր հոգեբանական հարված են ստացել, այս պայմաններում բոլոր գործողությունները պետք է լինեն խիստ հաշվարկված: Արցախցիներն ամեն ինչ արել են, որ կանխեն այս ամենը, եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր:
— Ի՞նչ կասեք Եվլախում տեղի ունեցած Ադրբեջան-Արցախ բանակցությունների մասին:
— Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց սեպտեմբերի 21-ն էր ընտրել Եվլախում հանդիպման համար. նախատեսված օպերացիան էլ այնպես է նախատեսվել, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը ավարտված լինի, եւ այդ բանակցությունները հենց այդ օրը տեղի ունենան: Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք Հայաստանի ու Արցախի համար բնութագրել են անկախություն, ազատություն եւ անվտանգություն: Այդ հանդիպումը հենց սեպտեմբերի 21-ին կազմակերպելը նպատակ ուներ բարոյապես ոչնչացնելու այն, ինչը այս իշխանություններն արդեն երկար ժամանակ անում են: Որքան ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթությունով են ընթանում եւ միայն Եվլախում չեն տեղի ունենալու: Այս իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, մյուս կողմից դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու: Այս պահին մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ կան, որոնք դուրս չեն բերվել: Այսինքն` այդ բանակցություններում քննարկվելու են մարդասիրական խնդիրներից մինչեւ Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ: Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհ է ընտրվելու: Այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու: