Ինձ համար սա մահապատիժ է…Շատ մեծ ցանկություն ունեմ, որ լույս սփռվի այս գործի վրա. Արթուր Վարդանյան
Ներքաղաքական
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` «Նորք-Մարաշ» խմբի գործով անցնող ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի վերաբերյալ: Ըստ այդմ` նա դատապարտվել է ազատազրկման՝ 13 տարի ժամկետով` հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի, 2 ամիս։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Վարդանյան, ի՞նչ կասեք Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
— Առողջական խնդիրներով պայմանավորված` դատարանում ներկա չեմ եղել: Բայց դատարանի որոշման մեջ արձանագրվել է, որ գործով անցնող այն մարդիկ, որոնք դատապարտվել էին 7-8 տարվա ազատազրկման, նրանց նկատմամբ պայմանական փորձաշրջան է նշանակվել, եւ որպես պատիժ սահմանված կալանքի տարիները, այսպես ասած, «ջրվել են»: Ըստ էության, գործով անցնող 19 հոգուն էլ արդարացրել են, որի համար միանշանակ ուրախ եմ, բայց անփոփոխ թողեցին իմ դատավճիռը: Փաստաբանս ներկայացրել էր իմ առողջական խնդիրներին վերաբերող բժշկական փաստաթղթեր առ այն, որ ունեմ անբուժելի հիվանդություն, սակայն ոչինչ հաշվի չի առնվել: Նույնիսկ հաշվի չառնվեց այն, որ ունենալով առողջական խնդիրներ` մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, զոհված ազատամարտիկի որդի եմ, պատերազմից հետո` 4 ամսից ավել եղել եմ առաջնագծում: Ինձ համար սա մահապատիժ է, գոնե պայմանական փորձաշրջան նշանակեին, որպեսզի կյանքս շարունակվեր… Ինձ դատապարտել են դանդաղ մահվան, ես ոչ միայն իմ կյանքն եմ կորցնում, այլեւ ընտանիքիս, երեխաներիս: Այսքան տարի չեմ տեսել երեխաներիս եւ էլի ոչ մի տարբերակ չեմ ունենալու նրանց տեսնելու: Հիմա 42 տարեկան եմ, եթե 52 տարեկանում պետք է բանտից դուրս գամ, էլ ո՞ւմ եմ պետք, կասե՞ք…
— Սոցցանցերում ադրբեջանցիները Ձեր գրառումների ու հրապարակումների տակ սկսել են սադրել, թե ՀՀ դատական համակարգի միջոցով` Ձեզ ուղարկելու են Եռաբլուր` Ձեր հոր մոտ…
— Նրանք շատ մեծ ցնծությամբ ողջունեցին Վերաքննիչ դատարանի որոշումը, նրանց միացան նաեւ իշխանության մոտ կանգնած մարդիկ եւ սկսեցին գրառումներ անել, թե` ճիշտ եղավ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչն է ճիշտն այդ մարդկանց համար, մարդուն դանդաղ սպանե՞լը: Շատ է խոսվում 2018 թվականից առաջ իշխանությունների կողմից գործած հանցագործությունների մասին, բայց նայեք, թե ինչքան մարդ է մահացել 2018 թվականից հետո: Ես չեմ խոսում պատերազմի դաշտում զոհվածների մասին, այլ հենց բանտերում մահացածների: Ըստ որոշ տեղեկությունների` շուրջ 145 հազար մարդու դեմ քրեական գործ կա հարուցված Հայաստանի Հանրապետությունում: Սա ռեկորդային ցուցանիշ է: Այսպիսի ցուցանիշ գոյություն չունի աշխարհում, որ 2,5 միլիոնանոց բնակչությունից 145 հազարի դեմ քրեական գործ հարուցված լինի:
— Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա` Վերաքննիչ դատարանի կայացրած վճռից հետո:
— Սպասում եմ, որպեսզի դատարանն իր վերջնական որոշումն ուղարկի, որից հետո` փաստաբանիս հետ հանդես կգանք հայտարարությամբ: Ես միգուցե հանդես գամ նաեւ մամուլի ասուլիսով, որովհետեւ շատ մեծ ցանկություն ունեմ, որ լույս սփռվի այս գործի վրա: Դատարանում այնպես արեցին, որ անգամ չխոսվի այն փաստերի մասին, թե ինչ եմ արել ես Հայրենիքիս համար, ինչը կարող էր լույս սփռել թե իրականում ով եմ ես, իմ քիչ հնարավորություններով ինչպիսի օգուտ եմ տվել Հայրենիքիս: Ես իրականում չգիտեմ` ինչի՞ համար եմ դատվում: Եվ ամենամեծ ցավն այն է, որ այսօր ճակատագրեր են որոշում մարդիկ, որոնք ոչ մի հետագիծ չունեն` ո՛չ անձնական, ո՛չ քաղաքական, ոչինչ չունեն արած այս երկրի համար, անգամ զենք բռնել չգիտեն, չգիտեն` ինչ է պատերազմը, Հայրենիքը… Ուղղակի ապշած եմ, չեմ կարողանում աչքերիս հավատալ, որ հայը հետապնդվում է Հայաստանում հայ լինելու համար: Այնպես են ներկայացնում, կարծես, ամբողջ աշխարհը մեղավոր է այսօրվա վիճակի համար` բացի իրենցից: Տպավորություն է, որ անգամ պինգվիններն են մեղավոր» ու եթե մի պինգվին մտավ Հայաստան, ցմահ դատվելու է:
— Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր դեպքում որեւէ մեղմացուցիչ հանգամանք հաշվի չի առնվում:
— Սա համարում եմ քաղաքական ծրագիր, որն իրականացվում է ընդդեմ իմ անձի: Սկսել եմ հավատալ այն խոսակցություններին, որ Ադրբեջանը նախապայման է դրել «ազատվել» բոլոր կռված տղերքից: Կարծում եմ` վախենում են, որ կարող է առաջ գալ այնպիսի մտածելակերպ, որ դեռ պայքարող հայ կա Հայաստանում: Երեւի, դրա համար էլ այս իշխանությունների համար քաղաքական դաշտում անցանկալի անձ եմ դիտարկվում: Զուգահեռեք այս ամենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարության հետ, որտեղ հույս է հայտնում, թե շատ շուտով ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք` իրենց տները, ինչ-որ ժամանակ անց էլ ադրբեջանցիները կգան եւ այստեղ բնակություն կհաստատեն:
— Գուցե, այս ամենի մասին պետք էր լռե՞լ, որ Ձեր նկատմամբ էլ դատարանը բարեգութ գտնվեր:
— Շատերի համար գուցե, իսկապես, ավելի ձեռնտու է համակերպվելը, լռելը, քան խոսելը: Ովքեր մտան իշխանության թեւի տակ, իրենց հարցերը լուծեցին: Ավելին` մի քանի զանգ եմ ստացել եւ ինձ ասում են, որ դատարանն այսպիսի որոշում է կայացրել, որովհետեւ շատ ակտիվ եմ եղել եւ իշխանությունը, ի դեմս ինձ, տեսնում է իրական ընդդիմություն, վտանգավոր խաղացող քաղաքական դաշտում: Բայց ես երբեք չեմ էլ շեղվել իմ գաղափարից` իմ ասածն ընդամենն այն է, որ սա մեր երկիրն է, եւ մենք ենք տերը մեր երկրի, չպետք է վախենանք մեր երկրում ապրել որպես հայ` մեր արժեքներով, մեր գաղափարներով: Չպետք է վախենանք ասել, որ Արցախը հայկական է: Ի դեպ, դատաքննության ընթացքում, բացի ինձնից, ոչ ոք չի խոսել Արցախի մասին: Միայն ես եմ բարձրաձայնել, որ մենք Արցախի համար ենք պայքարել, եւ մինչեւ այսօր էլ համարում եմ, որ Արցախը հանձնվեց ու ծախվեց: Սա երեւի հիմք դարձավ, որպեսզի ինձ չներեն ու «ստացվեց», որ այս ամբողջ պատմության մեջ միակ հանցագործը ե՞ս եմ: Իրականում այնտեղ հանցագործ ընդհանրապես գոյություն չուներ: Բայց այսպես ատել, անձնավորված թիրախավորել, նույնիսկ նախկինների ժամանակ չեմ տեսել: Պատկերացնո՞ւմ եք, ե՛ս եմ դա ասում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
