Ավագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազար
Ներքաղաքական
Ամանորին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանն «անակնկալ» է մատուցել վարորդներին: Այսպիսով՝ մայրաքաղաքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով՝ Ա եւ Բ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց եւ պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ: Բ գոտում (քաղաքապետարանը չի ընդգծել, թե մասնավորապես որ փողոցներն է ներառում)՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ: «Իրավունքի» հետ զրույցում առաջարկվող վերոնշյալ փոփոխությանն անդրադառնալով՝ Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆՆ այն աբսուրդ որակեց:
— Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս մեծ աղմուկ բաձրացրած նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նախ հիշեցնեմ, որ գործող իշխանությունը դեռ 2018 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերանան, բայց փաստացի արդեն 2023 թվականն է ավարտվում, բայց դրանք մնացել են, ինչպես կար: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, փաստացի ավտոկայանատեղիների վճարը տարեկան 12 հազար դրամից դառնալու է 160 հազար: Սա, ուղղակի, նոնսենս է, աբսուրդի ժանրից է: Դրույքաչափն այդքան բարձրացնելը պետք է հիմնավորվի: Իհարկե, ես էլ եմ կողմ, որ, օրինակ, լինի գոտիավորում եւ Փոքր կենտրոնում այդ դրույքաչափերը բարձրանան, բայց տրամաբանության սահմաններում, ոչ այս կարգի եւ այս չափով: Պարզապես, անհասկանալի է, թե ինչ չափման միավորով են առաջնորդվել, ինչու է այդ գինը սահմանվել: Եթե նախկինում կայանելու մեկ ժամն արժեր 100 դրամ, հիմա դառնում է 300 դրամ, այսինքն՝ ունենում ենք 200 դրամի փոփոխություն, ավելանում է եռակի: Իսկ տարեկան վճարը՝ 12 հազար դրամը, բարձրացել է ոչ թե եռակի, այլ տասնապատիկից ավելի:
— Ըստ քաղաքապատարանի տարածած հայտարարության` սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է: Մասնավորապես՝ հաջորդիվ Փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է: Որքանո՞վ է համոզիչ այս արդարացումը:
— Եկեք փաստենք, որ ավտոբուսներ գնելով եւ Երեւանը դրանցով լցնելով՝ քաղաքային տրանսպորտի հարցը չի լուծվում: Տրանսպորտային հարց լուծելու համար հստակ համակարգ է պետք ներդնել, ինչը մինչ այսօր ներդրված չէ Երեւան քաղաքում: Եվ ի վերջո սա անարդար որոշում կլինի մեր քաղաքացիների հանդեպ: Կան բազում բնակիչներ, որոնք բնակվում են փոքր կենտրոնում եւ բակերում ավտոկայանատեղի չգտնելու դեպքում՝ հաճախ իրենց մեքենաները կայանում են հարակից շենքերի փողոցային հատվածներում (օրինակ` Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցների բնակիչները): Այս մարդկանց ֆինանսական կարողությունները հաշվի առնվե՞լ է, ինչպե՞ս են վճարելու այդ 160 հազար դրամը: Կամ բազում տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք իրենց` կլինի խանութի, հյուրանոցի, ռեստորանի, թե սրճարանի դիմացի հատվածը Երեւանի քաղաքապետարանից վարձակալում էին մեկ տարի ժամկետով: Ու հիմա ստացվում է ունենք երկակի ստանդարտ. մի կողմից քաղաքացին վճարելու է 160 հազար դրամ, որպեսզի ունենա ավտոկայանատեղի, մյուս կողմից էլ երբ Փոքր կենտրոնում փորձի ինչ-որ մի տեղ կայանել, խանութի, հյուրանոցի, ռեստորանի աշխատակիցը դուրս է գալու եւ ասելու է՝ գիտեք, այս հատվածը մենք վարձակալել ենք մեկ տարի ժամանակով, դուք իրավունք չունեք այստեղ մեքենա կայանել:
— Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը, ի՞նչ խորհուրդ կտաք՝ որպես Երեւանի ավագանու նախկին անդամ:
— Ավագանու սթափ գիտակցող հարգարժան անդամներն այս նախագիծը պետք է ուղղակի տապալեն, հակառակ դեպքում՝ եթե այն ընդունվեց, պետք է դիմենք փաստաբաններին, որպեսզի այն վիճարկվի դատարանում: Այս տեսքով նախագիծն անընդունելի է: Որտեղի՞ց են վերցրել ու որոշել, որ պետք է սահմանեն 160 հազար դրամ վճար: Էլի պետք է ասեն, թե եվրոպական շատ քաղաքների կենտրոններում ավտոկայանատեղին թա՞նկ արժե: Բայց մեր բնակչության կենսամակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք նման նախագծեր թույլ տալ: Սա դարձյալ դնում է անհավասար պայման աղքատ եւ հարուստ մարդու միջեւ՝ չունևորները չեն կայանի, հարուստների ավտոմեքենաները կկայանեն: Արդար չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ