ՀՀ իշխանությունն օգտագործում է Սամվել Բաբայանին. Ձյունիկ Աղաջանյան
Ներքաղաքական
Ըստ Նիդերլանդների Թագավորությունում, ապա Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր արդեն նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ` դատելով ներկայիս իշխանությունների վերջին հայտարարություններից` նրանք արդեն լծվել են Արցախի կորուստը հանրությանը մարսեցնելու գործին:
— Իրենց ծրագրային քաղաքականությունն իրականացնելու համար ՀՀ իշխանությունն օգտագործում է տարբեր մարդկանց, նրանց թվում է Սամվել Բաբայանը: Մենք հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում նա ինչ-որ անհայտ ճանապարհներով հայտնվեց Արցախում: Եվ Արցախում հայտնվելուց հետո շատ ակտիվ սկսեցին ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ որոշակի սադրիչ գործողությունների իրականացումը: Ամբողջ նպատակը արցախյան հանրության մեջ պառակտում եւ բախում առաջացնելն էր: Սակայն արցախահայերը տուրք չտվեցին նման սադրանքներին, եւ Սամվել Բաբայանը քայլերթով դուրս եկավ Արցախից` շարունակելով իր գործունեությունը: Բաբայանի ինքնակամ հայտնվելը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում եւ որոշակի մեկնաբանություններով մամուլը լցնելը բավական մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք էլի նույն ձեռագիրը` ամենատարբեր թեզեր առաջ մղելով` տեղեկատվական քաոս ստեղծել, մի հստակ միտումով` շեղելու մեղավորության սլաքները գործող իշխանությունից, բարդելով Արցախի ղեկավարության վրա` փորձել արդարացնել նաեւ իրեն ու իր գործողությունները: