Իրականում 3 միլիոն հայերով հենց հիմա գտնվում ենք Բաքվի բանտում, ուղղակի տեղյակ չենք. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ։
— Մասնակցել եք ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա պատերազմներին։ Արցախյան պայքարը երբեւէ կմտածեի՞ք, որ նման ավարտ կունենար։
— Ոչ միայն կմտածեի, այլ՝ սկսած դեռ 2010-ականներից բազմիցս խոսել եմ այս մասին: 2016 թվականի քառօրյա ճակատամարտից հետո ավելի հիմնավոր ու փաստական եմ խոսել, որ եթե շատ արագ մեր ոգեզենքերին չվերադառնանք ու չսպառազինվենք` սոսկալի աղետը դուռը թակելուց` կանցի այն կոտրելուն: Անգամ 44-օրյայից առաջ, երբ տառացի մատնանշում էի/էինք սպասվող աղետը, մեզ ազգի դավաճան էին համարում: Բայց սա ինձ համար վերջը չէ. աշխարհում որեւէ կայսրություն երաշխավորված սահմաններ չի ունեցել, չունի եւ չի ունենա: Բավական է դառանք մեր նախակերպին, այն է՝ արի, հզոր, քաջ, հաղթող, լավ վարք ունեցող, սրբազան օրենքների երկրի բնակիչ հայկականությանը, ու շատ արագ Արցախը եւ ոչ միայն, մերը կլինեն։ Չենք անի դա՝ կլքենք պատմության թատերաբեմը, որպես չնչին ու թշվառ մի ժողովուրդ…
— Ի՞նչ կասեք այն մասին, որ այսօր Բաքվի բանտերում Արցախի պաշտոնյաներն են գտնվում։
— Իրականում մենք՝ մոտ 3 միլիոն հայերով, հենց հիմա գտնվում ենք Բաքվի բանտում, ուղղակի տեղյակ չենք, կամ չենք ուզում խոստովանել: Այդ բանտում կմնանք ու կխոշտանգվենք այնքան, քանի դեռ չենք գիտակցել դա ու չենք ընդվզել սուլթանի տեղապահների դեմ, որոնք կառավարում են մեզ:
— Ձեր` «Վիրավոր արջի վերադարձում» անդրադարձել եք հուզող խնդիրների։ Ի՞նչ եք կարծում` վիրավոր արջը ե՞րբ կվերադառնա։
— Ճիշտն ասած, «Վիրավոր արջի վերադարձը» մի գիրք է, որի խորքին ու խորհրդին եթե մեր ժողովրդի 5 տոկոսն էլ հաղորդ լինի ու տեր կանգնի, արջը ոչ միայն կվերադառնա, այլեւ հար կիշխի մեզանում` առանց հերթական վիրավորման։ Մեծամիտ է հնչում ասածս, բայց փաստ է։
— Ձեր հանդեպ դատական պրոցեսներն ի՞նչ ընթացքում են։
— Իմ հանդեպ դատական պրոցեսներն ու հալածանքները վերջին 15 տարում չեն դադարել եւ չեն դադարի այնքան, քանի դեռ ֆիզիկապես կամ, կամ էլ կդադարեն մի պարագայում` երբ ունենանք ազգային իշխանություն, որ գոնե ինձ համար մոտ ապագայում տեսանելի չէ։
— Ըստ Ձեզ, երկրում տիրող միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունն ու ատելությունը կարո՞ղ է փոխել գրողն իր ստեղծագործությամբ եւ համախմբել իր ասելիքով։
— Ցավ ի սիրտ` ոչ։ Դեռ Խորենացուց սկսած մինչեւ Խեչոյան, Նորայր Գրիգորյան, Վարդան Գրիգորյան, Գագիկ Սարոյան, Դավիթ Մշեցի ու այլք փորձել են այդ խնդիրը լուծել։ Եթե երբեմն որեւէ գրողի հաջողել է մի կարճ պահ դա անել, ապա, մեծ կտորով, հիմա դա բացառվում է։ Որովհետեւ հայ մարդուն հայկական ամեն բան խորթացրել են այնքան, որ ուղղակի չի ընկալում սեփական լեզուն, երգը, պարը, դավանաբանությունը եւ ամեն բան, ինչը հայերեն է ու հայկական։ Փողոցում ամեն 1000 մարդու հարցում արեք` ո՞վ է Նարեկացին, Կոմիտասը, Խորենացին, Թումանյանը, Չարենցը, Խեչոյանը, Թլկուրանցին, Դավթյանը, էպոսից հարցրեք, Աստվածաշնչից հարցրեք, Մայրենի լեզվից, ու էդպես շարունակ։ Եթե 3 մարդ գտնվի այդ 1000-ից, որ տեղյակ է, ես հրապարակավ կվառեմ իմ 13 գիրքը։ Հեքիաթագրից հարցրեք հայկական հեքիաթի առանձնահատկությունը, երգչից հարցրեք հայ երաժշտության առանձնահատկությունը, լեզվաբանից հարցրեք հայոց լեզվի բացառիկության մասին, պատմաբանից ու գրականագետից հարցրեք պատմության ու գրականության առանձանցող հատկանիշի մասին, ու էդպես շարունակ։ Ըստ պատասխանների էլ փաստեք՝ հնարավո՞ր է գրով բան փոխել։ Կհարցնեք՝ ինչո՞ւ եք գրում այդ դեպքում։ Պատասխան, որ գոնե 10000-ից մեկին բերենք բանական, բնական ու արարչական մարդու դաշտ։
— Հայ գրականության ու հայոց պատմության դասագրքերի որակի մասին ի՞նչ կասեք։
—Դե՝ ուղիղ համարժեք է իշխանության որդեգրած թուրքականացմանը․տարօրինակ կլիներ, եթե էդպես չլիներ։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ