«Իմ երեւակայության Խաչատրյանը». ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին
Մշակութային
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-18։00-ին, տեղի կունենա «Իմ երեւակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
ՀՀ մարզերի, Երեւանի եւ Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը: Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր կտրամադրվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին՝ ցուցասրահում ներկայացվելու համար:
Միջոցառումը կնպաստի մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը եւ արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը: Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգեւներ:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 27-ը։ Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ: