Հայաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին գնում է Ռուսաստան
Տնտեսություն
Այս օրերին գործող իշխանությունները հերթական բյուջետային քննարկումներն են անցկացնում: Հասկանալի է, ճոխ թվերի, մեկը մյուսից գեղեցիկ խոստումների պակաս չկա: Մի խոսքով, իսկական ջան-ջիգյարային վիճակ:
Միայն թե թարսի պես պաշտոնական վիճակագրությունը բյուջեի քննարկումներին զուգահեռ, ներկայացրեց Հայաստանի տնտեսության այս տարվա առաջին երեք եռամսյակների վիճակը: Հասկանալի է, այստեղ էլ ջան-ջիգյարային վիճակի պակաս չկա: Միայն թե այդ գեղեցկության ֆոնին, հրամցրել են մի այնպիսի պատկեր, որը ոչ միայն տնտեսական, այլ դրանից էլ առաջ, քաղաքական տեսանկյունից է «սապոն դնում» նիկոլյան իշխանությունների ոտքերի տակ:
Նախ մի քանի թվեր: Թեեւ ներկայացրել են աճի գեղեցկագույն ցուցանիշներ, բայց ահա պարզվում է, որ արդյունաբերությունում տարվա 9 ամիսներին ունենք 0,6 տոկոս անկում: Գյուղատնտեսությունում ներկայացրել են 1,7 տոկոս աճ, բայց գնաճը հաշվի առնելով, դա մեռյալ վիճակի պես մի բան է: Կարճ ասած, իրական տնտեսությունում որեւէ ռեալ զարգացում չկա, որ կարողանային գլուխ գովել:
Աճը ցույց տալու համար գեղեցիկ թվեր են ներկայացրել շինարարության, առեւտրաշրջանառության եւ ծառայությունների ոլորտներում, եւ դժվար չէ հասկանալ, որ դա հիմնականում Հայաստան եկած ռուսների հաշվին է:
Ամենակարեւորը, ընդհանուր աճի հիմնական բաղադրիչներից է արտաքին առեւտուրը, եւ հենց այստեղ է, որ նիկոլյան իշխանությունների ողջ քաղաքական կուրսը գլխիվայր է շրջվում: Այսպես, ներկայացվել է արտաքին առեւտրի 45,8 տոկոս աճ, այդ թվում՝ արտահանման 44,8 եւ ներմուծման՝ 46,4 տոկոս: Բնականաբար, գլխավորն արտահանման աճն է, որը ամեն պետության զարգացման համար առանցքային ցուցանիշ է:
44,8 տոկոս արտահանման աճը, ինչ խոսք, փայլուն ցուցանիշ է: Միայն թե նաեւ հասկանալ է պետք, թե դա ինչի՞ հաշվին է: Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 5 120 624.3 հազար կամ՝ մոտ 5,1 մլրդ դոլար՝ անցած տարվա 3 535 442.0 հազար կամ՝ մոտ 3,5 միլիարդի փոխարեն (տե՛ս նաեւ գրաֆիկում): Եվ ահա, ըստ արտահանման երկրների, պատկերը հետեւյալն է: Դեպի ԵԱՏՄ երկրներ մոտ 1,5 միլիարդից այս տարի արտահանումը հասել է մոտ 2.8 միլիարդի: Այլ կերպ ասած՝ կա 87.0% կամ մոտ 1,3 միլիարդի ավելացում: Այսինքն, արտահանման ընդհանուր աճի կեսը ԵԱՏՄ-ի հաշվին է: Ավելի դետալավորենք. դեպի Ռուսաստան արտահանումն այս տարի ավելացել է մոտ 85 տոկոսով՝ հասնելով 2,645 միլիարդի: Իսկ դա, փաստենք, Հայաստանի ընդհանուր արտահանման կեսից ավելին է:
Փոխարենը, դեպի ԵՄ երկրներ անցած տարվա արտահանման մոտ 606,5 միլիոն դոլարի փոխարեն, այս տարվա 9 ամիսներին ունեցել ենք մոտ 575,5 միլիոն դոլար: Այսինքն, կա զգալի անկում: Իսկ դեպի ԱՄՆ արտահանումն այնքան փոքր ցուցանիշ է, որ ընդհանուր դինամիկայի վրա ազդեցություն քիչ ունի:
Այսպիսով ի՞նչ է ստացվում: Ոչ թե միայն ներհայաստանյան տնտեսական ցուցանիշներն են հիմնականում աճում ռուսների հաշվին, այլ նաեւ` արտահանումը: Կոպիտ ասած, հայաստանյան ապրանքները ընդհանուր արտահանման շղթայում մոտ 15-20 տոկոսով արեւմտյան շուկաներում տեղ ունեն: Փոխարենը, կրկնենք, մեր արտահանած ապրանքների կեսից ավելին սպառվում է ռուսական շուկայում: Ու դեռ մի կողմ թողնենք ներմուծումը, որտեղ եւս, հատկապես մի շարք ռազմավարական նշանակության ապրանքատեսակների մասով, Ռուսաստանը նորից մնում է հիմնական գործընկեր:
Նման իրավիճակում որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել նիկոլյան իշխանությունների ներկա քաղաքական կուրսը: Այն է՝ ռուսները ներկայացվում են թշնամու, իսկ Հայաստանից գրեթե բան չգնող եվրոպացիները՝ անգին բարեկամի կերպարով: Ու մեկը կարո՞ղ է կասկածել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այդ հիմնական շուկան փակվի Հայաստանի առաջ: Չնայած, մեկը կար ՔՊ-ում, ասում էր՝ առանց գազի յոլա կգնանք: Իսկ կարո՞ղ են նաեւ յոլա գնալ առանց մնացած 2,645 միլիարդ դոլար արտահանման: Այն դեպքում, երբ «հարազատ» Եվրոպան Հայաստանից գնում է միայն հումքի մի քանի հիմնական տեսակներ, այն էլ՝ խայտառակ աֆյորաներով:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ