Զոհերի թվում ես էլ պետք է լինեի. Լեո Նիկոլյանը վիրավոր է
Միջազգային
Ռուսական «Առաջին ալիքի» «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ ռազմական եւ միջազգային վերլուծաբան, «Եվրասիական ժառանգություն» հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը հայտնել է, որ Լիբանանում մի խումբ լրագրողներ հայտնվել են Իսրայելի սահմանի կողմից հասցված ծանր հրետակոծության տակ:
«Լրագրողների խմբից մեկը զոհվել է, մյուսները վիրավորվել են, որոնց թվում է նաեւ իմ ընկեր Լեո Նիկոլյանը», - տեղեկացրել է նա:
«Իրավունք»-ին հաջողվեց կապ հաստատել ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ հետ: Նա թեպետ դժվարությամբ էր խոսում՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց մեզ վստահեցրեց, որ իր կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Միայն թե, դեռ պետք է կազդուրվի, հույս ունի շուտով Հայաստան վերադառնալ: Իսկ թե ինչպես են հայտնվել հրետակոծության տակ, մանրամասնեց հետեւյալը. «Իսրայելի բանակը մեզ վրա կրակեց՝ իմանալով, որ այդտեղ հենց լրագրողներ են, որովհետեւ ամենուր մեծ գրված էր՝ Press: Ունենք վեց ծանր վիրավոր, մեկ զոհ. նա իմ մտերիմ ընկերն էր: Իր մոտ էի թողել նկարահանող տեխնիկաս եւ գնացել էի ջուր խմելու: Ինձ փրկեց իմ գնալ, ջուր խմելը, որովհետեւ մենք միշտ միասին էինք ու, փաստորեն, ես նույնպես պետք է լինեի զոհերի թվում: Մեկ րոպե հետո եկա, արդեն պայթյունը եղել էր, ընկերս մոխրացել էր, տեխնիկաս՝ փչացել»:
Լ. Նիկոլյանը պատմեց, որ լրագրողների խմբում եղել են «Ֆրանսպրես»-ի լիբանանյան երկու թղթակից, «Ռոյթերս»-ից երկու լրագրող եւ օպերատոր, Լիբանանի հեռուստատեսությունից եւ ռադիոյից լրագրողներ:
Անդրադառնալով պաղեստինաիսրայելական պատերազմի հետեւանքով Լիբանանում ստեղծված իրավիճակին՝ Լ. Նիկոլյանն ընդգծեց. «Չգիտեմ՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը լավ բան արեց, թե՝ ոչ, բայց սա ծանր օպերացիա էր: Եվ հիմա Իսրայելը 10 անգամ ավելի ուժեղ վրեժ է լուծում: Վիճակագրության համաձայն` միշտ երբ մի հրեա է մեռնում, իրենք 10-18 արաբ են սպանում: Իրավիճակը շատ լուրջ է, Լիբանանն ամբողջությամբ տակնուվրա են արել, ահավոր է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ