Մեր Աշոտյանի բոլոր փաստարկներն են ծանրակշիռ. Շարմազանով
Ներքաղաքական
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻ նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ քրեական վարույթի քննությունը: Հերթական դատական նիստի ավարտին ուշագրավ էր հաջորդ դատական նիստի օրը նշանակելու քննարկումը:
Դատավորը ցանկանում էր դատական նիստ նշանակել դեկտեմբերի 27-ին, ինչի վերաբերյալ Արմեն Աշոտյանի պաշտպաններից ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ առարկեց՝ նշելով, որ այդ օրն այլ դատական նիստ ունի:
«Պարոն Մելիքյան, Ձեր պաշտպանյալն է անազատության մեջ, ավելին ասեմ՝ եթե զուտ չոր դատավարական նորմերով շարժվենք, մի պաշտպանի ներկայությունը բավարար է, որպեսզի քրեական վարույթի քննությունը տեղի ունենա: Այլապես մենք արդեն հաջորդ դատական նիստը նշանակելու ենք հունվարին», - շեշտեց դատավոր Դոլմազյանը:
Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանը կատակեց. «Այնպիսի տպավորություն է, որ Դուք ավելի շատ եք մտածում մեր պաշտպանյալի մասին»: Տեղից արձագանքեց նաեւ Արմեն Աշոտյանը. «Արդեն սկսում եմ հավատալ»:
Եվ մինչ դատավորն արդեն դատական նիստի օրը կֆիքսեր՝ Արմեն Աշոտյանը, օրացույցում տեսնելով` ինչ օր է, բարձրաձայնեց. «Չէ՛, նորմալ չի, չորեքշաբթի օրը իմ տեսակցությունների օրն է, ու քանի որ Ձեր թեթև ձեռքով դեռ գտնվում եմ անազատության մեջ, դատական նիստը խանգարելու են, որ այդ օրը կարճատեւ հանդիպում ունենամ ընտանիքիս հետ: Խնդրում եմ՝ չորեքշաբթի չնշանակեք»:
Այս խոսքերը հուզեց անգամ դատավոր Դոլմազյանին, որը Ռուբեն Մելիքյանին ասաց. «Ձեր պաշտպանյալի բերած փաստարկը շատ ավելի ծանրակշիռ էր»: Մելիքյանն էլ շարունակեց. «Նույնիսկ ինձ համար»: Դահլիճում չկարողացավ լռել նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. «Մեր պաշտպանյալի բոլոր փաստարկներն են ծանրակշիռ»:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 15։00-ին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ