Վաղն էլ կամայականորեն մի քանի հոգի կարող են իրենց հայտարարել Կենաց ասողների հանրապետության ներկայացուցիչներ
Հանդիպում
ԱՀ պատգամավորները հայտարարում են, որ Արցախի խորհրդարանը շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է, ՀՀ Ազգային ժողովի իշխանական խմբակցության ներկայացուցիչներից ոմանք էլ ասում են, որ Հայաստանը չի կարող ֆինանսավորել Արցախի ոչ մի կառույցի գործունեություն, իսկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ Արցախի կառույցների գործունեությունը «ռիսկային է» համարում Հայաստանի համար: Վերը նշվածի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք արցախցի քաղաքական վերլուծաբան ԺԻՐԱՅՐ ԱԶԶԻՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
-Առաջին հերթին կցանկանայի իմանալ, թե որ պատգամավորների մասին է խոսքը, քանի որ չեմ կարծում, որ բոլորն ունեն նման դիրքորոշում։ Ամեն դեպքում առնվազն անտրամաբանական է այն առումով, որ եթե հունվարի վերջին Արցախի Հանրապետությունը որպես այդպիսին պետք է կազմալուծվի, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է շարունակի գործել պետական իշխանության օրենսդիր մարմինը, ի՞նչ գործառույթ է իրականացնելու, ի՞նչ օրենքներ են մշակվելու, այլ միջազգային իրավունքի սուբյեկտի տարածքում ու՞մ վրա են տարածվելու այդ օրենքները, դրանք մշակվելուց և ընդունելուց հետո ու՞մ են ուղարկելու հաստատման, օրենքով սահմանված ժամկետում լիազորությունների դադարեցման դեպքում ինչպես են նոր ընտրություններ անցկացնելու, թե բոլոր պատգամավորները ցմահ պետք է շարունակեն գործունեությունը, ի՞նչ է լինելու երբ 100 տարի հետո բոլորը մահացած լինեն և բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Ռիսկային ես չեմ համարում քանի որ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ուստի նման դե ֆակտո կառույցները չեն կարող իրավահավասար դիրքում լինել, նույն տրամաբանությամբ վաղը կամայականորեն մի քանի հոգի կարող են իրենց հայտարարել Կենաց Ասողների Հանրապետության ներկայացուցիչներ։
-Ինքներդ, որպես բռնի տեղահանված, Արցախում եւ այսօր արդեն ՀՀ-ում երբեւէ զգացել եք ԱՀ իշխանավորների, այդ թվում պատգամավորների կողմից աջակցություն , այսօր նրանք որեւէ իրավունք ունեն ՀՀ-ում իրենց մանդատները պահելու հարց բարձրացնել, ի՞նչ են արել մինչ այս իրենց մանդատներով։
-Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ, ընդ որում ոչ միայն պատգամավորների այլ նաև գործադիրի ներկայացուցիչների մասին է խոսքը, նրանք մեզ կարող էին օգնել միայն այնտեղ, որտեղ տարածվում էր մեր կողմից ընտրված սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունները։ Մեզ այստեղ կարող են օգնել մեր հայրենակիցները, ովքեր Արցախյան շարժման առաջին օրերից իրենց բոլոր ռեսուրսներով մշտապես կանգնել են մեր կողքին, իրենց ու իրենց զավակների կյանքերի գներով պայքարել մեր ծննդավայրում ազատ ապրելու իրավունքի համար և ՀՀ իշխանությունը, ընդ որում խոսքը ոչ թե կոնկրետ օրվա իշխանության, այլ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված ցանկացած իշխանության մասին է։
-Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ արցախահայությունը ինքնակամ է լքել Արցախը, որ իրենք չեն ստիպել նրանց դա անել: Սամվել Բաբայանն էլ, կարծես ա՛դ թեզը ամրապնդելով, հայտարարում է, որ այ՝ո, հնարավոր էր, եթե արցախցիները համախմբվեին նրա շուրջ։ Ինչ կասե՞ք այս մասին։
-Ադրբեջանի կողմից նման պնդումը բնական է, քանի որ խուսափում են միջազգային պոտենցիալ ճնշումներից, նրանք հայտարարելու են որ պատրաստ են նորից ընդունելու հայերին և Հայաստանն էլ իր հերթին պարտավոր է իր փախստականների համար համապատասխան պայմաններ ապահովել, բայց ով կարող է հետ վերադառնալ առանց բավարար անհրաժեշտ անվտանգային երաշխիքների։ Դա անհնար է, մենք կարող ենք հետ վերադառնալ միայն այն դեպքում, երբ տեղում Ադրբեջանի որևէ ներկայություն չլինի, արդյոք Սամվել Բաբայանը կամ որևէ մեկ ուրիշը կարող է հասնել դրան։