Միացյալ Նահանգները նոր «ֆայմե՞ց», որ Ադրբեջանին զենք չտա, սա ցինիզմ է. Շարմազանով
Ներքաղաքական
Ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին ուշագրավ դիտարկումներով է կիսվել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
«ԵԹԵ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ 1996-ԻՆ ԱՐԴԵՆ ՓԱԿՎԱԾ ԷՐ, ՆԻԿՈԼԸ ՇՈՒՇԻՈՒՄ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ, ՈՐ ՏՐՆԳԻ ԷՐ ՊԱՐՈՒՄ»
— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ առնվազն 1996 թվականից՝ Լիսաբոնի գագաթաժողովից, Արցախի հարցը լուծված է եղել: Ի՞նչ կասեք այս մասին:
— Եթե արցախյան խնդրի էջը 1996 թվականից փակված էր, 2008 թվականին Մայնդորֆում ստորագրված Մադրիդյան սկզբունքների տարբերակը, որը ստորագրվել էր նաեւ Ադրբեջանի կողմից, ինչո՞ւ է ներառում ազգերի ինքնորոշման իրավունքը: Եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված էր, 2011 թվականին Կազանում ինչո՞ւ Ալիեւը հրաժարվեց ստորագրել: Պարզ հարց՝ իսկ Կազանով հստակ դրված էր հանրաքվեով մինչեւ Արցախի անկախացում: Բայց դա էլ մի կողմ: Եթե Ղարաբաղի խնդիրը լուծված-վերջացած էր, էլ ձեւ չկար ինքնորոշման իրավունքի, կար միայն Հայաստանի Հանրապետության հարց, բա 2014-ին ինչպե՞ս էիր խորհրդարանում կողմ քվեարկում Արցախի անկախությանը, Նիկո՛լ: Բա 2015-ին ինչպե՞ս էիր ասում ՀՀ երրորդ նախագահին, թե իրավունք չունի որեւէ փոխզիջման գնալ: Բա թիմակիցներդ ինչպե՞ս էին գնում Աղդամում նռերով նկարվում՝ ասում էին՝ Աղդամն իմ հայրենիքն է: Բա ինչո՞ւ էիր գնում Շուշիում տրնգի պարում, դո՞ւ էիր ազատագրել Շուշին… Եթե Արցախի էջը 1996-ին արդեն փակված էր, Նիկոլը Շուշիում ի՞նչ գործ ուներ, որ տրնգի էր պարում, դե թող հիմա էլ պարի: Ինչո՞ւ էր ասում՝ «բոբո ՀՀԿ-ականները» Արցախի հարցում փոխզիջումների էին գնում, իսկ ես ու իմ հեղափոխությունը Արցախին բերելու են ինքնիշխանություն եւ անկախություն, արցախահայության իղձերի իրականացման: Արցախահայության իղձերն անհայրենիք ու անտուն մնա՞լն էր: Ապրիլյան պատերազմից հետո` 2016 թվականի հոկտեմբերի 7-ին, եթե Արցախն ադրբեջանական էր, Ալիեւը ինչո՞ւ էր հայտարարում, որ փակ դռների հետեւում՝ միջազգային հանրությունը պարտադրում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Եթե Արցախի էջը փակված էր, 2022 թվականի մարտին Ալիեւն ինչպես էր հայտարարում, որ 30 տարի Ադրբեջանը պարտված է: Բա որ նախկինները դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակ տվել էին Արցախը, ինչո՞ւ էին Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Մելիք-Փաշաեւան երազում, որ մի իջեւանցի երիտասարդ մեծանա, հասակ առնի, թրաշ ունենա ու գնա Շուշին հանձնի՝ Արցախն էլ հետը, տրամաբանությունը ո՞րն է: Ես զարմանում եմ, որ սրան դեռ հավատացող կա:
— Ի դեպ, Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, Ալիեւը չգնաց ո՛չ Բրյուսել, ո՛չ Գրանադա: Ի՞նչ է սա նշանակում:
— Ինչ վերաբերում է արեւմտյան հարթակին եւ Ալիեւի բանակցությունների չգնալուն, ասեմ, որ երբ կիսագրագետ պոպուլիստները գալիս եւ դառնում են պետության ղեկավարներ, նրանց շատ հեշտ է «պուլտով» կառավարելը: Արդեն երկրորդական է՝ այդ կառավարվողը գիտակցում է, որ իրեն կառավարում են, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանին «կուտը տվեցին», մտցրեցին արեւմտյան հարթակ, Մակրոնը, Շոլցն ու Միշելը, Ռուսաստանին ատելով, ասացին՝ մեր խնդիրն է սրան ռուսական աթոռից վերցնենք, դնենք այստեղ: Արդյունքում ասացին ստորագրի ու ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, քո պես տղա չկա, քեզ խաղաղության Նոբելյան մրցանակ կտանք, սա էլ ոգեւորված ստորագրեց: Ալիեւն էլ հին գել է, Էրդողանը՝ ավելի, Նիկոլին ասացին՝ давай, до свидания, էլ արեւմտյան հարթակից ստանալիք չունենք: Ալիեւն էլ գնա արեւմտյան հարթակ` ի՞նչ անի: Ադրբեջանն արեւմտյան հարթակից ստացել է այն, ինչը Ալիեւի հայրը նույնիսկ չէր կարող երազել: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պրահայում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Նույնիսկ Գրանադայում առանց Ալիեւի են մի հատ էլ ընդունել՝ կրկնակի «պեչատ» դնելով: Եթե քո տան համար կահույք ես ուզում գնել, երազում ես 5 հազար դոլարանոց կահույք ունենալ, բայց քեզ 5 միլիարդ դոլարանոց կահույք են նվիրում, կահույքի դռներն էլ բացում ես՝ մի 5 միլիարդ էլ այդտեղ կա, էլ կգնա՞ս ուրիշ խանութում կահույք նայես: Հիմա Նիկոլ Փաշինյանն Ալիեւին տվել է ամեն ինչ, ինչ նա երազել ու անգամ չի երազել: Ալիեւը կարո՞ղ էր երազել, որ Ստեփանակերտում ռազմական շքերթ կարող է անցկացնել: Նույնիսկ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ պատերազմը կանգնեցնելու եւ զինադադար հաստատելու գինը «5+2»-ն է: Այդ 5+2-ի մեջ ո՛չ Բորձորն է մտնում, ո՛չ Քարվաճառն է մտնում, ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ Մարտակերտը, ո՛չ Մարտունին, ո՛չ Ասկերանն ու Հադրութը, ո՛չ էլ Շուշին: Նույն բանն ասել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հանդիպմանը՝ իմ հարցին ի պատասխան: Իսկ այսօր Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն Ադրբեջանի տիրապետության տակ է, Սյունիքում մաքսակետ են դրել, Ջերմուկի եւ Վարդենիսի լեռներով 200 քառ. կմ առաջ են եկել:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԶԵՆՔ, ՓԱՇԻՆՅԱՆԸ 4,5 ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔ Է ԹՈՂԵԼ ԱԼԻԵՎԻՆ»
— ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը: Ինչո՞ւ միայն հիմա Միացյալ Նահանգները նման որոշում կայացրեց:
— Ինչպես ասում է մեր ժողովուրդը՝ Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք: Ադրբեջանի էլ ինչի՞ն է պետք օժանդակություն: ԱՄՆ-ն օժանդակություն կտրող էր, թող 44-օրյա պատերազմի ժամամակ կտրեր, պատերազմից հետո Ալիեւին ագրեսոր ու օկուպանտ ճանաչեր, այլ ոչ թե ասեին՝ մեր վստահելի գործընկերն է: Ավելին՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք զենք, ինչ գրավելու էր, գրավել է, Նիկոլ Փաշինյանն էլ 4,5 միլիարդի զենք է թողել Ալիեւին: Միացյալ Նահանգները տարեկան մի քանի միլիոնի, ասենք, 50 միլիոնի զենք պետք է տար Ադրբեջանին, հիմա Նիկոլ Փաշինյանը 4,5 միլիարդի զենք է թողել, պատկերացնո՞ւմ եք, թե սա քանի տարվա օգնություն է: Ալիեւի մինչեւ ծոռը կվայելի:
— Միացյալ Նահանգները սկսել է բարձաձայնել նաեւ արցախցիների վերադարձի մասին: Ըստ Ձեզ` ի՞նչ երաշխիքների պարագայում է դա հնարավոր:
— 1988-ի պայքարն ինչի՞ համար է եղել: Այսօր Թուրքիայում՝ Ստամբուլում էլ հայեր կան ապրող, Ավստրալիայում էլ: Համայն հայության նպատակը 1988-ին եղել է այն, որ օգտվելով Խորհրդային եւ միջազգային օրենսդրությունից՝ ինքնորոշվել Ադրբեջանից եւ դառնալ կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի մաս: Իսկ հիմա մենք երազում ենք, որ հայ ժողովրդի մի մասը գնա Արցախում անվտանգ ապրի՞: Շակալներով ու բորենիներով շրջապատված, երբ դու էլ զենք չունես, կարո՞ղ ես հանգիստ ապրել: Ո՞վ իր երեխային ձեռքերը կապած կթողնի մի սենյակում, որտեղ շակալներ կան, ու հանգիստ կքնի: Ամերիկյան, արեւմտյան ցինիզմը սպանում է: Ինչպես կասեր Բալզակը՝ բնորոշելով բուրբոններին՝ սրանք ոչինչ չսովորեցին, ոչինչ էլ չմոռացան: Պատմությունը կրկնվում է: 100 տարի առաջ Հայաստանը Միացյալ Նահանգների մանդատի տակ էր, Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դաշնակիցն էր, սեպտեմբերին թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ն ասաց՝ այսօր կօգնեմ, վաղը կօգնեմ, վաղը չէ մյուս օրը կօգնեմ, մի քիչ էլ դիմացեք, լավ է լինելու, արդյունքում թուրքերը նոյեմբերի 7-ին գրավեցին Գյումրին (Ալեքսանդրապոլը), մտան Երեւան: Նոյեմբերի 15-ին արդեն մենակ մնացած ՀՀ իշխանությունը ընդունել է Թուրքիայի վերջնագրերը: Նոյեմբերի 22-ին թուրքը հասել էր Չարբախ, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց իրավարար վճիռը, այսինքն՝ էլի Զատկից հետո ներկած ձու: Հիմա նույն վիճակն է. Արցախը հայաթափել են, Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Հայաստանի 200 քառ.կմ-ը օկուպացված է, Միացյալ Նահանգները նոր «ֆայմե՞ց», որ Ադրբեջանին զենք չտան: Էլի եմ ասում՝ սա ցինիզմ է: Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Արեւմուտքի բութ գործիքը Ռուսաստանի դեմ պայքարում: Նա դարձել է հակառուսաստանի սիմվոլը: Այսօր անհրաժեշտ է մեկ բան՝ մեկ դար շարունակ ջանում են այս տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին: Վրաստանում մի Սահակաշվիլի գտան, Ուկրաինայում՝ Զելենսկի, այստեղ էլ մի «Նիկոլայ», իրեն ասել են ռուսական ռազմաբազան պետք է հանել, քո մոտ լավ է ստացվում ժողովրդի ուղեղները լվանալը, ասա՝ «սաղ ռուսն ա մեղավոր», մենք քեզ երաշխիքներ ենք տալիս: Սա այնքան ակնհայտ է, որ արեւմտյան պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ նրանց նպատակը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, արցախահայության ինքնորոշման իրավունքի վերականգնումն է, ոչ թե Հայաստանի բարգավաճումն է, այլ` Հայաստանից հակառուսաստան կերտելը:
«ՔԱՐ ՆԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ՝ ՈՐ ՆԵՏՈՒՄ ԵՍ, ԿՄԱՐՍԵ՞Ս»
— Այս ֆոնին ի՞նչ հետեւանք կունենա այն, որ Հայաստանը մերժում է Մինսկում մասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին:
— Ռուսաստանը գերտերություն է՝ Կուրիլյան կղզիներից մինչեւ Կալինինգրադ, երբ դու ՌԴ-ի դեմ քար ես նետում, պետք է պատրաստ լինես, որ կարող է ատոմային ռումբով կամ առնվազն ավելի մեծ քարով քո գլխին տա: Քար նետելուց առաջ պետք է մտածել՝ որ նետում ես, կմարսե՞ս: Ասում է՝ ՀԱՊԿ-ը սա չարեց, նա չարեց: Նախ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, Հայաստանը ՀԱՊԿ-ում է, որովհետեւ այնտեղ է Ռուսաստանը: Շատ հարգելով տաջիկներին, ղրղզներին, ղազախներին, բելառուսներին, բայց մենք այնտեղ ենք, որովհետեւ դա ռուսական անվտանգային համակարգի մի հատվածն է, որը բավականին արդյունավետ աշխատել է 30 տարի: Այդ Ռուսաստանն է մեզ 50 հազար տոննա զենք տվել, իսկանդերներ տվել, նաեւ իր ռազմական օժանդակության արդյունքում է հայ-թուրքական սահմանն այդպես հանգիստ եղել: Բայց երբ դու չես գնում Վ. Պուտինին դիմավորում, դրանից նրան չես վատություն անում: Ղազախստանի նախագահ Տոկաեւն էլ է ինքնիշխան քաղաքականություն վարում, բայց գիշերվա 4-ին գնում է օդանավակայանում ինքնաթիռի մոտ -20–ին ՌԴ նախագահին դիմավորում է: Կա արարողակարգ, կա փոխադարձ հարգանք: Եթե Ռուսաստանը քեզ 165 դոլարով գազ է տալիս, եթե անվճար զենք է տալիս, եթե քո սահմանները հայ–թուրքական եւ հայ-իրանական պահում է, եթե քո գյուղատնտեսական ապրանքների 99 տոկոսը ռուսական շուկան է, Լարսը մի շաբաթ փակվի, Հայաստանի համակարգը կարող է կախվի, դու այդքանը դնում ես մի կողմ ու Ռուսաստանի հետ Արեւմուտքի բզբզոցով ինչ-որ խաղեր ես տալիս ու ուզում ես մարսե՞ս: Ես էլ գոհ չեմ Ռուսաստանի դիրքորոշումից արցախյան հարցում, ես էլ ունեմ հազարումի հարց, բայց հարցերն այսպես չեն լուծում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ