Զգույշ լինենք ու փակ պահենք մեր երկրի Կերկապորտ դուռը. 75-ամյա մտավորականի էսսեները դառնում են մարգարեություն
Մշակութային
Լրացավ գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը։ Տասնամյակներ շարունակ՝ «Գարուն»-ից մինչեւ «Անդին», ջավախքյան բեղուն գրիչով նա իր ընթերցողին է ներկայացրել հազարավոր էսսեներ, ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ, տասնյակ գրքերի հեղինակ է: Ու ամենակարեւորը՝ որպես մտավորական, երբեք չի լռել եւ այսօր էլ չի լռում՝ իր ծանրակշիռ ձայնը բարձրացնելով այն ամենի վերաբերյալ, ինչ հուզում է իր ընթերցողին՝ հային: Հատկանշական է, որ Տեր-Գուլանյանի մի շարք հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ հետագայում դարձել են ո՛չ ավել, ո՛չ պակաս մարգարեություններ: Այո՛, այն, ինչի մասին վաղօրոք զգուշացրել է մտավորականը, հետագայում թաքել է հայի դուռը, մնում էր միայն ականջալուր լինել: Այս շարքից է նրա «ՃԱԿԱՏԱԳՐԻ ԿԵՐԿԱՊՈՐՏ ԴՈՒՌԸ» էսսեն, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը, ընդ որում՝ այն գրվել է դեռեւս 2014 թվականին:
«Եվ երբ սուլթան Մուրադի եղբայրասպան որդի Մուհամմեդ Երկրորդ տաղանդավոր զորավարն ու նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոնստանդնուպոլիս արեւելյան քրիստոնեության մայրաքաղաքը, կարելի է ասել՝ աշխարհը միանգամից փոխվեց: Այլեւս ոչինչ չարժեին Հռոմի պապի ուշացած հորդորները, եվրոպական տերությունների ճառերն ու հայտարարությունները, ինչպես նաեւ ոչինչ չարժեր վենետիկյան ապաշնորհ նավատորմը, որ եկել էր քաղաքին օգնության: Ուշ էր: Քրիստոնյա թագուհին արդեն բռնաբարվել էր սուրբ Սոֆիա տաճարում, եւ այո, աշխարհը փոխվել էր: Եվ շարունակվում է փոխվել մինչեւ այսօր, երբ Մուհամմեդի անունով ոչնչացվում են հին ու նոր կրոնների բոլոր արժեքները՝ մեր Ջուղայի խաչքարերից մինչեւ Բուդդայի հնագույն արձանները: Հայտնի չէ՝ ով էր բաց թողել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ դարպասներից ամենափոքրը՝ Կերկապորտ կոչված դուռը, որտեղից ներս խուժեցին թուրք սելջուկները, եւ ամեն ինչ ավարտվեց: Չքնաղ Բոսֆորն ու իր հզորությունը արդեն մոռացած Բյուզանդական կայսրությունը այնուհետեւ մտան ընդամենը պատմության գրքեր, հետագայում, իհարկե, նաեւ դասագրքեր:
Սուլթան Մուհամմեդ Նվաճողը մայիսի 29-ին գրավելով արեւելյան քրիստոնեության մայրաքաղաքը՝ տարօրինակորեն իշխեց քսանինը տարի. հետաքրիր զուգադիպություն. սուլթանն ապրեց իր կյանքն ու անցավ, անցան նաեւ Հռոմի պապեր այդ ընթացքում, եվրոպական հզոր տերությունների թագավորներ, բոլորն անցան, բայց Կոնստանդնուպոլիսը մնաց, մնաց թուրքական Ստամբուլ անունով, հիմա էլ է թուրքական եւ մեծ ու հրաշալի քաղաք է:
Այդպես ժամանակին մեր եկեղեցու կողմից երեւելի հռչակված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ որպես Կերկապորտ դուռ, Անին վաճառեց Բյուզանդիային, քաղաք, որ չկարողացավ գրավել նույնիսկ Արեւելքի մեծ զինվոր Լենկ-Թեմուրը, զորավար, որի առաջ սասանվում էր ամբողջ Արեւելյան աշխարհը: Երբ Բյուզանդիան փողով գնում էր Անին՝ չհասկացավ, սակայն, որ թուլացնելով Հայաստանը՝ սելջուկների դեմ ճանապարհ բացեց դեպի Կոնստանդնուպոլիս:
Եվ դա տեղի ունեցավ ընդամենը հինգ հարյուր տարի առաջ, այնինչ Կոնստանդնուպոլիսը հազարամյակների պատմություն ուներ, եւ քաղաքակիրթ աշխարհը այդպես էլ չհասկացավ իր մեծ կորուստը։
Ցավոք, այսօր էլ չեն հասկանում, ինչպես որ չեն հասկանում Հայոց Կիլիկիայի վերջին արձագանք Քեսաբ քաղաքի ողբերգությունը: Չհասկացան եւ կորցրեցին Բյուզանդիան, Արեւմտյան Հայաստանը, հունական Պոնտոսը, Հայոց Կիլիկյան թագավորությունը:
Այնինչ, կարծում եմ, եթե քաղաքակիրթ աշխարհը իրեն հռչակում է արդարության եւ իրավունքի պաշտպան, պիտի այսօր ձայն բարձրացնի եւ Կոնստանդնուպոլիսը հռչակի Թուրքիայից անկախ քաղաք-պետություն՝ նեղուցներին տիրելու իրավունքով, ինչպես անկախ է Վատիկանը:
Այդպես կարծում եմ, մտածում եմ, սակայն, որ քաղաքակիրթ աշխարհի հետնամուտքում մի ճակատագրական դուռ կա Կերկապորտ անունով, որտեղից ներս է հոսում մեծ տերությունների մշտական շահը՝ թուրքերի կերպարանափոխված տեսքով:
Այդպես մտածում էի ու վախենում մեր մեծ ժողովրդի ու մեր փոքր երկրի համար։ Տեր Աստված, զգույշ լինենք ու փակ պահենք մեր երկրի Կերկապորտ դուռը, քանզի ամեն երկիր իր Կերկապորտ դուռն ունի…», - գրել է նա:
Շնորհավո՛ր հոբելյանդ, Մերուժան Տեր-Գուլանյան….