Եկել է «լափված» վարկերը հետ տալու ժամանակը
Տնտեսություն
Հերթական աշխարհացունց հայտարարությամբ հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի աթոռը զբաղեցնող Վահան Քերոբյանը։ Ըստ նրա` այս տարվա տվյալներով` ամենախոշոր ներդրողն առաջին անգամ դարձել է ԱՄԷ-ն՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Նաեւ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ՀՆԱ ցուցանիշով առաջ է անցնում Բելառուսից եւ կզիջի միայն Ռուսաստանին եւ Ղազախստանին։ Հասկացա՞ք. Ադրբեջանին վաղուց ենք տվել անցել: «ԱՄՀ տվյալներով՝ մենք տարին կփակենք 8 200 դոլար ցուցանիշով բնակչության մեկ շնչի հաշվով։ Դա կրկնակի ավելի է, քան 2020թ.։ Հայաստանը գրանցել է աշխարհում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Առաջին երեք ամիսների տվյալներով՝ ներդրումների ծավալն ավելացել է 27 տոկոսով անցած տարվա համեմատ»,- նշեց Քերոբյանը։
Կառավարությունը ձգտում է ՀՆԱ-ի հանդեպ ներդրումների հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի։ «Վերջին տվյալներով՝ այդ թիվը հասել է 23 տոկոսի։ Մենք այդ ցուցանիշին կհասնենք նախանշվածից ավելի շուտ»,- հուզմունքը հազիվ զսպելով` ավարտեց նա:
Միայն թե Քերոբյանը մեկ պարզ հարցի պատասխան է շրջանցում. եթե մի պահ ընդունենք, որ այս չքնաղ վիճակին ենք հասել, դրանից Քերոբյանին ի՞նչ: Նրա ղեկավարած ոլորտում ոչ միայն որեւէ աճ չկա, այլ այս տարվա հունվար-սեպտեմբերի դրությամբ 0,6 տոկոս անկում կա: Գյուղատնտեսությունում էլ ներկայացվում է 1,7 տոկոս աճ: Այսինքն, Քերոբյանի նկարագրած թվերը լուրջ ընդունելու դեպքում պետք է ֆիքսենք, որ մնացած բոլոր ոլորտներում հսկայական աճեր կան, որոնք գալիս, կոմպենսացնում են Քերոբյանի ղեկավարած ոլորտների խայտառակ վիճակը: Այսինքն, որ Քերոբյանը կառավարության վատթարագույն անդամն է, որին օր առաջ պետք է վռնդել:
Կրկնենք, սա այն դեպքում, եթե մի պահ Քերոբյանի ասած թվերը լուրջ ընդունենք, եւ ոչ թե սովորական խայտառակ մանիպուլյացիա: Ու քանի որ մանիպուլյացիայի տարբերակն ավելի հավանական է, Քերոբյանը կարող է հանգիստ շունչ քաշել. նա մյուս բոլորին հավասար վատ նախարար է, եւ եթե հեռացնելու խնդիր լինի, նրան պետք է վռնդել բոլորի հետ միասին:
Ամեն դեպքում, մարդը թիվ է ասում, ունենք ներդրումների ճոխագույն աճ: Ուրեմն, պետք է հասկանալ, թե այդ ո՞ր ուղղություններ են հոսում ռուսներին էլ գերազանցած արաբական ներդրումները: Հիշեցնենք, արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում խայտառակ վիճակ է, ուրեմն` այդտեղ չէ, որ գնացել են 27 տոկոսով ավելացած ներդրումները: Աճ կա շինարարությունում, եւ Քերոբյանն ակնարկում է, թե այդտե՞ղ են արաբները փող ներդրել: Իսկ այս դեպքում ինչո՞ւ են արաբները որոշել խառնվել ոչինչ չխոստացող հայաստանյան շինարարությանը: Թե՞ Քերոբյանն անուղղակիորեն ուզում է ստիպել հավատալ այն բամբասանքներին, որ ոչ թե արաբները, այլ նրանց միջոցով Ալիեւն է Հայաստանի շինարարությունում փող դնում:
Ամեն դեպքում, թե իրականում ինչ ճոխագույն աճեր ունենք, այդ թվում, որ Հայաստանի ամեն քաղաքացու ՀՆԱ-ի հաշվին 8200 դոլար է հասնում, անգամ դա չէ մեր տնտեության իրական պատկերը: Կան շատ ավելի պարզ թվեր, որոնք շատ ավելի պարզ իրողություններ են արձանագրում: Այդ թվում, որ այս տարվա դեկտեմբերի վերջի 10.6 միլիարդ դրամի դիմաց, ՀՀ պետական պարտքը սեպտեմբերի` երրորդ եռամսյակի վերջին հասել է մոտ 11.4 միլիարդի: Այսինքն` այս տեմպերով տարեվերջին հաստատ 1 միլիարդ աճի շեմը կանցնենք: Այն դեպքում, երբ Նիկոլը վարչապետական աթոռը ստանձնել է մոտ 6,7 միլիարդ պետական պարտքով: Այսինքն` այս տարվա միլիարդանոց աճը նոր բան չէ. Նիկոլն իր իշխանության ընթացքում ամեն տարի է մոտավորապես այդքան պարտք բարդել ժողովրդի վրա:
Ընդ որում, երբ հիմա ամեն մի ամբիոնից աղմկում են, թե վտանգավոր չէ, բան չկա, փաստն այն է, որ մինչ իշխանության գալը Նիկոլն էր հակառակը բղավում, թե` այս ուր ենք հասել, Հայաստանի ամեն բնակիչ այսքան-այսքան պարտքի բեռ ունի: Ուրեմն, Նիկոլի մոտ կրկնապատկած պետական պարտքը բաժանենք Հայաստանի ամեն մի քաղաքացու, եւ այդ դեպքում միայն կտեսնենք, թե Քերոբյանի այդքան գովերգած ՀՆԱ-ից ի՞նչ կմնա:
Սա էլ ամենասարսափելին չէ: Հայաստանը պարտք է, պետք է վերադարձնի` տոկոսներով հանդերձ. անկախ երկիր ենք, բա ի՞նչ պետք է անենք: Եվ ահա, ըստ վճարման ժամանակացույցի (տե՛ս գրաֆիկը), արդեն գալիք տարի Հայաստանը պետք է վճարի մոտ 1,6 միլիարդ դոլար, մեկ տարուց` մոտ 1,8: Հետո մի քիչ նվազում է, սակայն տարեկան վճարումները մնում են շատ բարձր` 1,3 միլիարդ, հետո` 1,1, ապա 1 միլիարդ, նորից շատ բարձր` 1,5 միլիարդ, 1,8 միլիարդ: Ու փորձենք այս թվերը համեմատել Հայաստանի եկամուտների հետ, որոնցով իշխանություններն այդքան ուրախանում են:
Կարո՞ղ են պարտքը տալ. եթե երկիրն անցնի կիսասոված վիճակի, միգուցե: Բայց հաշվի առնելով ներկա պարտքային թռիչքները, կարելի է հասկանալ, որ այդ կիսասոված վիճակն էլ չի օգնի: Կարճ ասած, ուրվագծվում է պետական սնանկացում: Նիկոլն այդ ժամանակ հազիվ թե պաշտոնին լինի, Քերոբյանը, ենթադրում ենք, կբնակվի նրա հարեւան խցում: Բայց դա էլ բան չի փոխում. Ով էլ գա` նրանց փոխարինելու, բախվելու է այս մահացու վիճակին:
Ամենավատն այն է, որ իրականում այդ հսկայածավալ վարկերից ժողովուրդը քոռ կոպեկ էլ չի տեսել, բայց պետք է վճարի:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ
